Հայ-թրքական սահմանի բացման


համար Թուրքիայում


հանրաքւէ կանցկացւի

20:45 • 21.10.10
Թուրքիայի «հզօր Թուրքիա» կուսակցութիւնը պատրաստւում է Կարսում հանրաքւէ անցկացնել Հայ-թրքական սահմանի բացման առնչութեամբ: Այս մասին, Cihan գործակալութեան փոխանցմամբ, Կարսում մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է «հզօր Թուրքիայի» առաջնորդ Թունա Բեքլևիչը։
«Մենք Կարս քաղաքի կենտրոնում տեղադրելու ենք քւէատուփ: Թող մարդիկ գան և քւէարկեն: Թող ասեն «այո» կամ «ոչ» Հայ-թրքական սահմանի բացմանը: Սակայն մենք վստահ ենք, որ կարսեցիները «այո» են ասելու»,- յայտարարել է Բեքլևիչը` ևս մէկ անգամ անդրադառնալով օրեր առաջ իրենց կողմից Հայ-թրքական սահմանի հատման հանգամանքին։
«Մեր կողմից օրեր առաջ Հայ-թրքական սահմանի հատումն իրականում Ցիւրիխ 2–ի սկիզբն էր... Ամիսներ առաջ հրաւէր էինք ստացել հայաստանցի երիտասարդների կողմից: Գնացինք Երևան, որտեղ մնացինք չորս օր: Այդ ընթացքում հանդիպեցինք 40 հասարակական կազմակերպութիւնների հետ և ստեղծեցինք Հայ և թուրք երիտասարդներից կազմւած «բարեկամութեան» խումբ: Ներկայ պահին մեր «բարեկամութեան» խմբի անդամների թիւը հասնում է 1000 մարդու»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։
Ընդգծելով, որ Հայ-թրքական սահմանի բացումը բացասաբար չի անդրադառնայ Ադրբեջանի վրայ, երիտասարդ քաղաքական գործիչը յայտարարել է. «Ընդհակառակը` Կովկասը կդառնայ կայուն տարածաշրջան: Սահմանի բացումը դրական կանդրադառնայ նաև Ղարաբաղեան հիմնախնդրի վրայ: Թշնամութեամբ հարցեր չեն լուծում»։
Թունա Բեքլևիչն ասել է նաև, որ իրենք առաջիկայում պատրաստւում են այցելել Հայաստան և հանդիպել արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ, որից յետոյ կհանդիպեն Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դաւութօղլուի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«հզօր Թուրքիա» կուսակցութեան և դրա առաջնորդ Թունա Բեքլևիչի մասին մամուլում ակտիւօրէն սկսեցին լուրեր շրջանառւել այն բանից յետոյ, երբ նա յայտարարեց, որ ինքն իր կուսակիցների հետ անցել է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Նման քայլով, ըստ Բեքլևիչի, իրենք ցանկանում էին կողմերին յիշեցնել մէկ տարի առաջ Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների մասին և կոչ անել բացել սահմանը:


Tert.am


0 Պատգամ: