Հասարակութեանը մոլորեցնում են՝
քննարկելով «Լեզւի մասին» օրէնքը.
Յայտարարութիւն
09:39 • 20.10.10
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութիւնն այսօր հանդէս է եկել յայտարարութեամբ՝ իր դժգոհութիւնն արտայայտելով այն հարցի առնչութեամբ, որ ԱԺ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով մշտական յանձնաժողովում հոկտեմբերի 20–ին կրկին քննարկման է դրւելու «Լեզւի մասին» օրէնքի լրամշակւած տարբերակը։ Նախաձեռնութիւնը յիշեցնում է, որ պաշտօնական բոլոր յայտարարութիւններով խոստացւել է այդ օրէնքում փոփոխութիւններ չկատարել։ Ստորև ներկայացնում ենք նախաձեռնութեան հաղորդագրութիւնը։
«Սոյն թւականի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացւած «Հանրակրթութեան մասին» և «Լեզւի մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքների նախագծերի վերաբերեալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը պաշտօնապէս յայտարարեց հետևեալը. «...օրէնսդրական փաթեթը հանգամանօրէն քննարկւել է ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսեանի և կոալիցիոն գործընկերների հետ: ... առաջարկւում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացւած օրինագծերը` հիմք ընդունելով հետևեալ մօտեցումները: Հարցը կարգաւորել միայն «Հանրակրթութեան մասին» օրէնքում լրացումներ և փոփոխութիւններ կատարելու միջոցով` օրէնսդրական նախաձեռնութեան փաթեթից հանելով «Լեզւի մասին» օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին օրէնքի նախագիծը»:
Նոյն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման միւս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան յանձնաժողովի նախագահ Արտակ Դաւթեանը և ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը:
Ազգային ժողովի պաշտօնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում յղում կատարելով նախարար Աշոտեանի խօսքին՝ նշւում է, որ «Քննարկումների արդիւնքում փաթեթից հանւել է «Լեզւի մասին» ՀՀ օրէնքում նախատեսւող փոփոխութիւնը: Փոփոխութիւններ կառաջարկւեն միայն «Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքում:»
http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=4125&year=2010&month=09&day=27
Նոյնատիպ յայտարարութիւններ են արել նաև իշխանութեան այլ ներկայացուցիչներ, մասնաւորապէս՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանը (http://aravot.am/am/articles/politics/83767/view), Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը (http://www.oratert.com/arm/armenian/հասարակական/otar.html) և այլն:
Գրեթէ բոլոր լրատւամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են յիշեալ մօտեցումը որպէս իշխանութիւնների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոօնական առարկութիւն չի հնչել:
Լսումներից անմիջապէս յետոյ «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որում, մեջբերելով համապատասխան օրէնքների կէտերը, հիմնաւորւում էր յիշեալ թեզի տկարութիւնն ու օրէնսդրական ակնյայտ հակասութիւնները: Յայտարարութիւնում նաև կոչ էր արւում մատնանշել այն իրաւական հիմքերը և հիմնաւորումները, որոնք թոյլ են տալիս խուսափել օրէնսդրական հակասութիւններից:
Հակառակ սեփական յայտարարութիւններին, ըստ երևոյթին, այդպէս էլ չգտնելով միայն «Հանրակրթութեան մասին» օրէնքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարաւորութիւնը, ԱԺ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնաժողովի թիւ 45 նիստում քննարկման է դրւելու նաև «Լեզւի մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու Կառավարութեան ներկայացրած օրինագիծը: Դրանում ասւած է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնայատկութիւնները սահմանւում են «Հանրակրթութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների բացման հնարաւորութիւնը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու:
http://parliament.am/committees.php?do=show&ID=111149&showdoc=1668&cat_id=180&month=all&year=2010&lang=arm
Սա ոչ այլ ինչ է, քան հասարակութեանը մոլորեցնելու, վերջինիս հանդէպ բացայայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադէպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատւութիւնից զուրկ հեղինակներն ակնյայտօրէն լաւ չեն հաշւարկել իրենց քայլերը: Եւս մէկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգօնութեան՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը»:

Tert.am

0 Պատգամ: