Գէորգի Պետրոսեան.–
Հայաստանը նոր տարրեր է մտցրել բանակցային գործընթացում
Հայկական կողմը համաձայնւել է վերադարձնել բոլոր եօթ շրջանները...

«Իրենք դեռ ճշտում են միւնխէնեան հանդիպման մանրամասները: Սա նշանակում է, որ Ղարաբաղեան կողմը ամբողջութեամբ անտեսւած է բանակցային գործընթացում»։


11:14 / 26.11.2009
ԼՂՀ Ազգային ժողովի նոյեմբերի 25-ի լիագումար նիստում, կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամաւոր Գեղամ Բաղդասարեանը ԱԳ նախարար Գէորգի Պետրոսեանին հարցրել է, թէ արդեօ՞ք իրականութեանը համապատասխանում է Euronews-ի այն տեղեկատւութիւնը, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միւնխէնեան հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց է գրանցւել, մասնաւորապէս՝ հայկական կողմը համաձայնւել է վերադարձնել բոլոր եօթ շրջանները՝ պահպանելով, սակայն, Լաչինի միջանցքի վրայ իր վերահսկողութիւնը, և որ սկսւել են շրջանակային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները:
Այս առնչութեամբ Գ. Պետրոսեանն ասել է. «Մենք ներկայում ճշտում ենք բոլոր մանրամասները, բայց արդէն իսկ ունեցած մեր տեղեկութիւնների հիման վրայ կարող եմ ասել, որ էական տեղաշարժ ոչ միայն չի եղել, այլև կողմերը խստացրել են իրենց դիրքորոշումը: Ճիշտ է, մադրիդեան սկզբունքների հիման վրայ են ընթանում բանակցութիւնները, բայց Հայաստանը մի քանի նոր տարր է մտցրել: Իսկ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկութիւններ չունենք»:
Նշենք, որ թէեւ համանախագահները պարբերաբար յայտարարում են, որ իրենք ԼՂ ղեկավարութեանը տեղեկացնում են բանակցային գործընթացի մանրամասներին, սակայն, ինչպէս նշում է Գ. Պետրոսեանը, իրենք դեռ ճշտում են միւնխէնեան հանդիպման մանրամասները: Սա նշանակում է, որ Ղարաբաղեան կողմը ամբողջութեամբ անտեսւած է բանակցային գործընթացում, այնինչ մինչեւ 1998 թւականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկւում էին Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ եւ բանակցութիւնները ունէին եռակողմ ձեւաչափ:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: