ԵԽ գլխաւոր քարտուղար.–

Պատերազմի վերսկսման
ռիսկն առկայ է
Յուլիս 15, 2010 11:05
168 Պարբերականը հարցազրոյց է տպագրել Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Տյորբյերն Եագլանդի հետ:
*** Ի՞նչ էք կարծում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարի մասին:
* Յուսով եմ, որ վաւերացման գործընթացը կարող է վերսկսւել: Շատ կարեւոր է, որպէսզի կողմերից ոչ մէկը չառաջադրի արձանագրութիւններում չյիշատակւած պայմաներ: Ես չեմ ցանկանում մատնանշել որեւէ կողմի, սակայն, կարծում եմ, կարեւոր է, որպէսզի երկու կողմերն էլ հաւատարիմ մնան գործընթացին: Ես քաղաքական գործիչ եմ եւ գիտեմ, որ դա շատ բարդ քաղաքական գործընթաց է: Սակայն, յոյսով եմ, կողմերը չեն հրաժարւի գործընթացից եւ այն չեն յետաձգի շատ երկար ժամանակով:
*** Դուք հետեւո՞ւմ էք ԼՂ շուրջ բանակցային գործընթացին:
* Այո եւ շատ ուշադիր: Ես գիտեմ, որ վերջերս շփման գծում տեղի է ունեցել չափազանց վտանգաւոր եւ ցաւալի միջադէպ, որը կարող է վերածել աւելի վատ բանի: Յոյսով եմ՝ կողմերը կփորձեն կայունացնել իրավիճակն ու պահպանել հրադադարը:
*** Եւրոպայի խորհուրդը պէ՞տք է արդեօք աւելի ակտիւ դեր ունենայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում:
* Ինչ վերաբերում է բանակցութիւններին ու վերջնական կարգաւորմանը, մենք չենք կարող մասնակցութիւն ունենալ, քանի որ այդ իրաւասութեամբ օժտւած է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Շատ կարեւոր է, որպէսզի բոլորը ընդունեն դա: Կրկնօրինակման ցանկացած փորձ կարող է խճճել գործընթացը: Իսկ եթէ մեզ խնդրեն, մենք կարող ենք աջակցել տարբեր մակարդակներում կողմերի դիրքորոշումների մերձեցման եղանակով:
*** Ի՞նչ էք կարծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հաւանականութեան մասին:
* Պատերազմի վերսկսման ռիսկն առկայ է այնքան ժամանակ, քանի դեռ չկայ վերջնական կարգաւորում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խուսափել այնպիսի միջադէպերից, ինչպիսին տեղի ունեցաւ վերջերս: Ցանկացած էսկալացիա կարող է հեշտութեամբ վերածւել լուրջ բանի եւ դուրս գալ վերահսկողութիւնից: Կցանկանայի յիշեցնել, որ Եւրոպայի խորհրդում ընդգրկւելիս Ադրբեջանն ու Հայաստանը պարտաւորութիւն են ստանձնել հակամարտութիւնը կարգաւորել խաղաղ բանակցութիւնների միջոցով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: