Միջնորդներն առաջընթաց են արձանագրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միւնխենեան բանակցութիւններում


ԵՐԵՒԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԷՍ:«Բանակցութիւններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրւել»,-նոյեմբերի 22-ին Միւնխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիէւի միջեւ տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ լրագրողիներին ասել են ԵԱՀԿի Մինսկի խմբի համնախագահները:
«Միաժամանակ, մենք պարզել ենք որոշակի դժւարութիւն»,-աւելացրել է ֆրանսիացի համնախագահ Բեռնար Ֆասիէն: Կողմերի միջեի բանակցութիւններն ընթացել են Միւնխէնում Ֆրանսիայի գլխաւոր հիւպատոսի նստավայրում եւ տեւել են շուրջ չորս ժամ, ինչը, ըստ Բ. Ֆասիէի, «ցոյց է տալիս, թէ որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ»: Նշելով, որ միւնխենեան բանակցութիւնները վեցերորդն են այս տարւայ ընթացքում` Բ. Ֆասիէն փաստը համարել է աննախադէպ` «այս հարցի շուրջ ընթացած բանակցութիւնների ողջ պատմութեան մէջ», աւելացնելով, որ դա վկայում է բանակցութիւնների դինամիզմի եւ լրջութեան մասին:
«Այսօրւայ հանդիպումը յատկապէս երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնոյթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ` բոլոր այն հիմնական տարրերի վերաբերեալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնութիւն չկայ»,-ասել է նա` ացելացնելով, որ որոշ տարրեր քննարկւել են առաջին անգամ` «մանրամասն եւ խորը ձեւով»:
«Այս քննարկումները հնարաւորութիւն տւեցին նախագահներին, ինչպէս նաեւ համանախագահներին որոշել առաջընթացի ճշգրիտ տարրերը: Այսօրւայ բանակցութիւնները հնարաւորութիւն են տւել նաեւ որոշել այն դժւարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծւել»,-նշել է Բ. Ֆասիէն: Ըստ նրա` եկու երկրների նախագահները յանձնարարել են միջնորդներին լուծել այդ դժւարին խնդիրները:
Միաժամանակ պատասխանելով այն հարթին, թէ որն է այն ամենակարեւոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերւել, Բ. Ֆասիէն ասել է, որ իրենք պայմանաւորւածութիւն ունեն չհրապարակել բանակցութիւնների մանրամասները. «Դա պէտք է անեն իրենք` նախագահները: Սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրւայ բանակցութիւններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրւել»:
Լրագրողների հետ հանդիպմանը համանախագահներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւի վերջին յայտարարութեանը` բանակցութիւններում առաջընթաց չարձանագրելու դէպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգաւորելու մասին: «Պատերազմը ոչ մի դէպքում չի կարող այլընտրանք լինել:
Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ յստակ կերպով, որ Մոսկւայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարութիւնները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»,-ասել է Բ. Ֆասիէն:
Ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովն էլ նկատել է, որ այս կամ այն յայտարարութիւնը կարող է պայմանաւորւած լինել ներքաղաքական կեանքի հանգամանքներով. «Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցութիւնների այս նուրբ պահին աւելի լաւ է ձեռնպահ մնալ միմեանց հանդէպ ծայրայեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առաւել եւս` ուժային լուծման հնարաւորութեան մասին»,-ասաց նա` յոյս յայտնելով, որ կողմերը հաշւի կառնեն համանախագահող երկրերի այս դիրքորոշումը:

0 Պատգամ: