ԱՄՆ ՊԵՏ–ԴԵՊԱՐՏԱՄԷՆՏԻ ՊԱՇՏՕՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 30-ին ՀՅԴ Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոն այցելեց ԱՄՆ պետ–դեպարտամէնտի կովկասեան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների գրասենեակի տնօրէն Էթան Ա. Գոլդրիչը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտօնեաների ընկերակցութեամբ։
Է. Գոլդրիչին ընդունեցին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Աղւան Վարդանեանը եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատսխանատու Կիրօ Մանոյեանը։
Արմէն Ռուստամեանը եւ Աղւան Վարդանեանը ներկայացրին Դաշնակցութեան դիրքորոշումը երկրում տիրող ընկերային-տնտեսական խնդիրների, ժողովրդավարութեան ամրապնդման, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների ու Արցախի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացի կապակցութեամբ։
ՀՅԴ ներկայացուցիչները շեշտեցին, որ տարածաշրջանում տեւական կայունութեան ձեռքբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններն իսկապէս լինեն առանց Թուրքիայի կողմից առաջ քաշւող նախապայմանների, իսկ Ղարաբաղի հիմնահարցում միջազգային համայնքը չպէտք է անարձագանք թողնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքները։

0 Պատգամ: