«Այսօր առկայ տնտեսական դանդաղումը և սոցիալական անհաւասարութիւնը
13:54 • 22.10.10
Economist հանդէսի վերլուծական բաժինը պատրաստել է զեկոյց Ադրբեջանում ստեղծւած քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին։ Զեկոյցը թարգմանաբար ներկայացնում է «Ազատութիւն» ռադիոկայանը։Economist-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ նախագահ Իլհամ Ալիևը շարունակելու է ղեկավարել առնւազն մինչև 2014թ., ինչի համար կայ երկու երաշխիք. նախ` Ալիևի վարչակազմը լիովին հսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդիմութիւնն է թոյլ։
Այնուամենայնիւ, 2005-2009 թ թ. տնտեսական բուռն զարգացման համեմատութեամբ այսօր առկայ տնտեսական դանդաղումը և սոցիալական անհաւասարութիւնը սպառնում են կայունութեանը։ Եկամուտների անհաւասարութիւնը կարող է հրահրել զանգւածների զայրոյթը, ինչից գուցէ կփորձեն օգտւել քաղաքական վերնախաւի որոշ դժգոհ տարրեր։
Economist-ի վերլուծաբանների համոզմամբ, չնայած այդ վտանգին` Ալիևը և նրա աջակիցների թիմը կշարունակեն հսկել իրավիճակը, և դրա համար հարկ եղած դէպքում ուժի կդիմեն։
Ալիևի առաջնորդած «Ենի Ազերբայջան» կուսակցութիւնը անցեալ տարւայ մարտին նախաձեռնել է հանրաքւէ, որի միջոցով չեղեալ է յայտարարւել նախագահական ժամկէտների սահմանափակումը։ Դա Իլհամ Ալիեւին ընձեռում է մինչև կեանքի վերջը նախագահելու օրինական հնարաւորութիւն։
Զեկոյցի հեղինակները հանրաքւէի շուտափոյթ անցկացումը բացատրում են իշխող վերնախաւում Ալիևին հնարաւոր այլընտրանքի ի յայտ գալը նախապէս կանխելու ձգտումով։ Թոյլ և մասնատւած ընդդիմութիւնը տեսանելի ապագայում չի կարող սպառնալ նախագահին։
Զեկոյցում ասւում է, որ Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, սակայն Թուրքիայի և Իրանի իսլամիստների ազդեցութիւնը կարող է անհանգստացնել իշխանութիւններին։ Կրօնական ազատութիւնների սահմանափակումը և արմատական տարրերի դէմ իշխանութիւնների գործադրած միջոցները, այդ թւում որոշ մզկիթների փակումը, կարող են դժգոհութիւն առաջացնել մահմեդականների շրջանում և յանգեցնել բողոքների յատկապէս այն դէպքում, եթէ շարունակւի բնակչութեան սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը։
Ադրբեջանում խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան այս տարւայ նոյեմբերի 7-ին, իսկ նախագահական ընտրութիւնները պէտք է անցկացւեն 2013 թւականի հոկտեմբերին։ Economist-ի վերլուծաբանների կարծիքով` «Ենի Ազերբայջան» կուսակցութիւնը նոյեմբերեան ընտրութիւնների արդիւնքում պահպանելու է քաղաքական ասպարէզում գերիշխող դիրքը։ Անցեալ տարւայ դեկտեմբերին «Ենի Ազերբայջան»-ը մեծ առաւելութեամբ շահել է տեղական ընտրութիւնները, որոնք քննադատւել են միջազգային դիտորդների կողմից։
Առաջիկայ ընտրութիւններում ընդդիմութիւնը` «Մուսաւաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցութիւնները, դաշինք են կազմելու, սակայն դրա քաղաքական գործողութիւնները չեն կարող արդիւնաւէտ լինել, քանի որ ընդդիմութեան համար մամուլը մատչելի չէ, չկան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և ուժի մէջ են հանրային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment