ԼՂՀ կայացման գործում
լրագրողներն անգնահատելի
առաքելութիւն ունեն
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան` հայկական երկրորդ պետականութեան կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպէս նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելութիւնը»

Լեռնային Ղարաբաղի Հարապետութեան կայացման, միջազգային ճանաչման ու զարգացման գործում լրագրողներն անգնահատելի առաքելութիւն ունեն: Նախօրէին Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակէտ է արտայայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսանը:
Սիւնքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպելով Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակից սփիւռքահայ լրագրողներին` նախագահ Սարգսեանը նախ բոլորին շնորհաւորել է մամուլի օրւայ կապակցութեամբ: Այնուհետև ողջունելով Մայր հայրենիք գալու փաստը` հանրապետութեան ղեկավարը խօսել է արդի աշխարհում լրատւամիջոցների ու լրագրողների, տեղեկատւութեան ու դրա օպերատիւութեան ունեցած դերի, ինչպէս նաև` Հայկական սփիւռքում հայկական մամուլի ունեցած իւրայատուկ առաքելութեան մասին, որն էական է յատկապէս հայապահպանութեան առումով:
Միաժամանակ նախագահ Սարգսեանը խօսել է Հայաստանի և հայութեան առջև ծառացած մարտահրաւէրներին դիմակայելու գործում Հայ լագրողների ու հայկական լրատւամիջոցների անելիքի մասին. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան` հայկական երկրորդ պետականութեան կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպէս նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելութիւնը: Պէտք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած յաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիւանագիտութեան ոլորտում: Իսկ հակաքարոզչութեանը դիմագրաւելու և հիմնախնդիրը միջազգային հանրութեանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաստանի և Սփիւռքի լրատւամիջոցների, ինչպէս նաև օտար լրատւամիջոցների Հայ լրագրողների հրապարակումների դերակատարութիւնը: Ստեփանակերտում կազմակերպւած համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապէս ուսումնասիրելու, այն ներսից ճանաչելու, Արցախի հիմնախնդիրները և այսօրւայ արցախցու հոգսերը հասկանալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր էք գրելու և շատ ու շատ սիւժեներ էք պատրաստելու այդ ամէնի մասին»:
Լրագրողների դերը նախագահը կարևորել է նաև Հայ Դատի համատեքստում: «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում նոյնպէս հետագայ առաջընթացը հնարաւոր է արագացնել միայն լրատւական դաշտի լայնամասշտաբ աջակցութեան պայմաններում: Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիստական աշխատանքների արդիւնաւէտ կազմակերպմանն էապէս կարող են նպաստել լրատւամիջոցները»,- ասել է նախագահ Սարգսեանն ու նշել, որ նշւածին զուգահեռ Սփիւռքի լրատւամիջոցները «նշանակալի ներդրում ունեն հայապահպանութեան, հայկական ազգային մշակոյթի պահպանման ու տարածման գործում»:
«Լրատւական համահայկական միասնական դաշտ ձևաւորելու և մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ու մարտահրաւէրներին դիմագրաւելու գործում մենք դեռ բազմաթիւ անելիքներ ունենք: Վստահ եմ, այս հարցերի շուրջ դուք բովանդակալից քննարկումներ էք ունեցել այս օրերի ընթացքում և որոշումներ էլ էք կայացրել»,- ամփոփել է նա:
Տեղեկացնենք, որ նախորդ շաբաթ Սփիւռքի և Հայրենիքի շուրջ 200 լրագրողներ Համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով հաւաքւել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Աշխարհասփիւռ Հայ լրագրողների այս հերթական հաւաքի խորագիրն էր` «21-րդ դարի մարտահրաւէրները. տեղեկատւական անվտանգութիւնը և Հայ լրագրութիւնը»:

ԱՅՍՕՐ, 11:33
Aysor.am

0 Պատգամ: