«Շանթ ու Շանթիկ»ը՝ Երեւանի ճամբին
Կատարւած հրաւէրով՝«Շանթ ու Շանթիկ»՝ը մասնակցում է «Նռան հատիկ» փառատօնին
«Շանթ ու Շանթիկ»ը երեք ներկայացումներով երկու անգամ բեմ է բարձրանալու Երեւանում
«Նռան հատիկ» Հանրապետական մանկա-պատանեկան թատերական 10–րդ փառատօնը տեղի է ունենալու Երեւանում՝ հոկտեմբերի 24–31–ը, որին առաջին անգամ մասնակցում է նաեւ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Շանթ ու Շանթիկ» մանկա-պատանեկան թատերախումբը՝ պրն. Ռուբէն Մկրտիչ Պետրոսեանի ղեկավարութեամբ։
Մասնակցելով նրանց փորձին՝ դիտեցինք թէ՛ ղեկավարի բծախնդիր մօտեցումները, եւ թէ՛ մանուկ, պատանի եւ ինչու չէ նաեւ երիտասարդ դերակատարների տքնաջան աշխատանքները, որոնցին ոմանք արդէն շուրջ 17 տարի է , ինչ ընտելացել են ջանասէր ղեկավարի աշխատանքային ոճին ու եղանակին։
Դիտելով փորձը՝ այս կապակցութեամբ զրոյց ունեցանք պրն. Մ. Պետրոսեանի հետ. «Այդ փառատօնը արդէն մի քանի տարի է, որ տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք անգամներ հրաւիրւել ենք, բայց տարբեր պատճառներով՝ մեզ չի յաջողւել մասնակցել դրան։ «Մենք յաջող ներկայացումներ ենք ունեցել Թեհրանում, եւ որոշել ենք դրանց ծաղկաքաղը ներկայացնել «Նռան հատիկ» փառատօնին: Նա աւելացնում է, որ խումբը պիտի հոկտեմբերի 23–ին արդէն Երեւանում լինի, եւ փառատօնն արդէն սկսւում է հոկտեմբերի 24–ին եւ տեւելու է մինչեւ հոկտեմբերի 31–ը։
Պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանը ներկայացումների մասին ասում է, թէ փառատօնում բեմ են հանելու Յովհաննէս Թումանեանի՝ «Կիկոսի մահը», «Շունն ու կատուն» եւ «Չարի վերջը» ներկայացումները։ Խումբը Վարչութեան ներկայացուցիչի , ծնողների եւ օգնականների հետ միասին՝ շուրջ 30 հոգանոց կազմ է ունենալու։ Նա աւելացնում է ներկայացումները կը լինեն հոկտեմբերի 29–ին եւ 30–ին, ու խոստումներ կան նաեւ տեսարժան վայրեր այցելելու մասին, սակայն մեր նպատակը առաւելաբար Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Շանթ ու Շանթիկ» մանկա-պատանեկան թատերախմբի կարողութիւնների ներկայացումն է եւ դրանից աւել սպասելիքներ չունենք»։
«Շանթ ու Շանթիկ» թատերախումբը բաժանւած է երկու խմբերի. կարմիր եւ կապոյտ։ Կարմիր խմբի պատասխանատու Մեղեդի Սիրիկեանը իր ուրախութիւնը յայտնելով «Նռան հատիկ» Հանրապետական մանկա-պատանեկան փառատօնին մասնակցելու համար՝ նշում է, թէ խմբի անդամները արդէն պատրաստ են իրենց արւեստն ու տաղանդները Հայաստանում ներկայացնելու համար։
Մեղեդին աւելացնում է թէ արդէն որոշւել է ծնողներից բաղկացած իրենց ընկերակցող պատասխանատուական խումբը։ Նա նշում է, թէ իրենց խմբին տրամադրւել է մէկ ժամ, որի ընթացքում պիտի ներկայացնեն Յ. Թումանեանի «Կիկոսի մահ»–ը, «Շունն ու կատուն եւ «Չարի վերջը» բեմադրութիւնները։ Տքնաջան աշխատող ղեկավարը այն կարծիքի է, թէ « Շանթ ու Շանթիկ» խմբում կան իսկական տաղանդներ ու ընդունակութիւններ որոնց նկատմամբ յատուկ ուշադրութիւն է հարկաւոր, քանի որ նրանք կարող են հէնց այս ասպարէզում փայլուն ապագայ ունենալ։
Նա աւելացնում է « Այս խումբը արդէն 21 տարւայ անցեալ ունի, եւ անդամները սկսած երեք տարեկանից մինչեւ աւելի բարձր տարիքներ՝ ազգային ուղղութիւն ունենալուց բացի՝ նաեւ այստեղ միմեանց յարգել են սովորում. մի բան որ այս օրերում ուրիշ տեղեր շատ քիչ ենք հանդիպում»: Պրն. Ռուբէնը շեշտելով ընդգծում է, որ թատրոնը արւեստի այն բնագաւառն է, որին յատուկ ուշադրութիւն պիտի դարձւի եւ յատուկ խնամքի ներքոյ՝ պիտի զարգանայ եւ նւաճումներ արձանագրի։
Նա համոզւած է, որ առաջին հերթին կարեւորը դպրոցը, դասն ու ուսումն է, բայց նոյնքան կարեւոր են միութենական աշխատանքները եւ այս պարագայում՝ թատրոնը։ Իհարկէ, այլ բան է արհեստավարժ թատրոնը, բայց եթէ ներդրումներ կատարւեն այս խմբի վրայ, հոգատարութեան իմաստով, չնայած յաւակնութիւններ չունենք, բայց այս երեխաներից կարող ենք կարող դերասաններ պատրաստպել։ Պրն. Պետրոսեանն աւելացնում է, որ միայն թատրոնը չէ, որ կարեւոր է մեզ համար, միութենական եւ հաւաքական աշխատանքը եւս խիստ անհրաժեշտ է, այնպէս որ այցելութիւններ ենք կատարում տարբեր հիմնարկներ, որոնցից է «Ակունք» կենտրոնը եւ այլն։
Նա բացատրութիւններ տալով «Շանթ» ու Շանթիկ»-ի տարիքային բաժանումների մասին՝ տեղեկացրեց թէ` Հայաստանից վերադառնալուց յետոյ յարմար առիթով պիտի բեմադրենք «Պապն ու շաղգամը» թատերգութիւնը, որտեղ խաղում են թէ՛ փոքրերը, եւ թէ՛ մեծերը, թէ՝ «Շանթ»ը, եւ թէ՛ «Շանթիկ»-ը ։
Չափազանց գնահատելի, է պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանի համբերատար ու միաժամանակ խստապահանջ աշխատանքը՝ այս տարիքի երեխաներին թատրոն եւ խաղարկութիւն սովորեցնելու համար։

ԻՆՉՊԷՍ ԿԱԶՄԱՒՈՐՒԵՑ «ՇԱՆԹ ՈՒ ՇԱՆԹԻԿ»Ը

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը իր կազմաւորման օրւանից, մեծ ներդրում է ունեցել արւեստի եւ գրականութեան բնագաւառներում, եւ տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է բազմաթիւ երգչախմբեր, պարային համոյթներ ու թատերախմբեր։
Հ.Մ.Ա.Կ.–ի աչս գործելաոճի շարունակութեամբ, 1983 թւականին, հիմք դրւեց մանկաան թատերախմբի՝ 8 – 15 տարեկան մանուըկների ու պատանիների համար։ 1989 թականին, այս բաժանմոնքի պատասխանատւութիւնն ու ղեկավարութիւնը յանձնարարւեց պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանին։
Նա տարիներ թատերական ասպարէզում փորձ է կուտակել, վաստակաւոր բեմադրիչներ՝ Արամայիս Աղամալեանի, Էլօ Նազլումեանի եւ Հայաստանից ժամանած՝ Աշոտ Ադամեանի թատրոնի ստուդիաներում։ Աշխատանքն ստանձնելուց անմիջապէս յետոյ, պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանը հիմնադրեց «Շանթիկ» մանկական եւ հետագային՝ «Շանթ» պատանեկան – երիտասարդական թատերախմբերը։
Այս երկար տարիների ընթացքում, առանց դադարի, ամենայն բծախնդրութեամբ ու կարգապահութեամբ, եւ առանց նիւթական ակնկալիքի, երկու խմբերն էլ ղեկավարել է թատրոնի նւիրեալ, անանձնական միութենական՝ պրն Ռուբիկ Մ. Պետրոսեանը։Արդէն իսկ «Շանթ ու Շանթիկ» դարձած այս տատերախմբերին մասակցում են աւելի քան 30 մանուկ, պատանի եւ երիտասարդներ, ու շաբաթական երեք պահ թատրոնի դասընթացներում զբաղւում են գրականութեամբ, պարապում են երգ ու ասմունք եւ կատարում են դերասանական վարժութիւններ։
1989 թւականից սկսեալ՝ թատերախումբը ունեցել է բազմաթիւ ներկայացումներ, որոնցից կարելի է յիշատակել՝ «Ակամայ Մեռելներ», «Փոքրիկ Երաժիշտը», «Ծոյլ Մակարը», «Տէրն ու Ծառան», «Ճստիկ Մստիկներ», «Ագահութեան Վերջը», Յովհաննէս Թումանեանի ծննդեան 125– ամեակին նւիրւած՝ «Շունն ու Կատուն», Չարի Վերջը», «Կոյրերի Կարծիքը», «Բարեկենդանը», ապա «Որոշեցի ես հայրիկի ու մայրիկի սիրելին դառնալ», «Հայելի», «Մուտքի քննութիւն», «Ակոբ», «Գասպար Աղան սափրիչանոցում», «Էշին կարդալ սովորեցնելը», «Մելիքի հօր ոորմաթասը», «Կորած զրօ», «Ագահ առեւտրականը», «Ես ո՞վ եմ», «Անյոյս Կոյսը», «Պաշտընս է խռմփալ», «Ծոյլեր», «Մամադ քննութիւնը գերազանց կը յանձնի», «Գոնէ ասա պուպ», «Գառնուկը», «Թռչող ափսէից իջած մարդը», «Նախշուն զոքանչներ», «Կեանքը պատերազմ է, մահը վայրկեան», «Վերադարձ», «Հաջի Սուլէյման», «Պատգամ», նւիրւած՝ տառերի գիւտի 1600 ամեակին, «Ասմուքի մրցութիւն», «Որսորդներ», «Սափրիչանոցում», «Զոքանչի ընտրած ուղին»։
«Շանթ ու Շանթիկ» թատերախմբի վերջին ներկայացումները 2009 թւականին եղել են՝ «Չարի վերջը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», եւ «Բարեկենդանը», որոնք նւիրւել են Ամենայն Հայոց Բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 140 ամեակին։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Այսպիսով, Հայաստանի Հանրապետութեան «Նռան հատիկ» Հանրապետական մանկա-պատանեկան թատերական 10–րդ փառատօնի հրաւէրով, Շանթ ու Շանթիկ» թատերախումբը թւականիս հոկտեմբերի 22–ին մեկնում է Հայաստան։ Կացութեան վայր է նշանակւել Երեւանի «Բլէյեան» դպրոցը։ Խումբը իր երեք ներկայացումները բեմադրելու է հոկտեմբերի 29 եւ 30– ին ։ Փառատօնի բացումը տեղի է ունենալու հոկտ. 25–ին իսկ փակումը՝ հոկտ. 31–ին։
Խումբը Թեհրան է վերադառնալու՝ Նոյեմբերի 1–ին։ Կատարեալ յաջողութիւն ենք մաղթում թէ՛ խմբին եւ թէ՛ ղեկավարին՝ «Նռան հատիկ» Հանրապետական մանկապատանեկան թատերական 10–րդ փառատօնի ընթացքում եւ միւս աշխատանքներում։

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային Կապ
Հ.Մ.Ա.Կ.–ի Պաշտօնական Կայքէջից

0 Պատգամ: