«Չափից դուրս անկեղծ ներկայացում» Վարդան Պետրոսեանի կողմից

25.11.2009
Սեդա ՊապոեանՊիոներական տարիներից մինչեւ 90-ականների Երեւան, յետոյ փախուստ դէպի Ֆրանսիա ու «անվերջ վերադարձ» դէպի սիրելի Երեւան:
Դերասան Վարդան Պետրոսեանը իր նոր ներկայացումը կոչել է «Խոստովանութիւն թատրոնում», որը «Մաքսլիբերթի»-ի հետ զրոյցում բնորոշեց որպէս «չափից դուրս անկեղծ ներկայացում»: Իր նախորդ բոլոր ներկայացումներից սա առանձնանում է խիստ անձնական լինելու փաստով, որի դէպքում հնարաւոր չի եղել խուսափել բացայայտ թափանցիկութիւնից:
Առաջին անգամ բեմից Վարդան Պետրոսեանը պատմում է միայն իր մասին, անցնում իր կեանքի բոլոր փուլերով ու հանդիսատեսին ստիպում վերապրել դրանք իր հետ միասին:
Իր մասին անկեղծ այս խոստովանութիւնը պատրաստելիս Վարդան Պետրոսեանը մի շատ կարեւոր մտավախութիւն է ունեցել` չանցնել անկեղծութեան սահմանն ու չանտեսել թատրոնի պարտադրած պայմանականութիւնները: Մտավախութիւնների շարքում պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ բեմից ինքնակենսագրութիւն ներկայացնելիս անհամեստ է խօսել նւաճումների մասին: Դերասանը հետաքրքիր լուծում է գտել` առաջարկելով «ծիծաղել իր նւաճումների ձախողումների վրայ»:
Դեռ այս տարւայ մարտից Վարդան Պետրոսեանը միաժամանակ 4 թատերական նախագծերի վրայ էր աշխատում` շեքսպիրեան Ռիչարդ 3-րդ, քաղաքական սատիրայով հերթական մենաներկայացում, բուլվարային կատակ-ներկայացում սեռերի փոխյարաբերութիւնների մասին, նաեւ երաժշտական մի ներկայացում: Բոլորը, սակայն, աւելի թոյլ են գտնւել, քան անկեղծ խոստովանութիւնը:
Ի դէպ, իր ինքնակեսգարութիւնը բեմադրելու պատասխանատւութիւնը Վարդան Պետրոսեանը դրել է իգական սեռի ուսերին` վստահելով այն Նարինէ Մալեանին:
Այս ներկայացման մէջ Վարդան Պետրոսեանը մենակ չէ բեմում, այլ 4 երաժիշտների հետ, ովքեր իրենց երաժշտութեամբ ու համր միջամտութիւններով լրացնում են մտերմիկ միջավայրն ու հանդիսատեսի հետ անմիջական շփման պայմաններ ստեղծում: Դերասանը մինչ այդ չի վախենում խոստովանել, որ Երեւանից հեռանալը «փախուստ էր ինքն իրենից»:
Վարդան Պետրոսեանը Երեւանից դուրս` գիւղում, փոքրիկ մի տնակ է կառուցել, որը գերզբաղւած առօրեայում դեռ չի հասցնում վայելել: Այդուհանդերձ, շարունակում է համատեղել փարիզեան ու երեւանեան կեանքը, հոկտեմբերին հասցրել է մի քանի ելոյթներ ունենալ Փարիզում, հիմա խաղում է «խոստովանութիւնն» ու չի շտապում այլ խոստումներ տալ:

0 Պատգամ: