Հայաստանում չեմ տեսել մի բան,
որ ինձ դուր չգար
Հարցազրոյց «Օկեան Էլզիի»
մեներգչի հետ
11:57 • 16.10.10
Օրերս Երևանի կոնեակի գործարանի հրաւէրով Երևանում փակ համերգով հանդէս եկավ «Օկեան Էլզի» ուկրաինական լեգէնդար ռոք խումը։ Tert.am–ի թղակաիցը զրուցել է խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հետ։
- Դուք սիրո՞ւմ էք հայկական կոնեակ։
- Այնպէս ստացւեց, որ համերգից յետոյ վիսկի խմեցի, բայց մենք շատ ենք սիրում հայկական կոնեակ։ Ես մի ընկեր ունեմ, որը խմում է միայն հայկական կոնեակ։ Կարծում եմ, որ ինչ-որ բան մեզ հետ կտանենք։
- Ի՞նչ տպաւորութիւն ստացաք համերգից։
- Մենք շատ ուրախ ենք, որ եկել ենք Երևան։ Հայաստանը մեզ շատ է դուր եկել։ Ես շատ տպաւորւած եմ այն ամէնով, ինչ կարողացանք տեսնել այս կարճ ժամանակում։ Տեսածս հաճելիօրէն զարմացրել է ինձ։ Ես այնպիսի բան չեմ տեսել, որն ինձ դուր չգար` հին տները, աղջիկները, Արարատ լեռը, որը տեսանք վայրէջք կատարելիս, ընդունելութիւնը։
Շատ ենք ցանկանում կրկին վերադառնալ։ Գիտէինք, որ Հայաստանում ունենք երկրպագուներ, քանի որ շատերը սոցիալական ցանցերում մեր խմբերի անդամներ են։ Հաճելի էր տեսնել նրանց։ Իհարկէ, մեր համերգը փակ միջոցառում էր, այն չէր լուսաբանւել ազդագրերով, և շատերը պարզապէս չգիտէին համերգի մասին։ Խոստանում ենք մօտ ապագայում գալ և ելոյթ ունենալ հասարակութեան աւելի լայն շերտերի համար։ Գուցէ յաջորդ տարի։ Ինչո՞ւ ոչ։
- Համերգային նո՞ր ծրագրով կը գաք։
- Չգիտեմ, ամէն ինչ կախւած կլինի, թէ որքան արագ կը կարողանանք լուծել կազմակերպչական հարցերը։ Ամենայն հաւանականութեամբ, ոչ։ Նոր ալբոմը պատրաստ կլինի մօտ երկու տարի յետոյ։
- Ձեր խմբի օրինակով կարելի է վստահաբար ասել, որ ժողովուրդների միջև չկայ լեզւական արգելք, և երաժշտութիւնը միաւորում է նրանց։
- Դէ, յոյսով ենք։ Համերգին հանդիսատեսը ձայնակցում էր մեզ։ Դա զարմանալի է, քանի որ Հայ երիտասրդութիւնն անգամ ռուսերէն դժւարանում է խօսել, ինչը, կարծում եմ, բնական է։ Ամէն ինչ զարգանում է այնպէս, ինչպէս պէտք է զարգանայ։
- Ելնելով երկրպագուների սերնդափոխութիւնից` փոփոխութիւններ կատարո՞ւմ եք ձեր երգացանկում։
- Մենք ընդհանրապէս ոչ ոքի չենք հարմարւում։ Տեսնո՞ւմ եմ արդեօք երկրպագուների սերնդափոխութիւն։ Շատ տխուր հարց է, քանի որ երբ տեսնում ես երկրպագուներիդ սերնդափոխութիւնը, հասկանում ես, թէ որքան ժամանակ է անցել։ Երևի այդպիսի կտրուկ փոփոխութիւն չկայ։
Այն նոր է սկսւում։ Մեծ թւով մարդիկ, որ գրեթէ իմ հասակակիցներն են, լսում էին մեզ և այն ժամանակ, երբ նոր էինք սկսել երգել։ Նրանք ոչ մի տեղ չեն կորել։ Յայտնւել են նաև նոր դէմքեր։ Ես սկսում եմ տեսնել gap-ը` այդ մեծ փոսը։ Այն մարդիկ, ովքեր 18-20 տարեկանից փոքր են, այլ երաժշտութիւն են լսում։
Երիտասարդութիւնն այլ արժէքներ է դաւանում։ Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնց տարիքն անցնում է 30-ը, զաւակներ են ունենում, որոնք, չգիտես ինչու, նոյնպէս սիրում են լսել Океан Эльзы։
- Ի՞նչ փոփոխութիւններ են կատարւել ձեր կոլեկտիւում, թեմաների ընտրութեան և կատարման ոճում։
- Փառք Աստծոյ, արդէն վեց տարի միասին ենք։ Մէկ անգամ միայն` 2004թ., կոլեկտիվում լուրջ փոփոխութիւններ եղան։ Ոճային առումով ևս։ Հիմա գրում եմ նոր երգեր և մտածում` ինչի մասին գրել, արժէ գրել այն մասին, ինչ հոգումս է։ Զգացումներս 10 տարի առաջւայ համեմատ փոխւել են։ Այսօր ամէն ինչի մասին չէ, որ ուզում ես գրել, այդ պատճառով էլ չգիտեմ՝ ինչ պատասխանել այս հարցին։
- Դուք պատգամաւոր էք եղել։
- Եղել է այդպիսի բան։
- Ինչո՞ւ հեռացաք Ռադայից։
- Ուրեմն ադպէս էր պէտք։ Ես մի ժամանակ կատակում էի, երբ հարցնում էին` ինչու եմ գնացել այդ քայլին։ Պատասխանում էի, որ երևի նրա համար, որ այդտեղից հրապարակաւ հեռանամ ու ցոյց տամ, որ դա հնարաւոր է։ Իսկ եթէ անկեղծ, չգիտեմ, կարո՞ղ եմ արդեօք համեմատութիւններ անցկացնել Հայաստանի հետ, քանի որ չգիտեմ այստեղի քաղաքական կեանքը։ Երևի գիտէք` ինչ է չձևաւորւած դեմոկրատիան, որքան մեծ է ցինիզմը, խաբէութիւնը, ամբոխավարութիւնը։ Չէի ուզում դրա մէջ ներքաշւել։
Այդ ոլորտում ես ինձ ազատ չէի զգում, ինձ մարդ չէի զգում, որը կարող է որոշումներ կայացնել։ Աւելի ճիշտ, կայացնում էի որոշումներ, բայց դրանք ոչ ոքի չէին հետաքրքրում։ Ամէն դէպքում, խորհրդարանը կոլեկտիւ խաղ է, և լինել մարդկանց հետ մի խմբում, որոնց հետ արժէքային ոչ մի ընդհանուր բան չունեմ, չէի ցանկանում։

Tert.am

0 Պատգամ: