Թեհրանում Բաքւի հակահայ
գործողութիւնները դատապարտման
չարժանացան
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2010
Թեհրանում շարունակւող Մամլոյ եւ լրատւական գործակալութիւնների 17-րդ միջազգային ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ հայկական եւ ադրբեջանական պատւիրակութիւնների միջեւ տեղի ունեցած ընդհարումը երեք օրւայ ընթացքում որեւէ կերպ չհարթւեց, որովհետեւ իրանական կողմը, տեղի տալով ադրբեջանական սադրանքներին եւ հիստերիային, հայկական տաղաւարի պատից հանեց սեփական ձեռքով ամրացրած Հայաստանի խորհրդանիշ ներկայացրած «Մենք ենք մեր սարերը» կամ «Տատի ու պապի» լուսանկարը:
Թեհրանում շարունակւող Մամլոյ եւ լրատւական գործակալութիւնների 17-րդ միջազգային ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ հայկական եւ ադրբեջանական պատւիրակութիւնների միջեւ տեղի ունեցած ընդհարումը երեք օրւայ ընթացքում որեւէ կերպ չհարթւեց, որովհետեւ իրանական կողմը, տեղի տալով ադրբեջանական սադրանքներին եւ հիստերիային, հայկական տաղաւարի պատից հանեց սեփական ձեռքով ամրացրած Հայաստանի խորհրդանիշ ներկայացրած «Մենք ենք մեր սարերը» կամ «Տատի ու պապի» լուսանկարը:
Հայաստանը ներկայացնող «Ազգ» օրաթերթի եւ «PanARMENIAN.Net»-ի լրագրողները փորձում էին կազմակերպիչներին բացատրել, որ յուշարձանը հայկական է, ճարտարապետը՝ հայ, եւ այն ունի բոլոր իրաւունքները՝ ներկայացւելու որպէս Հայաստանի խորհրդանիշ:
«Թեհրանում կան բազմաթիւ հայկական եկեղեցիներ, եթէ դրանք որեւէ ցուցահանդէսի ժամանակ ներկայացւեն որպէս հայկական խորհրդանիշեր, հայկական եկեղեցիներ, դուք կընդդիմանա՞ք», հայկական պատւիրակութեան հարցին իրանցի կազմակերպիչները բացասական պատասխան էին տալիս: Թուրքիայի դրօշի վրայ պատկերւած են լուսին եւ աստղ, արդեօք դա նշանակում է, որ լուսինն ու աստղը պատկանում են միայն Թուրքիայի՞ն հարցին իրանական կազմակերպիչները կրկին համաձայնում են, սակայն «Տատի ու պապի» յուշարձանի վերաբերեալ նրանց վերաբերմունքն անփոփոխ էր:
Իրանական կողմը այդ դիրքորոշումն անւանում էր հաւասարակշռութիւն, սակայն իրականում հաւասարակշռութիւն չնկատւեց: Երեք օրւայ ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ կերպ չփորձեց ներողութիւն խնդրել իրենց լրագրողի ագրեսիւ պահւածքի համար, իրանական կողմն էլ միայն զգուշացրեց, որ նրանք հայկական տաղաւարին չմօտենան, սակայն դա բաւարար չէր, անհրաժեշտ էր յայտարարութիւն տարածել ու բացայայտ դատապարտել ադրբեջանական կողմի պահւածքը:
Այս ամենի համատեքստում հայկական կողմը նախօրէին կազմակերպիչներին վերջնաժամկէտ ներկայացրեց՝ եթէ տաղաւարի պատին «Տատի ու պապի» լուսանկարը չյայտնւի, պատւիրակութիւնը դադարեցնում է իր մասնակցութիւնը ցուցահանդէսին:
Իրանական կողմը խոստացաւ, որ կը գտնի լաւագոյն տարբերակը, սակայն երէկ առաւօտեան պարզւեց, որ լաւագոյն տարբերակը լուսանկարը Երեւանի հրապարակը պատկերող լուսանկարով փոխելն էր, ինչն էլ արժանացաւ հայ լրագրողների վրդովմունքին՝ յայտարարութեամբ, որ անիմաստ են համարում ներկայ գտնւել ազատ խօսքի միակ պաշտպան մամուլին նւիրւած միջազգային ցուցահանդէսին, որտեղ պէտք է ոտնահարւի ազատ խօսքը:
Սակայն, մինչ տաղաւարը լքելը՝ հայկական կողմը անգլերէն եւ պարսկերէն լեզուներով ներկայացրեց իր բողոքն ու բոյկոտի պատճառը, գունաւոր թղթի վրայ բազմացրեց «Տատի ու պապի» լուսանկարը եւ բաժանեց ցուցահանդէսի մասնակից երկրների ներկայացուցիչներին:Լուրը, որ Հայաստանը հրաժարւում է մասնակցել ցուցահանդէսի հետագայ աշխատանքներին, նեարդայնացրեց իրանական կողմին:
Ցուցահանդէսի կազմակերպիչներից մէկը սկսեց հայկական պատւիրակութեան անդամների հետ վիճաբանել եւ արգելել թռուցիկների բաժանումը՝ աւելացնելով, որ մենք դրա իրաւունքը չունենք եւ խախտում ենք ցուցահանդէսի կարգը: Ինչ վերաբերում է նկարի տեղափոխմանը, ասաց, թէ չեն ցանկանում կոնֆլիկտային տարածքում գտնւող որեւէ բան ներկայացնել ցուցահանդէսին:
Դրան ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրեց ադրբեջանական պատւիրակութեան տարածած գիրքը՝ Ղարաբաղի մասին, որտեղ պարսկերէնով հակահայկական քարոզչութիւն էր իրականացւում:Գրքի ներկայութիւնը առաւել նեարդայնացրեց կազմակերպչին: Վերջինս այցելեց ադրբեջանական տաղաւար եւ արգելեց գրքի ցուցադրումն ու տարածումը:
Ուշադրութեան է արժանի այն փաստը, որ հայկական կողմի դիրքորոշմանը կողմ էին մասնակից գրեթէ բոլոր երկրների ներկայացուցիչները:Լիբանանի, Տաջիկստանի, Վիետնամի, Պակիստանի եւ էլի բազմաթիւ երկրների ներկայացուցիչներ մօտենում էին հայկական տաղաւարին եւ յայտարարում, որ ադրբեջանական կողմի յարձակողական պահւածքը արժանի է դատապարտման:
Ի դէպ, Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները մտադիր են ցուցահանդէսի աւարտին յօդւած պատրաստել կատարւածի առնչութեամբ: Իրանահայութեանը տեղեակ պահելու կապակցութեամբ նախօրէին հայկական կողմը ծաւալուն հարցազրոյց է տւել Թեհրանում հրատարակւող «Ալիք» օրաթերթին եւ նորաբաց «Հայելի» կայքէջին:
Մինչ ցուցահանդէսի աւարտը՝ հայկական կողմը մտադիր է մնալ Թեհրանում եւ որպէս այցելու՝ շրջել ադրբեջանական եւ թուրքական տաղաւարներով՝ փորձելով կանխել նրանց կողմից հակահայկական քարոզչութիւնը:
«ԱԼԻՔ»
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ԹԵՀՐԱՆ
«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment