Saturday, October 16, 2010

Տաթևը բացեց թևերը

Տաթևը Բացեց Թևերը
15:19 • 16.10.10
Սիւնիքի մարզում քիչ առաջ բացւեց «Տաթևի թևեր» անունը կրող աշխարհի ամենաերկար ճոպանուղին։
Առաջին ուղևորներն էին Սերժ Սարգսեանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազեանը և ճոպանուղու յարակից եօթ գիւղերից մէկական երեխայ։ Նրանք Հալիձորից ճոպանուղով հասան Տաթև։
Տաթևի վանական համալիրի տարածքում կաթողիկոսի հանդիսապետութեամբ տեղի է ունենում օրհնութեան կարգ։
Ճոպանուղու մօտ հաւաքւել է մեծ բազմութիւն։
Ճոպանուղու բացմանը մասնակցելու համար այստեղ են ժամանել բազմաթիւ հիւրեր աշխարհի տարբեր երկրներից։
Նշենք, որ 5,7 կմ երկարութեամբ օդային անցուղին պահում են երեք յենարաններ՝ տեղադրւած երկու կայանների միջև: Կայաններից մէկը գտնւում է Հալիձոր գիւղի վերևում՝ բարձունքի վրայ, իսկ միւսը՝ Տաթևի վանքի շրջակայքում՝ դէպի Տաթև գիւղը տանող ճանապարհի մօտ: Ճոպանուղու մաքսիմալ արագութիւնը կազմում է 37 կմ/ժ, իսկ մէկ ուղղութեամբ ուղևորութեան տևողութիւնը՝ 11 րոպէ: Ճոպանուղու մաքսիմալ բարձրութիւնը կիրճի վրայ 360 մետր է: Իւրաքանչիւր ուղղութեամբ միաժամանակ կերթևեկի մէկական տրամւայ՝ մինչև 25 ուղևոր տարողութեամբ: Տրամւայները պահում են վեց ճոպաններ՝ երեքը իւրաքանչիւրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում: Ճոպանները պատրաստւել են տւալ կառոյցի առանձնայատկութիւնների հաշւարկով: Դրանք կարող են տեղափոխել բեռեր, որոնք 10-15 անգամ գերազանցում են նոմինալ բեռնւածութիւնը: Կառոյցն օժտւած է նաև դիզելային շարժիչով, որը միանում է էլեկտրաէներգիայի անջատման դէպքում:
Տաթև գիւղում առաւօտից տօնական տրամադրութիւն էր: Տաթևի վանական համալիրի տարածքում և ներսում կազմակերպւել էր հայկական աւանդական հիւրասիրութիւն: Տաթև եկած հիւրերին տեղացիները դիմաւորում էին հայկական աւանդական տեսարաններով և հիւրասիրում իրենց բերք ու բարիքով:

Tert.am

1 Պատգամ:

Ամին Թահմասեբի (Երեվան) said...

Սքանչելի երկլեզու տեղեկատվություն է։ Շնորհավորում եմ ձեզ։
Ամին Թահմասեբի։ Պարսիկ ուսանող՝ Երեվան