Հայաստանում բացւել է աշխարհում
ամենաերկար ճոպանուղին
Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարութիւնը 5,7 կիլոմետր է, 12 րոպէում
այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի
Հոկտեմբեր 16, 2010 16:43
Հայաստանում, հոկտեմբերի 16-ին բացւել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին (ֆոտոռեպորտաժ): «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարութիւնը 5,7 կիլոմետր է, 12 րոպէում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի, այնինչ նոյնիսկ յարմարաւէտ մեքենայից մօտ քառասուն րոպէ է պահանջւում ձորն իջնելու եւ բարձրանալու համար:
Ճոպանուղու բացման արարողութեանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակութեան ներկայացուցիչներ ու արտասահմանցի հիւրեր:
«Աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցումով մենք նպատակ չենք ունեցել որեւէ մէկին զարմացնել»,- Տաթեւի ճոպանուղու բացման արարողութեան ժամանակ ունեցած իր ելոյթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, յաւելելով, որ աա առաջին հերթին, բացառիկ նշանակութիւն ունէր Տաթեւի համալիրի յարակից բնակավայրերի եւ Հայաստանի ողջ հարաւային շրջանների զարգացման համար:
Նրա խօսքով, Տաթեւի ճոպանուղու կառուցումը լուրջ ազդակ է հանդիսանալու Հայաստանի հարաւային շրջանների տնտեսական մշակութային հոգեւոր զարգացման համար եւ «պետական եւ մասնաւոր հատւածների համագործակցութեան հիանալի օրինակ է»:
Սերժ Սարգսեանը յատուկ շնորհակալութիւն է յայտնել Ռուբէն Վարդանեանին, ով ըստ նրա, դարձաւ նախագծի շարժիչ ուժը, ինչպէս նաեւ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են, նաեւ շինարարներին, ովքեր կառուցել են այն:
Խօսելով մրցունակութեան մասին, Սերժ Սարգսեանն ասել է, որ միջազգային ասպարէզում մրցունակ մնալու համար մենք երբեմն հեռաւոր երկրներ ենք գնում սովորելու եւ դա օրինաչափ է, բայց կան դասեր, որ պէտք է քաղենք այստեղ: «Տաթեւի վանքը իր ժամանակի ամենամրցունակ ճարտարապետական լուծումներից է: Տաթեւի համալսարանը ամենամրցունակ գիտական օջախներից է եղել, իսկ սուրբ Գրիգոր Տաթեւացին իր ժամանակին աշխարհի ամենամրցունակ մտածողներից մէկն է եղել»,-նշել է նախագահը:
Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բացման արարողութեան ժամանակ սպիտակ աղաւնիներ են բաց թողնւել, որպէս խաղաղութեան ու բարգաւաճման խորհրդանիշ, որից յետոյ Գարեգին Բ կաթողիկոսը աղօթք է կարդացել:
Տաթեւի ճոպանուղու շինարարութիւնը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժէքը կազմում է 50 միլիոն դոլար է, որն իրականացրել է Ազգային մրցունակութեան հիմնադրամը: Ծրագիրը հովանաւորել են բազմաթիւ բարերարներ, բայց յատկապես արժէ նշել ռուսաստանաբնակ գործարար Ռուբէն Վարդանեանի 28 միլիոն դոլարի նւիրատւութիւնը, որից էլ, թերեւս, սկսւել է այս աննախադէպ ծրագիրը:
Նորակառոյց ճոպանուղին վիթխարի նշանակութիւն կունենայ Հայաստանի զբօսաշրջութեան զարգացման առումով: Յաջող կազմակերպւած PR_ի դէպքում այն կարող է Հայաստան ձգել հարիւր հազարաւոր այցելուների; Ճոպանուղին կունենան երկու վագոն` որոնցից իւրաքանչիւրը կը կարողանայ տեղափոխել 25 մարդու: Տոմսերի նախնական արժէքը կլինի 3 հազար դրամ, բայց դա վերջնականապէս որոշւած չէ:
Տաթեւի վանքը գտնւում է Գորիսի տաթեւ գիւղի մօտ եւ Երեւանից հեռու է 280 կիլոմետր: Գրաբարից թարգմանած «Տաթեւ» նշանակում է «թեւեր տուր»: Տաթեւի վանական համալիրը կառուցւել է 9-րդ դարում, որը եղել է Սիւնիքի թագաւորութեան քաղաքական կենտրոնը:
Տաթեւի համալիրը յաւակնում է Եունեսկոյի համաշխարհային ժառանգութեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: