Հայ-թրքական մերձեցման

գործընթացում Երևանի համբերութիւնը

կարող է հատնել



«Այդ հարցում բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին, բոլոր սպասելիքները, պարտաւորութիւնները Թուրքիայի ուսերին են»


«Ներկայում Թուրքիան կանգնած է այնպիսի ռիսկի կամ վտանգի առջև, որ կարող է ձեռք բերել անլուրջ և կեղծ կողմի համբաւ»



14:46 • 26.10.10
Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Երևանի համբերութիւնն անսպառ չէ, այն կարող է հատնել: Այս մասին թրքական Habervesaire կայքին տւած ծաւալուն հարցազրոյցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը:«Այնպիսի տպաւորութիւն է, որ Թուրքիան որոշել է գործընթացին վերադառնալ յաջորդ տարի այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Ըստ էութեան, դրա մասին Թուրքիան շատ յստակ յայտարարել է: Այնպէս որ, Հայաստանն ինչ էլ որ անի, ընտրութիւններից առաջ ոչ մի բան էլ չի լինի»,– յայտարարել է Կիրակոսեանը՝ ընդգծելով, որ ըստ հայկական կողմի, գործընթացում Թուրքիայի դիրքերը թոյլ են:
«Դա երկու պատճառ ունի. նախ այն, որ Հայ-թրքական հարցն այն միակ թեման է, որի շուրջ համաձայնութեան են եկել ռուսները, ամերիկացիներն ու եւրոպացիները: Այդ հարցում բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին: Բոլոր սպասելիքները, պարտաւորութիւնները Թուրքիայի ուսերին են: Ներկայում Թուրքիան կանգնած է այնպիսի ռիսկի կամ վտանգի առջև, որ կարող է ձեռք բերել անլուրջ և կեղծ կողմի համբաւ: Սակայն միւս կողմից այս գործընթացի առնչութեամբ իմ լաւատեսութիւնը պայմանաւորւած է նրանով, որ այդ գործընթացը Թուրքիան սկսել է՝ իր շահերից ելնելով, այլ ոչ թէ Միացեալ Նահանգներին կամ Եւրոպային հանգստացնելու համար»,- ասել է Կիրակոսեանը:
Ի պատասխան այն հարցին, թէ մինչև ե՞րբ են հայկական իշխանութիւնները համբերատարութիւն դրսևորելու Թուրքիայի «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան կողմից գործընթացի ձգձգմանը, ամերիկահայ վերլուծաբանն ասել է.
«Գործընթացի առնչութեամբ երկու մտահոգութիւն ունեմ: Առաջինն այն է, որ Հայաստանի համբերութիւնը մի օր հատնելու է: Հայաստանը, ով յայտարարել է, որ «պատրաստ է անել ամէն ինչ», չտեսնելով համարժէք քայլեր, կարող է ասել. «Վերջ, մենք այդ ձգձգումներից ձանձրացանք և արդէն մեր քաղաքականութիւնը փոխում ենք: Այսուհետև մենք էլ մեր նախապայմաններն ենք առաջ քաշելու»… Իսկ մտահոգութեանս միւս պատճառն այն է, որ այդ դէպքում մենք ստիպւած ենք լինելու գործընթացի իրականացման համար շատ ջանքեր գործադրել: Եւ այդ դէպքում ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Հայաստանում որոշ իմաստով կշահեն այս հարցում ընդդիմադիր և ծայրայեղ հայեացքներ ունեցողները…»:
Անդրադառնալով Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում կազմակերպւած թրքական շօուին` Ռիչարդ Կիրակոսեանը յայտարարել է, որ ինքը հիսթափւած է թրքական իշխանութիւնների քաղաքականութիւնից:
«Իրականում հիասթափւած եմ, որովհետև այդ պատարագը երկու երկրների միջև յարաբերութիւնների կարգաւորման համար շատ կարևոր առիթ էր, ինչը ձեռքից կորսւեց: Այս հարցի առնչութեամբ քննադատում են թրքական իշխանութիւններին, որովհետև նրանք կեղծաւոր դիրքորոշում որդեգրեցին: Պարզ դարձաւ, որ նրանք ոչ մի բան էլ չէին արել: Ես պատարագին չմասնակցեցի ոչ թէ այն պատճառով, որ խաչը չէր տեղադրւել, այլ այն պատճառով, որ այդ ամէնը շատ հեռու էր պրոֆեսիոնալութիւնից և անկեղծութիւնից: Իսկ Թուրքիայի վարչապետի` էլեկտրոնային փոստով ինձ ուղարկւած հրաւէրը եկաւ ապացուցելու այդ կեղծաւորութիւնը…»,- յայտարարել է վերլուծաբանը:


Tert.am



0 Պատգամ: