Կառավարութիւնն արձանագրութիւնները ներկայացնում է Սահմանադրական դատարան. իսկ յետո՞յ...
Յարութ Սասունեան
Նոյեմբերի 19-ին նախագահ Սերժ Սարգսեանը հայ-թրքական արձանագրութիւններն աննկատ, առանց հրապարակային յայտարարութեան ներկայացրեց Սահմանադրական դատարան:
Համաձայն Հայաստանի օրէնսդրութեան, բոլոր միջազգային պայմանագրերը պէտք է ներկայացւեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վաւերացման համար դրանց քննարկումը:
Արձանագրութիւնները հոկտեմբերի 10-ին ստորագրւել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին երկու կողմերը հրապարակաւ պարտաւորւել էին «իրենց բոլոր հնարաւոր ջանքերը գործադրել» արձանագրութիւնները «խելամիտ» ժամկէտում վաւերացնելու համար:
Հաշւի առնելով այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմէդ Դաւութօղլուն հոկտեմբերի 21-ին արձանագրութիւններն արդէն ներկայացրել էր Թուրքիայի խորհրդարան, նախագահ Սարգսեանը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամանակի ընտրութեամբ, հաւանաբար նպատակադրւել էր խուսափել ձգձգման համար վարչապետ Էրդողանի մեղադրանքներից, նրա՝ դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:
Իրօք, շաբաթւայ վերջին մի թուրք պաշտօնեայ մեղադրեց Հայաստանին արձանագրութիւնների վաւերացման ուղղութեամբ քայլեր չձեռնարկելու մէջ: «Հիւրրիէթ» թերթը մէջբերելով բարձրաստիճան մի թուրք դիւանագէտի խօսքերը, գրեց. «Չեմ կարծում, թէ որևէ մէկը ներկայ պահին կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, երբ Հայաստանը մինչ օրս դրանք չի ներկայացրել խորհրդարան»:
Արձանագրութիւնները Սահմանադրական դատարան ուղարկելն ամենևին էլ չի նշանակում, որ հայ պաշտօնեաները մտադիր են դրանք արագօրէն վաւերացնել, քանզի նրանք յայտարարել էին, որ կը սպասեն, որ նախ Թուրքիան դրանք վաւերացնի: Բացի այդ, թուրք ղեկավարներն արձանագրութիւնների վաւերացումը շարունակ կապում են Արցախի հակամարտութեան կարգաւորման հետ, և ընդհանրապէս դեռ հարցականի տակ է արձանագրութիւնների երբևիցէ վաւերացումը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքում նշւած է, որ գործը դատարան ներկայացնելուց յետոյ առաջին քայլով դատարանի անդամներից մէկին յանձնարարւում է նախնական ուսումնասիրութիւն իրականացնել 15-օրեայ ժամկէտում, որը կարող է երկարաձգւել մինչև 10 օրով: Ներկայացման օրւանից սկսած ընդամէնը 90-օրեայ ժամկէտում դատարանը պէտք է յայտարարի իր կայացրած որոշման մասին: Սահմանադրական դատարանի լիազօրութեամբ սահմանւում է, որ դատարանի որոշումը պէտք է հիմք ընդունի ոչ թէ արձանագրութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը, այլև տւեալ միջազգային պայմանագրում ամրագրւած պարտաւորութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը:
Հաշւի առնելով Հայաստանի դատարանների նկատմամբ, ընդհանուր առմամբ հասարակութեան վստահութեան պակասը, հայերի մեծ մասը, յատկապէս նրանք, ովքեր դէմ են արձանագրութիւններին, խիստ կասկածում են, որ Սահմանադրական դատարանը դէմ կարտայայտւի արձանագրութիւնների վերաբերեալ կառավարութեան ունեցած դիրքորոշմանը:
Մամուլի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ առան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի ներկայութեան նպատակայարմարութիւնը, երբ նա ուղեկցում էր նախագահ Սարգսեանին, վերջերս կայացած արտերկրեայ «խորհրդատւական այցի» ժամանակ՝ փորձելով համոզել Սփիւռքի հայերին, որ արձանագրութիւնները արտայայտում են Հայաստանի շահերը:
Հաշւի առնելով ներկայացւած արձանագրութիւնների վճռորոշ բնոյթը և դրանց երկարաժամկէտ ազդեցութիւնը Հայաստանի ազգային շահերի վրայ, ակնկալւում է, որ Սահմանադրական դատարանը այս գործին հետամուտ կը լինի ամենայն լրջութեամբ և պատասխանատւութեամբ: Չնայած հայերի մեծամասնութիւնը գերադասում է, որ դատարանը չհաստատի արձանագրութիւնները, սակայն աւելի հաւանական է, որ այն կը հաստատի դրանք՝ մի քանի յստակեցումներ և մեկնաբանութիւններ յաւելելով, որոնք պայմանագրի անքակտելի մասը կը կազմեն մինչև խորհրդարան ներկայացնելը:
Յուսով ենք, որ այդպիսի յստակեցումները նւազագոյնի կը հասցնեն արձանագրութիւնների կործանարար հետևանքները և թոյլ չեն տայ Թուրքիային սխալ մեկնաբանել պայմանագիրը, յատկապէս միջազգային պայմանագրերին կատարւող յղումները, որոնք կարող են խոչընդոտել հետագայ հայկական պահանջներին, և պատմական ենթայանձնաժողովի ստեղծումը, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
Միւս կարևոր հարցը, որ Սահմանադրական դատարանը կարող է քննարկել, դա այնպիսի պայմանի յաւելումն է, որը Հայաստանի կառավարութեանն իրաւունք կը տայ միակողմանի չեղեալ յայտարարել այս պայմանագիրը, եթէ Թուրքիան վաւերացումից յետոյ կը խախտի պայմաններից որևէ մէկը:Հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելեսում նախագահ Սարգսեանի՝ հայկական համայնքի աւելի քան 60 առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ես Հայաստանի կառավարութեանն առաջարկեցի պաշտօնապէս վերապահում աւելացնել արձանագրութիւններում, որը նրանց իրաւունք կընձեռի պայմանագիրը չեղեալ յայտարարել, եթէ վաւերացումից յետոյ 60-օրեայ ժամկէտում Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը կամ եթէ բացելուց յետոյ փակի այն:
Յատկանշական է, որ նախագահը հրապարակաւ համաձայնեց իմ առաջարկութեանը և այդպիսի վերապահում աւելացնելու պարտաւորութիւն վերցրեց իր վրայ: Արդէն պարզ է դառնում, որ չնայած բոլոր առարկութիւններին, Հայաստանի կառավարութիւնը մտադիր է մինչև վերջ գնալ արձանագրութիւնների հարցում, ուստի Սահմանադրական դատարանը և Հայաստանի Ազգային ժողովը պէտք է ձգտեն նւազագոյնի հասցնել մեր երկրի ազգային շահերին հասցւող անխուսափելի վնասը՝ աւելացնելով որոշակի վերապահումներ և յստակեցումներ մինչև դրանց վերջնական վաւերացումը:
Յարութ Սասունեան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեան
0 Պատգամ:
Post a Comment