Հայ-վրացական պատերազմի սցենար՝
ըստ փորձագէտի
13:40 • 12.07.10
Եթէ Վրաստանը Հայաստան մտնող գազամուղը վաճառի թուրքական կամ ադրբեջանական ընկերութեան, Հայաստանը հարկ եղած դէպքում պէտք է Վրաստանի դէմ ռազմական գործողութիւններ սկսելով՝ կասեցնի դա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց փորձագէտ Վահէ Սարգսեանը։ Ըստ նրա, թէև գազամուղի վաճառքի վերաբերեալ Վրաստանի պաշտօնական պատճառաբանութիւնն այն է, որ տնտեսութեան ազատականացում պէտք է լինի, սակայն իրականում պատճառներն այլ են։
«Պատճառների առաջին խմբում մի քանի կէտ է առանձնացւում։ Առաջին՝ գազամուղի վաճառքի վերաբերեալ պայմանաւորւածութիւններ կարող են լինել «Գազպրոմի» հետ։ Երկրորդ՝ պայմանաւորւածութիւններ կարող են լինել թուրք-ադրբեջանական ընկերութիւնների հետ, ինչը, սակայն, քիչ հաւանական է։ Երրորդ՝ Արևմուտքի հետ պայմանաւորւածութիւններ կարող են լինեն երրորդ գնորդի հետ կապւած, որի անունը առայժմ ոչ ոք չգիտէ»,- բացատրեց փորձագէտը։
Ըստ նրա՝ գազատարի վաճառքի վերաբերեալ խօսակցութիւններ սկսելու և օրէնսդրական նախաձեռնութիւնն ընդունելու պատճառներից ամենագլխաւորը կարող է լինել այն, որ Վրաստանը դրանով փորձում է գերտէրութիւնների և միջազգային խոշոր կազմակերպութիւնների ուշադրութիւնը հրաւիրել իր վրայ։ «Վրաստանը սիրում է, երբ աշխարհը խօսում է իր մասին, իսկ վերջին շրջանում այդ ուշադրութիւնը կարծես՝ թուլացել էր»,- ընդգծեց բանախօսը։
Սարգսեանը նշեց, որ գազատարի հաւանական գնորդներից են ռուսական «Գազպրոմն» ու ղազախական «Կազտրանսգազը»։
«Հայաստանի համար շատ կարևոր է, թէ ով կլինի ռազմավարական նշանակութեան այս օբյէկտի գնորդը։ Չի կարելի շատ անհանգստանալ, քանի որ նոր գնորդը կարող է աւելի լաւ գործընկեր լինել, քան Վրաստանը»,- նշեց փորձագէտը՝ յիշեցնելով, որ միայն 90-ականներին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղը այդ երկրի անուշադրութեան պատճառով պայթեցւել է 35 անգամ։
Միայն եթէ թուրքական և ադրբեջանական ընկերութիւնները հայտ ներկայացնեն, ըստ փորձագէտի, Հայաստանը պէտք է պայքարի դրա դէմ և միջազգային ատեաններում բարձրացնի հարցը։
«Ադրբեջանին վաճառել գազատարը նշանակում է Հայաստանի շնչափողը կապել մի թելով, որի ծայրերը գտնւում են Ադրբեջանում։ Ցանկացած պահի այդ երկիրը կարող է շնչահեղձ անել Հայաստանը»,- ընդգծեց փորձագէտը։ Նա կարևոր է համարում, որ գազատարի գնորդն ունենայ ոչ թէ քաղաքական, այլ տնտեսական դրդապատճառներ։
Tert.am

0 Պատգամ: