Իրանը ցանկանում է 1 միլիարդ դոլարի հասցնել
Հայաստանի հետ առևտրաշրջանառութիւնը
«Հայաստանը նոյնպէս ցանկանում է զարգացնել տնտեսական կապերը Իրանի
հետ և դրա մասին է վկայում հայկական պատւիրակութեան կազմում
տնտեսական բլոկի նախարարների ընդգրկումը»

Ռահիմի.–«Հայաստանի և Իրանի միջև քաղաքական յարաբերութիւնները
գտնւում են բարձր մակարդակի վրայ»
19:02 • 25.10.10
Իրանը ցանկանում է Հայաստանի հետ առևտրաշրջանառութեան մակարդակը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այս մասին այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպմանը յայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին։ Ըստ նրա՝ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, այնինչ տնտեսականը զիջում է քաղաքականին և շտապ պէտք է այն զարգացնել։ Ռեզա Ռահիմիի խօսքով՝ Հայաստանի հետ առևտրաշրջանառութիւնը կազմում է 400 միլիոն դոլար, ինչը Իրանի բարեկամ այլ երկրների ցուցանիշի համեմատ շատ փոքր ծաւալ է։
Սարգսեանն իր հերթին նշել է, որ Հայաստանը նոյնպէս ցանկանում է զարգացնել տնտեսական կապերը Իրանի հետ և դրա մասին է վկայում հայկական պատւիրակութեան կազմում տնտեսական բլոկի նախարարների ընդգրկումը՝ գիւղատնտեսութեան, էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի։ Ըստ Սարգսեանի՝ Հայաստանի և Իրանի միջև ներկայում ընթացքի մէջ է 4 ռազմավարական ծրագիր՝ Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիր, Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ հաղորդման գծի կառուցման ծրագիր, Հայաստան-Իրան երկաթգիծ, նաւթամթերքի փոխադրման Թաւրիզ-Երասխ խողովակաշարի կառուցման ծրագիր։
Ըստ Սարգսեանի՝ անհրաժեշտ է նախանշել նոր Հայ-Իրանական ռազմավարական ծրագրեր, ինչին ի պատասխան Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցութիւնն այնքան, որքան պատրաստ է հայկական կողմը։ Նա նշել է, որ համագործակցութեան ծրագրեր կարող են իրականացւել զբօսաշրջութեան, գիւղատնտեսութեան, ֆինանսական բնագաւառներում։
Նախագծերի շարքում վարչապետը նշել է, մասնաւորապէս, համագործակցութեան հնարաւորութիւնը անասնաբուծութեան բնագաւառում, Հայաստանում սպանդանոցի (کشتارگاه دامی)կառուցում հալալ ստանդարտներով։ Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանից գնել այնքան ոչխար, որքան Հայաստանը պատրաստ է առաքել։
Tert.am

0 Պատգամ: