Երևանում մեկնարկեց
«Յանուն ժողովրդավարութեան
ապագայի ֆորումը»

Այսօր Երևանում մեկնարկեց Եւրոպայի խորհրդի «Յանուն ժողովրդավարութեան ապագայի ֆորումը», որի բացումը կատարեց ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
Ֆորումը գումարւում է 2005 թւականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրայ և համարւում է կազմակերպութեան կարևորագոյն ամենամեայ միջոցառումներից:
Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել տարբեր երկրների և Եւրախորհրդի բարձրաստիճան պաշտօնեաներ, քաղաքական և հասարակական գործիչներ, մարդու իրաւունքներով զբաղւող հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Ֆորումի «Հեռանկարներ 2020. ժողովրդավարութիւնը Եւրոպայում. Սկզբունքներ և մարտահրաւէրներ» խորագրով նիստին բացման խօսքով հանդէս եկաւ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին, նախարար Նալբանդեանն ասաց, որ Հայաստանի, Շւէդիայի և Իսպանիայի համատեղ նախաձեռնութեամբ Երևանում Եւրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեւրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Խօսելով Եւրոպայի խորհրդի ստեղծման նախադրեալների և կազմակերպութեան գործունէութեան մասին, Էդւարդ Նալբանդեանը նշեց. «Երկրորդ աշխարհամարտի աւարտից յետոյ ապագայի նկատմամբ պատասխանատւութեան զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծւելու Եւրոպայում կայունութեան, զարգացման և խաղաղութեան ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եւ այն ժամանակ գտնւեց դեղամիջոց, որի կենսունակութիւնը ապացուցեց ժամանակը` ազատութեան և ժողովրդավարութեան գաղափարներն ունակ են յաղթահարելու անվստահութեան մթնոլորտը, փլուզելու քարէ պատնէշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը:
Սառը պատերազմի աւարտը վերացրեց մինչ այդ գոյութիւն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակութիւնները որդեգրել են ընդհանուր արժէքներ և նպատակներ: Ժողովրդավարութեան ասպարէզում տարբեր միջազգային կազմակարեպութիւնների շրջանակներում մշակւել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եւրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնոյթով և նշանակութեամբ, կարևոր տեղ է զբաղեցնում նման կառոյցների շարքում: Դրա հետ մէկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթէ հաւատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրաւէր հանդիսանալ ԵԽ շրջանակներում»:
Իր ելոյթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը անդրադարձաւ նաև Եւրախորհրդին Հայաստանի անդամակցութեանը. «Շուտով մեր երկիրը կնշի Եւրոպայի խորհրդին անդամակցութեան 10-ամեակը: Միանալով կազմակերպութեանը` Հայաստանը Եւրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միաւորում է բազմաթիւ երկրներ, ժողովուրդներ և մշակոյթներ: Ինչպէս իւրաքանչիւր ընտանիք, յատկապէս նման բազմազանութեամբ աչքի ընկնող, նրա ամրութիւնը պայմանաւորւած է ինչպէս միմեանց խնդիրներին ականջալուր լինելու կարողութեամբ, այնպէս էլ պարտաւորութիւնների ընդհանրութեամբ` հիմնւած փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ»:
«Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտաւորութիւնները` ընթանալով ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան և մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների վրայ խարսխւած հասարակութեան կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցութիւնը այդ ուղին հնարաւորինս սահուն ու արդիւնաւէտ անցնելու համար, քանի որ հնարաւոր խոչընդոտները առաւել հեշտ է յաղթահարել, երբ կայ աջակցութեան ու զորակցութեան զգացումը» – ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատւութեան վարչութիւնից, այսօր երեկոյեան համաժողովի մասնակիցների պատւին Հայաստանի արտգործնախարարի անունից ընդունելութիւն կտրւի:

ԱՅՍՕՐ, 15:36
Aysor.am

0 Պատգամ: