ՀԱՐՑԱԶՐՈՅՑ -
Թեհրանում լոյս տեսնող «Էղթեսադէ Իրան» ամսագրի հարցազրոյցը՝
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր
Առաքելեանի հետՀայաստան եւ Ղարաբաղեան
առճակատում, Իրան

«Մենք, Ղարաբաղի հարցում, ընդհանուր առմամբ, լաւատեսօրէն ենք նայում խնդրի հանգուցալուծմանը: Միեւնոյն ժամանակ, կարծում ենք, որ եթէ բանակցութիւններում չլինի ադրբեջանական կողմի սաբոտաժը, աւելի շուտ արդիւնքի կը հասնենք»

«Հայութեան համար թուրքերի հետ գլխաւոր խնդիրը վերաբերում է Առաջին աշխարհամարտի տարիներում Թուրքիայի կառավարութեան կազմակերպած Հայոց Ցեղապանութեանը»

«ԷՂԹԵՍԱԴԷ ԻՐԱՆ» - Ինչպիսի պայմանագրեր են ստորագրւել Իրանի ու Հայաստանի միջեւ: Խնդրում եմ նախ այդ մասին պատմէք:

Գ. ԱՌԱՔԵԼԵԱՆ - Հայաստանն ու Իրանը առեւտրատնտեսական բնագաւառներում համագործակցութեան վերաբերեալ բազմաթիւ փաստաթղթեր են ստորագրել: Երկու երկրների խորհրդարանների հաստատմանն արժանացած «Կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանութեան» մասին համաձայնագիրն այդ փաստաթղթերի թւին է պատկանում:

Ամէն տարի երկու երկրների Միջկառավարական յանձնաժողովները պարբերաբար նիստեր են գումարում, որոնց ընթացքում կողմերը քննարկում եւ համաձայնութեան են գալիս տնտեսական համագործակցութեան վերաբերեալ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ծրագրերի իրականացման շուրջ: Մինչ այսօր իրականացւած համատեղ ծրագրերի մի զգալի մասի վերաբերեալ պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել հէնց այդ համատեղ նիստերի շրջագծում:

2009 թ. ապրիլին ՀՀ նախագահ Ս. Սարգսեանի Իրան կատարած այցելութեան ընթացքում ստորագրւեցին ութ կարեւորագոյն փաստաթղթեր, որոնց իւրաքանչիւրը տնտեսական նշանակութիւնից զատ՝ ունի նաեւ քաղաքական հնչեղութիւն: Արաքս գետի վրայ հիդրոկայանների կառուցումը, Հայաստանի տարածքում նաւթամթերքի պահեստարանի, Իրան-Հայաստան նաւթամուղի, երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը վերաբերող ծրագրերի իրագործումը կարեւորագոյն նշանակութիւն ունեցող նախագծերից են, որոնք ներկայում գտնւում են իրագործման փուլում:

Նախատեսւած է շուրջ մէկ ամիս յետոյ սկսել Արաքս գետի վրայ 300-350 միլիոն դոլարի արժողութեամբ հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները: Իսկ աշնանը սկսւելու են 160 մլն. դոլար արժողութեամբ Իրան- Հայաստան նաւթամուղի շինարարական աշխատանքները, որոնց 50 տոկոսը պատկանելու է Իրանին, իսկ միւս 50 տոկոսը՝ Հայաստանին: Էլեկտրահաղորդման գծի կառուցման ծախսը գնահատւել է շուրջ 150 մլն. եւրօ: Այդ նախագծի իրականացումը, որպէս կապալառու, վստահւել է իրանական «Սանիր» ընկերութեանը:Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղուն, ապա հարկ է նշել, որ Հայաստանն այդ խնդրի շուրջ բանակցութիւններ է վարել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Չինաստանի մասնակցութիւնն այս նախագծին լինելու է 1.5 մլրդ. դոլար վարկի տրամադրման տեսքով: Ֆիզիկապէս բարւոք վիճակում գտնւող Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը 30 տարի ժամկէտով յանձնւել է Ռուսաստանին:

Դրա միացումը՝ Իրանի երկաթուղային ցանցին, երկու երկրների յարաբերութիւնների բնոյթը կը դարձնի աւելի ռազմավարական: Փաստօրէն, երկաթուղու նշւած հատւածը Հիւսիս-Հարաւ առանցքի բացակայող օղակն է:
Հ.- Երկու երկրների առեւտրական յարաբերութիւնների մակարդակը ինչպիսի՞ն է:

Պ.- 2010 թ. առաջին երկու ամիսներում գրանցւած ապրանքաշրջանառութեան ծաւալը, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ, աճել է 22.5 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի արտաքին առեւտրի 20.7 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ-ի երկրներին, որից 17.3 տոկոսը պատկանում է Ռուսաստանին: Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանի ու Եւրոմիութեան անդամ պետութիւնների հետ արտաքին առեւտուրը կազմում է 29 տոկոս, որի առիւծի բաժինը պատկանում է Գերմանիային:

Իրանը Հայաստանի արտաքին առեւտրի հաշւեկշռում զբաղեցնում է ընդամէնը 8-րդ տեղը, որի պատճառը Հայաստանում եւ Իրանում գոյութիւն ունեցող իրաւական դաշտի տարբերութիւնը եւ փոխադարձաբար երկու երկրների գործարարների ու ներդրողների միջեւ կապի բացակայութիւնն է: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը նախորդ տարւայ ընթացքում չի գերազանցել 200 մլն. դոլարը, ինչը, հաշւի առնելով երկկողմ յարաբերութիւնների բարձր մակարդակը, գոհացուցիչ չէ: Երկու երկրները ցանկանում են տեխնիկա-ինժեներական ծառայութիւններ մատուցելու եւ գործարարների ու ներդրողների համար առաւել նպաստաւոր պայմաններ ստեղծելու միջոցով ապրանքաշրջանառութեան ծաւալը հասցնել մինչեւ մէկ մլրդ. դոլարի, ինչը միանգամայն իրատեսական է:
Հ.- Իրանի մասնաւոր հատւածը Հայաստանի ո՞ր բնագաւառներում կարող է ակտիւ գործունէութիւն ծաւալել: Որո՞նք են երկկողմ յարաբերութիւնների իրաւական բարդութիւնները:

Պ.- Հայաստանում իրականացւում են բազմաթիւ նախագծեր, այդ թւում՝ ճանապարհաշինութիւն, թունելների կառուցում եւ այլ շինարարական աշխատանքներ, որոնցում կարող են ներգրաււել նաեւ իրանական կապալառու ընկերութիւնները՝ մասնակցելով այդ նպատակների համար յայտարարւող տենդերներին:

Ինչ վերաբերում է իրաւական հարցերին, ապա պէտք է նշեմ, որ ապրանքաշրջանառութեան ոչ-ցանկալի ծաւալների պատճառը նաեւ երկու երկրներում գոյութիւն ունեցող իրաւական դաշտի անհաւասարութիւնն է: Օրինակ՝ Հայաստանը Առեւտրի միջազգային կազմակերպութեան անդամ է, այնինչ Իրանը օժտւած չէ այդ առաւելութեամբ: Եթէ Իրանին նոյնպէս յաջողւի անդամակցել այդ կառոյցին, բնականաբար աւելի դիւրին կը դառնայ երկկողմ առեւտուրը:

Նաեւ չենք կարող անտեսել Իրանում գործող այն օրէնքները, որոնք միտւած են պաշտպանելու տեղացի արտադրողին, որի պատճառով էլ Իրանում հայաստանցի գործարարների մրցակցութեան դաշտը սահմանափակ է:
Հ.- Ներկայում ի՞նչ վիճակում է գտնւում Ղարաբաղեան ճգնաժամը: Դա ի՞նչ ազդեցութիւն է թողել Ադրբեջանի ու Հայաստանի յարաբերութիւնների վրայ:

Պ.- Խորհրդային Միութեան փլուզման շեմին ծայր առած Ղարաբաղի ճգնաժամը խոր արմատներ ունի, որին անդրադառնալու համար՝ շատ ժամանակ եւ համբերութիւն է պէտք: Եթէ հակիրճ ներկայացնելու լինեմ, Ղարաբաղի ազգաբնակչութեան ճնշող մեծամասնութիւնը կազմող հայերը, հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման իրաւունքը, քւէարկեցին այդ տարածքի անկախութեան օգտին, ինչը արժանացաւ Ադրբեջանի սաստիկ դիմադրութեանը:

Դրա հետեւանքով՝ Ղարաբաղի հայերին պատերազմ պարտադրւեց, որի ընթացքում երկու կողմերն էլ մեծ թւով կորուստներ ունեցան: Հայերն ադրբեջանցիներին ստիպեցին նահանջել, որի պատճառով էլ՝ ադրբեջանցիները համաձայնւեցին Ղարաբաղի հայութեան հետ զինադադարի համաձայնագիր ստորագրել: Զինադադարի հաստատումից յետոյ՝ 1994 թւականին սկիզբ դրւեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջագծում ամենաբարձր՝ նախագահների մակարդակով բանակցութիւններին, որն էլ մինչ օրս շարունակւում է:

Անշուշտ, հայերի ու ադրբեջանցիների միջեւ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակը անցանկալի հետք է թողնում: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գոյութիւն ունեցող հաղորդակցական ուղիները փակ են: Ադրբեջանի անվերապահ աջակիցը հանդիսացող Թուրքիան, Ադրբեջանին իր համերաշխութիւնը ցուցադրելու համար, միակողմանիօրէն փակել է Հայաստանի հետ իր սահմանները:

Կարելի է յստակ ասել, որ կողմերն այս ժամանակահատւածում մեծ հնարաւորութիւններից են զրկւել: Խորհրդային Միութեան փլուզման հետեւանքով գոյացած աւերւածութիւնները վերացնելու փոխարէն՝ կողմերն աւելի շատ զբաղւում են իրենց պաշտպանական դիրքերի ամրապնդմամբ: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ խախտում է Բաքւի ու Ստեփանակերտի միջեւ կնքւած զինադադարը, դրանով խոչընդոտ յարուցում բանակցութիւնների ընթացքին:

Իսկ բանակցութիւնների հիմքում դրւած են հետեւեալ երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականութիւնը, ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ ուժի չկիրառման սկզբունքը:Սոյն թւականի յուլիսի 27-ի Լահէի դատարանը հաստատեց, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ դրա կիրառումն իրաւաբանօրէն չեն հակասում միջազգայնօրէն ընդունւած նորմերին, այդ թւում՝ տարածքային ամբողջականութեան սկզբունքին: Այսպիսով՝ Ղարաբաղի ազգաբնակչութիւնն էլ ինքնորոշման իրաւունք ունի եւ համաշխարհային հանրութիւնը պէտք է յարգի այդ իրաւունքը:
Հ.- Տարածաշրջանային երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի.... դերը՝ Ղարաբաղի խնդրում:

Պ.- Հայերը ողջունում են այն երկրներին, որոնք Ղարաբաղեան հարցի կարգաւորման խնդրում անաչառութիւն են դրսեւորում: Իրանը պատմութեան որոշակի ժամանակահատւածում կառուցողական դեր է ունեցել այդ խնդրում եւ, փաստօրէն, առաջին երկիրն էր, որ ստանձնեց միջնորդական առաքելութիւնը: Այսպիսով՝ ԻԻՀ միջնորդութեամբ՝ բոլորը համոզւեցին, որ ղարաբաղեան հակամարտութիւնը կրօնա-դաւանական բնոյթ չունի, այլ էթնիկ խնդիր է:

Իսկ Թուրքիան ղարաբաղեան հակամարտութեան առաջին իսկ օրւանից որդեգրած քաղաքականութեամբ ապացուցեց, որ այդ խնդրի կարգաւորման հարցում չի կարող անկողմնակալ լինել: Վրաստանն ինքը բախւում է բազմաթիւ նմանօրինակ խնդիրների: Սակայն, Ռուսաստանը Ղարաբաղի ճգնաժամի բռնկման առաջին իսկ օրւանից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջագծում, որպէս համանախագահող երկիր, կառուցողական գործունէութիւն է ծաւալել:
Հ.- Թուրքիայի ու Հայաստանի յարաբերութիւններում գոյութիւն ունեցող խնդիրները, ինչպէս նաեւ Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած աջակցութիւնը, արդեօք առնչւո՞ւմ են Առաջին աշխարհամարտում տեղի ունեցածին թէ այլ խնդիրներ էլ կան:

Պ.- Հայութեան համար թուրքերի հետ գլխաւոր խնդիրը վերաբերում է Առաջին աշխարհամարտի տարիներում Թուրքիայի կառավարութեան կազմակերպած Հայոց Ցեղապանութեանը: Սակայն, 2008 թւականին ՀՀ նախագահն առաջարկեց քննարկել երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու հարցը:

Թուրքիայի նախագահն ընդունեց ՀՀ նախագահի Երեւան այցելելու եւ ֆուտբոլային խաղին ներկայ գտնւելու հրաւէրը, որից յետոյ էլ ստորագրւեցին արձանագրութիւններ, որոնց հիման վրայ երկու երկրները, առանց նախապայմանների, պէտք է բացէին սահմանները եւ հաստատէին դիւանագիտական յարաբերութիւններ: Հայաստանը Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը թողել էր դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ: Պայմանաւորւածութեան համաձայն՝ Թուրքիան էլ Ղարաբաղի հարցին պէտք է անդրադառնար երկու երկրների խորհրդարանների կողմից արձանագրութիւնների հաստատումից յետոյ:

Ցաւօք՝ թուրքական կողմը չկարողացաւ հաւատարիմ մնալ իր ստանձնած պարտաւորութիւններին եւ նախքան պայմանաւորւած ժամկէտը՝ նախապայմաններ առաջադրեց, որի պատճառով էլ՝ հայկական կողմը կասեցրեց գործընթացը, քանի որ թուրքական կողմը արձանագրութիւնների ստորագրումը պայմանաւորում էր հայկական ուժերի կողմից «զբաղեցւած» տարածքներից դուրս գալու հանգամանքով: Իսկ Հայաստանի համար անընդունելի է Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններում երրորդ կողմի միջամտութիւնը:
Հ.- Ինչո՞ւ է Թուրքիան պաշտպանում Ադրբեջանին:

Պ.- Էթնիկ, կրօնա-դաւանական եւ լեզւական ընդհանրութիւնները պատճառ են դառնում, որ Թուրքիան պաշտպանի Ադրբեջանին: Ադրբեջանն ու Թուրքիան նաեւ մաս են կազմում միեւնոյն ալիանսների: Քաղաքական խնդիրները նոյնպէս դերակատարութիւն ունեն: Սակայն, Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնների բարելաւումը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի կարգաւորմանը, քանի որ տարածաշրջանային բոլոր խնդիրները շաղկապւած են, եւ եթէ առկայ խնդիրները տարածաշրջանում լուծում ստանան, բազմակողմ համագործակցութեան համար առաւել նպաստաւոր պայմաններ կը ստեղծւեն:
Հ.- ԱՄՆ-ի արտգործնախարարի, ինչպէս նաեւ համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի յայտարարութիւններն այդ կապակցութեամբ Ղարաբաղեան խնդրի կարգաւորման ուղղութեամբ յոյսեր են ներշնչում: Ձեր կարծիքը՝ այդ կապակցութեամբ:

Պ.- Մենք, ընդհանուր առմամբ, լաւատեսօրէն ենք նայում խնդրի հանգուցալուծմանը: Միեւնոյն ժամանակ, կարծում ենք, որ եթէ բանակցութիւններում չլինի ադրբեջանական կողմի սաբոտաժը, աւելի շուտ արդիւնքի կը հասնենք: Օրինակ՝ Ս. Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից անմիջապէս յետոյ՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածքի նկատմամբ եղան ոտնձգութիւններ, ինչն աւելի բարդացրեց իրավիճակը:

Սակայն, պէտք է նշեմ, որ մենք ողջունում ենք բոլոր այն քայլերը, որոնք ուղղւած են լարւածութեան թուլացմանը եւ յոյս ենք յայտնում, որ Ղարաբաղի խնդրի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացը կը շարունակւի յաւուր պատշաճի եւ Ղարաբաղի ժողովուրդը կը կարողանայ տնօրինել իր ճակատագիրը:
Հ.- Ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կա՞ն տնտեսական յարաբերութիւններ:

Պ.- Ո՛չ: Միայն որոշ առեւտրականների միջեւ սահմանային շրջաններում տեղի են ունենում սահմանափակ քանակութեամբ փոխանակումներ, ինչը երկու երկրների առեւտրա-տնտեսական հաշւեկշռում որեւէ դեր չի կատարում: Պէտք է նշել, որ նման փոխանակումները հիմնականում կատարւում են միջնորդների միջոցով, որպէսզի չյստակեցւեն այդ ապրանքների ծագումն ու ելակէտային երկիրը:

Վերջում ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել հայ-իրանական յարաբերութիւնների նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրութեան համար եւ յոյս յայտնել, որ ապագայում նոյնպէս նման հարցազրոյցների առիթներ կը լինեն:
«ԷՂԹԵՍԱԴԷ ԻՐԱՆ»- Շնորհակալութիւն:
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: