Երեւանն ու Բաքուն կարող են համաձայնեցնել
Ղարաբաղեան կարգաւորման սկզբունքները
դեկտեմբերին
Մեդվեդեվ.–
«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար»

«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար: Բոլոր դէպքերում բանակցութիւններն աւելի լաւ են, քան թէժ պայքարը: Բայց սրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլեւ` առաջ ընթանալու հնարաւորութիւն»

Հոկտեմբեր 27, 2010 18:59
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են յանգել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սկզբունքների համաձայնեցւած լուծման մինչեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Այդ մասին յայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից յետոյ կայացած ասուլիսում:
«Այսօրւայ հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար: Բոլոր դէպքերում բանակցութիւններն աւելի լաւ են, քան թէժ պայքարը: Բայց սրանք ոչ միայն բանակցութիւններ են, այլեւ` առաջ ընթանալու հնարաւորութիւն»,- ասել է Մեդվեդեւն ու յաւելել. «Այսօր մենք պայմանաւորւել ենք, որ այժմ մնացել են կարգաւորման սկզբունքները, որոնք հետագայում պէտք է դրւեն խաղաղ պայմանագրի հիմքում: Հարցեր դեռ շատ կան, բայց կողմերի մօտ կայ ցանկութիւն: Մենք որոշակի ուղի ենք անցել, որը յոյս է տալիս կարծելու, որ եթէ կողմերը լաւ աշխատեն, իսկ նման յանձնարարութիւն մենք մեր արտգործնախարարներին տւել ենք, հնարաւոր է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ հասնել հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Բայց կրկնում եմ` հիմնական աշխատանքները դեռ առջեւում են»:
Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել է, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսեանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Այս եռակողմ ձեւաչափով նրանք հանդիպում են արդէն 6-րդ անգամ, որից երեքն այս տարի:
Սերժ Սարգսեանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կայացել է 2008 թւականի յունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտօնական գագաթաժողովի ժամանակ: Նախագահները ծանօթացել էին «ծանօթացել էին կողմերի մօտեցումներին եւ յանձնարարել էին ԱԳ նախարարներին շարունակել համագործակցութիւնը Մինսկի խմբի հետ»:
2008-ի նոյեմբերի 2-ին մեձմոսկովեան Մայնդորֆեան պալատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնութեամբ տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, որի արդիւնքում ստորագրւել էր Հռչակագիր, որտեղ սահմանւում էին ԼՂ խնդրի կարգաւորման սկբունքները: Սա վերջին 15 տարւայ ընթացքում առաջին փաստաթուղթն էր, որի տակ կողմերը ստորագրութիւն դրեցին:
Ալիեւի ու Սարգսեանի յաջորդ հանդիպումները կայացել են 2009-ի յունւարի 28-ին` Ցիւրիխում, մայիսի 7-ին` Պրագայում, յունիսի 4-ին` Սանկտ-Պետերբուրգում, յուլիսի 17-ին` Մոսկւայում: 2009-ի հոկտեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է կայացել Քիշնեւում, 2010-ի նոյեմբերի 22-ին`Կրասնայա Պոլեանայում: Վերջին հանդիպումը կայացել է 2010-ի յունիսի 18-ին` Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկւել էր Մարիդեան սկզբունքների վերջին տարբերակը:
Հանդիպումից անմիջապես յետոյ, Հայաստանի նախագահը եռակողմ ձեւաչափով կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: