Հայ մանուկները իրենց իրաւունքները պահանջելու հետ միասին,
Այդ տօնը նշեցին Մեսրոպեան Սրբազան աւանդի հրաշակերտ բեկորներով

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍ

Հոկտեմբերի 8–ն էր։ Միաժամանակ Հոկտեմբերի 9–ի նախասէմին։ Երկուսն էլ յատկանշական օրեր են, ու նւիրւած՝ մարդկային ամենաարժէքաւոր առիթներին։ Առաջինը նւիրւած էր աշխարհի Մանուկներին, ու երկրորդը՝ մեր ժողովրդի քաղաքակրթութիւնն ու սրբութիւններն իր մէջ խտացրած՝ Մշակոյթի տօնին։
Տօն, որի ակնաղբիւրը՝ գրերի գիւտը, դարձաւ ոչ միայն մեր ազգային արժէքների ու սրբութիւնների պահպանման բերդն ու շտեմարանը, այլեւ հրաշքի նման յաւերժացրեց բոլոր այն ինչը, որոնք բնորոշում էին մեր ժողովրդի ինքնութիւնը, քաղաքակրթութիւնն ու նկարագիրը։
Ու զարմանալի չի, որ մանուկները, որոնց մէջ սերմանում է իրենց ինքնութիւնը՝ հէնց ըատանիքներում, Հայ մանուկները որոնց ազգային գոյատեւման երաշխիքը դարձաւ հէնց այդ ակնաղբիւրը՝ Մշակոյթը, իրենց միջազգային օրը նշեց միատեղ ու համապարփակ։
Դարերի ընթացքում, մանաւանդ Հայ ընտանիքներում, դաստիարակութիւնը չի սահմանւել միայն հասարակական չափանիշներն ու ընդունւած նորմերը նկատի առնելով։ Մեր ընտանիքներում կրկնակի է եղել թէ՛ ծնողի դերակատարութիւնն ու պարտականութիւնները զաւակներին ուսուցանելու հարցում, եւ թէ՛ մանուկների յանձնառութիւնը՝ այդ բոլորը սերտելու եւ նկարագիր դարձնելու համար։
Դա ինքը մի առանձին քննարկման նիւթ է, բայց կարեւորն այն էր, որ այդ օրը՝ Հոկտեմբերի 8–ին Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ, միախառնւեցին Հոկտեմբերի 8–ն ու 9–ը եւ Հայ մանուկները իրենց իրաւունքները պահանջելու հետ միասին, այդ տօնը նշեցին Մեսրոպեան Սրբազան աւանդի հրաշակերտ բեկորներով։ Մանուկների իրաւո՛ւնքն է, որ սերտ կապերով կառչեն իրենց մշակոյթին, եւ հասարակութեան պարտաւորութի՛ւնն է այդ բոլորը տալ նրանց, ամէն գնով։
Այդ պատահեց հոկտեմբերի 8–ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի լողաւազանների շրջափակում, մանուկների համար պատրաստւած յատուկ խաղավայրի տարածքում։ Իրենց ծնողների հետ մուտք գործող մանուկները իրենց տարիքների համապատասխան բաժանւում էին չորս խմբերի, որոնք զանազանւում էին կրծքներին փակցւած մակնիշներով։ Հէնց մուտքի մօտ, կարող ես զգալ օրւայ խորհուրդը։ Պաստառով շնորհաւորում են այս երկու առիթները, եւ ամենուր ոսկեայ երիզի նման շողշողում են Հայոց ամենաթանկագինը՝ Այբուբէնը։
Դեռ ծրագրի պաշտօնական բաժինը չի սկսւել, բայց տարածքի անկիւններից լսւող մանական խանդավառ աղմուկները պաշտօնականութիւն են տալիս իրենց համար սկսւած տօնախմբութեանը։ Մանկական խաղավայրի յատուկ բեմի վրայ շարւում են Հ.Մ.Ա.Կ.–ի մանկական երգչախմբի անդամները, եւ խմբի ղեկավար օր. Արաքս Խաչատրեանի խմբավարութեամբ երեխաները առաջինը երգում են՝ Այբուբենը։ Երգի բառերը բազմացւել ու տրամադրւել էր միւս մանուկներին, որոնք իրենք եւս ձայնակցեն երգչախմբին։ Այսպիսով Թալին Բաղումեանի բարի գալստեան խօսքով ու ողջոյնով կատարւեց օրւայ յայտագրի բացումը։
Մանուկները իրենց տարիքի համապատասխան բաժանւում են տարբեր խմբերի եւ վարժուհիների հետ միասին զբաղւում են տարբեր աշխատանքներով։Մի խումբ պար է փորձում, միւսը՝ երգ, կաւագործութիւն, նկարչութիւն..., ձեռքի աշխատանք, եւ այսպիսով խմբերը միմեանց տեղերը փոխելով անց են կացնում այս խտացւած դասընթացները։
Ամենափոքրիկները, գոյնզգոյն կաւիճներով իրենց ներքին զգացումները նկարչութեան միջոցով յանձնում են են յատակին։ Բարեբախտաբար բոլորն էլ փայլուն ու յուսալի։ Այսպիսով՝ գոյնզգոյն տներ, ընտանիք, պաղպաղակ, արեգակ, այգի, հեծանիւ, անիմաստ խզմզումներ ու ամենայատկանշականը՝ պապիկ ու տատիկ՝ կարմիր թաշկինակով, ծիրանագոյն ձեռնափայտով եւ վառ կապոյտ գլխարկով... Ահա այստեղ է, որ մշակոյթի լայն հասկացողութեամբ ու բացատրութեամբ, մարզաւանի այդ տարածքի յատակում դրսեւորւում են սեփական մտահորիզոնները եւ ընտանեկան դաստիարակութիւնը, որը ոչինչ չէ եթէ ոչ ինքնուրոյն մշակոյթ։
Նոյնը դրսեւորւում է կաւագործութեան, թղթի նկարչութեան, ձեռարւեստի եւ նոյնիսկ պարի ու երգի մէջ, որտեղ կաւով՝ բռունցք ու բերդ է շինւում, թղթի վրայ՝ Մասիսներ, արեւ ու դպրոց, քոլաժով՝ դասարան, արեգակ, երգով՝ այբուբէն ու գետաշէն, եւ պարի անկիւնում նորից ու նորից ձեռք ձեռքի տւած Սասունցիների պարն են պարում, ու ...«Մենք ենք մեր պարերով, մենք ենք մեր սարերով...»։
Ու չես յոգնում... մոռանում ես հոգս ու տրտունջ.– Այստեղ՝ սերունդ է կերտւում...։ Եւ դա է Հ.Մ.Ա.Կ.–ի հիմնական նպատակներից մէկը, եւ ամենակարեւորը։ Երեխաները մերթ ընդ մերթ հանգստանում են ու հիւրասիրւում՝ ուտեստներով ու մրգի հիւթերով, ու պատասխանատուները անընդհատ այս կողմ ու այն կողմ են վազում ... ու չեն էլ յոգնում, միթէ չէ, որ սրանք եկել են յոգնածութիւնը մոռացութեան տալու համար...։
Օրը արագ ընթացաւ, ու դժւար էր այդտեղից պոկւել, հեռանալը, բայց երեխաներն էլ պիտի սովորեն, որ ամէն ինչ ունի իր տրամաբանական աւարտը...Մանուկները վերջում ստացան նւէրներ, որոնք եւս համապատասխանում էին օրւան՝ Յովհաննէս Թումանեանի հեքիաթների եւ երաժշտական մանկական այբենարանի CD–ներ՝ ըստ տարիքի..
+++

Մշակոյթի օրւան եւ Մանուկների համաշխարհային տօնին նւիրւած մանկական դաշտահանդէսը կազմակերպելու համար Արւեստից միութիւնը կազմել է յանձնախումբ եւ պատասխանատւական կազմ, որոնք աշխատում են համադրաբար։ Միութիւնը ոչ միայն այս առիթով այլ նաեւ տարբեր պատրւակներով մանկական դաշտահանդէսներ է կազմակերպում, որոնք ընդհանրապէս տարեկան չորսից պակաս չեն լինում։ Այս տարւայ Մանկական Դաշտահանդէսը իր տեսակի մէջ երրորդ տարին է որ կազմակերպում է Հ.Մ.Ա.Կ.–ի Արւեստից Միութիւնը։ Յանձնախմբի պատասխանատուն էր Անի Կարապետեանը, սակայն բոլոր անդամները ձեռք ձեռքի տւած կատարում են իրենց հնարաւորինը՝ մանուկներին լաւ ու ուրախ եւ օգտակար ժամանց պարգեւելու համար։

+++
Չես ուզում հեռանալ այն միջավայրից, որտեղ բաց աչքերիտ առջեւ սերունդ է կերտւում, կոփւում ու կրթւում, հէնց մանուկ տարիքից։
Ու դարձեալ խորհում ես մշակոյթի մեկնաբանութեան մասին, ու մտորում, թէ՝ արդեօք Մանուկների Համաշխարհային Օրւայ եւ Հայ Մշակոյթի Տօնի առիթով՝ քանի՜ քանի՜ մանուկներ, դեռ տառապում են ...հէնց իրենց ծնողներից ....
Եւ այդ օրը, մանուկներից բացի իրենց չափազանց երջանիկ էին զգում հեռւում նստած՝ պապիկներն ու տատիկները։

Հ.Մ.Ա.Կ.–ի պաշտօնական կայքէջից

0 Պատգամ: