ՎԵՐՋԱՊԷՍ Ո՞ՐՆ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրեայ այցով մեկնել է Մոսկւա, ուր եկեղեցու գմբէթի խաչ է օծելու: Այցից մի քանի օր առաջ Թբիլիսիում փլւեց հայկական Սուրբ Գէորգ եկեղեցին: Թւում է, որ տրամաբանական կլինէր, եթէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնար ոչ թէ Մոսկւա, այլ հէնց Թբիլիսի, քանի դեռ այնտեղ կան կանգուն եւս մի քանի հայկական եկեղեցիներ:
Մոսկւայի եկեղեցու գմբէթի խաչը թերեւս առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի էլ կարող էր օծւել: Բայց Մոսկւա այցելելը յաճելի է: Այնտեղ մեծաթիւ, եւ թերեւս ինչն առաւել կարեւոր եւ էական է՝ մեծահարուստ հայ համայնք կայ, այնտեղ եկեղեցիները չեն քանդւում, այլ շինւում են, ու պէտք է ընդամէնը օծել եւ օգտւել հիւրասիրութիւնից եւ պատւից, որ մեծահարուստ հայ համայնքը անկասկած կցուցաբերի Ամենայն Հայոց Հայրապետի հանդէպ:
Իսկ Թբիլիսիում խնդիրներ կան, որոնք ունեն լուծման կարիք: Այսինքն այնտեղ այցելելը աշխատանք է պահանջում, պահանջում է ջանք՝ ի պաշտպանութիւն հայկական եկեղեցիների: Թերեւս այդ ջանքի, ոչ թէ Վրաստանի իշխանութեան հգոտարութեան բացակայութեան պատճառով փլւեց Սուրբ Գէորգ եկեղեցին: Վրաստանի իշխանութիւնը հոգատար չէ, ու չի էլ լինի:
Եթէ մենք յայտարարում ենք, որ այդ եկեղեցիները մերն են, ապա էլ ինչու ենք դժգոհում մեր ապրանքի հանդէպ օտարի անտարբերութիւնից: Չէ որ դա մեր ապրանքն է, մենք պէտք է հոգատար եւ ուշադիր լինենք դրա հանդէպ եւ պէտք է ջանք գործադրենք այն պաշտպանելու համար: Ինչ ջանք է գործադրել Հայ Առաքելական եկեղեցին եւ նրա առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նման դէպքերում սովորաբար ասում են, թէ իրականում եկեղեցին ու Կաթողիկոսը աշխատում են, աշխատում են լուռ եւ յամառ, բայց մենք չիմանալով այդ մասին, անտեղի եւ անհիմն քննադատում ենք նրանց: Մի կողմից զարմանալի է, որ այդ աշխատանքի մասին տեղեկատւութիւնը սովորաբար պահւում է չգիտես ինչու գաղտնի, իսկ ահա եկեղեցի օծելու այցերի եւ արարողութիւնների մասին տեղեկատւութեան օպերատիվութիւնը կարող է մրցակցել անգամ համաշխարհային յայտնի տեղեկատւական գործակալութիւնների օպերատիվութեան հետ:
Ինչու եկեղեցին չի ցանկանում, որ իր եւ Կաթողիկոսի ջանքերը, որոնք ուղղւած են օրինակ Վրաստանի հայկական եկեղեցիների պաշտպանութեանը, դառնան յայտնի: Սովորաբար այդպիսի դէպքերում ասում են, թէ յայտնի լինելու պարագայում դրանց արդիւնաւէտութիւնը կը նւազի: Կարծես եկեղեցին Ղարաբաղի խնդիր է լուծում ու դրա համար պէտք է բանակցային գաղտնիութիւն պահել:
Երեւի աւելի արդիւնաւէտ է, երբ բանակցութիւնը ընթանում է գաղտնի, իսկ եկեղեցիները բացայայտ փլւում են: Հետեւաբար, կամ իրականում ոչ մի բանակցութիւն էլ չկայ եւ գաղտնիութիւնը, կամ փակ լինելն ընդամէնը ոչինչ չլինելը սքողելու համար է, կամ եթէ այդ փակ եւ ոչ հրապարակային ջանքը գործադրւում է, այն ոչ մի բանի պէտք չէ, քանի որ հայկական եկեղեցիները միեւնոյն է փլւում են:
Իսկ գուցէ դրանց կանգուն մնալուն աւելի նպաստեր այն, որ փակ կամ ոչ հրապարակային “ջանքերի” փոխարէն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վեր կենար ու մի օր բացայայտ գնար Թբիլիսի, իր հոտի վիրահայ անդամներին այցելութեան եւ այնտեղ փորձեր հրապարակաւ հանդէս գալ հայկական յուշարձանների պաշտպանութեամբ:
Ընդհանրապէս, առկայ իրադրութիւնը կարծես թէ բաւական սրութեամբ յիշեցնում է մի հարց՝ ընդհանրապէս որն է Ամենայն Հայոց Հովւապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նշանակութիւնը, դերը, գործառոյթն ազգային կեանքում: Նա ընդամէնը խորհրդանշական մի անձ է, որին միայն պէտք է յարգել ու պատւե՞լ, եւ որից ոչինչ չի կարելի պահանջել, հոգեւոր խօսքից եւ օրհնանքից բացի, թէ՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարդ է, որը հոգեւոր նշանակութիւնից ու դերից բացի պէտք է աշխուժօրէն մասնակցի ազգային կեանքին վերաբերող խնդիրների եւ երեւոյթների քննարկմանը:
Եթէ Կաթողիկոսը միայն խորհրդանիշ է, Սրբութեան Սրբոց, ապա գուցէ նա ընդհանրապէս պէտք է Էջմիածնի իր նստավայրից դուրս չգայ՝ թէ եկեղեցիներ օծելու, թէ եկեղեցիներ փրկելու գործից մնալով անմասն եւ մտածելով միայն հոգիներ փրկելու մասին:
Իսկ եթէ Կաթողիկոսը մարդ է, որն ընտրւում է մարդկանց ընտրութեամբ, ով մարդկանց ծառայելու առաքելութիւն ունի, ով շնորհաւորանքներ է ստանում մարդկանցից, պէտք է պատրաստ լինի նաեւ մարդկանց հետ եւ մարդկանց համար քննարկել համազգային խնդիրներ եւ որոնել դրանց լուծումները:
ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment