Սերժ Սարգսեան.–
Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը

պարտութիւն կրեց, ինքը խնդրեց զինադարար

«Ադրբեջանում ակնյայտ է հակահայկական ֆաշիզմի ծաւալումը, որ
իրականացւում է ծրագրւած կերպով և ամենաբարձր մակարդակով»

«Լեզու փոխելը, ազգ ու կրօն փոխելը, աշխարհագրութիւն ու
պատմութիւն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի
դրսեւորումն արդէն մեր գործն է»

«Ըստ վերջին արդիւնքների, Հայոց լեզուն առնւազն 8 հազար
տարւայ պատմութիւն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ
գոյութիւն ունենք առնւազն 8 հազար տարի»
Հոկտեմբեր 17, 2010 01:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը սփիւռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակՆախ ուզում եմ բոլորիդ շնորհաւորել այսօրւայ տօնի կապակցութեամբ: Այսօր Հայ մամուլի օրն է, եւ շատ ուրախ եմ, որ այս տօնը համընկնում է Սիւնիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ:
Սիրելի հայրենակիցներ,
Հայրենի բնութեան հրաշք անկիւնները և պատմական անկրկնելի յուշարձանները, որոնք դուք տեսաք Արցախում և այստեղ` Սիւնիքում, համոզւած եմ, տպաւորելու են ձեզ, և դուք նոր լիցքերով ու ներշնչանքով էք աշխատելու ձեր բնակութեան երկրներում: Բայց, անկախ ձեր աշխատանքից, մենք միշտ ուրախ ենք Սփիւռքի մեր
քոյրերին ու եղբայրներին տեսնել հայրենիքում: Ես չեմ ասում «հիւրընկալել», որովհետև դուք այստեղ հիւրեր չէք: Բարո´վ էք եկել հայրենի երկիր, Մայր հայրենիք:
«21-րդ դարի մարտահրաւէրները. տեղեկատւական անվտանգութիւնը և հայ լրագրութիւնը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաքում կարևոր նախաձեռնութիւն եմ համարում և շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ այդ հրաշալի գաղափարը կեանքի կոչելու համար:Գաղնիք չէ, որ համաշխարհային բոլոր ներկայ գործընթացներում չափազանց կարևորւում է զանգւածային լրատւամիջոցների դերը, մասնաւորապէս լրագրողի մասնագիտութիւնը: 21-րդ դարում ամենահզօր զէնքերից մէկը ճշգրիտ և օպերատիւ տեղեկատւութիւնն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձութիւնների զարգացման ընթացքում: Այս տեսանկիւնից մեր համազգային բոլոր նպատակների ուղղութեամբ աշխատանքներում մենք խիստ կարևորում ենք թէ´ հայալեզու լրատւութեան, թէ´ մեր լրագ­րողների կողմից աշխարհի առաջատար լրատւամիջոցներում հրապարակումներով հանդէս գալու նշանակութիւնը: Հայ լրատւութեան դերը խիստ կարևորւում է նաև համահայկական հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու անհրաժեշտութեամբ, մասնաւորապէս ողջ աշխարհում հայապահպանութեան գործին նպաստելու առումով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան` հայկական երկրորդ
պետականութեան կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպէս նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելութիւնը: Պէտք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած յաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիւանագիտութեան ոլորտում: Իսկ հակաքարոզչութեանը դիմագրաւելու և հիմնախնդիրը միջազգային հանրութեանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաստանի և Սփիւռքի լրատւամիջոցների, ինչպէս նաև օտար լրատւամիջոցների հայ լրագրողների հրապարակումների դերակատարութիւնը: Ստեփանակերտում կազմակերպւած համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապէս ուսումնասիրելու, այն ներսից ճանաչելու, Արցախի հիմնախնդիրները և այսօրւայ արցախցու հոգսերը հասկանալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր էք գրելու և շատ ու շատ սիւժեներ էք պատրաստելու այդ ամէնի մասին: Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում նոյնպէս հետագայ առաջընթացը հնարաւոր է արագացնել միայն լրատւական դաշտի լայնամասշտաբ աջակցութեան պայմաններում: Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիստական աշխատանքների արդիւնաւէտ կազմակերպմանն էապէս կարող են նպաստել լրատւամիջոցները։ Ակնյայտ է նաև, որ Սփիւռքում գործող լրատւամիջոցները նշանակալի ներդրում ունեն հայապահպանութեան, հայկական ազգային մշակոյթի պահպանման ու տարածման գործում: Լրատւական համահայկական միասնական դաշտ ձևաւորելու և մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ու մարտահրաւէրներին դիմագրաւելու գործում մենք դեռ բազմաթիւ անելիքներ ունենք: Վստահ եմ, այս հարցերի շուրջ դուք բովանդակալից քննարկումներ էք ունեցել այս օրերի ընթացքում և որոշումներ էլ էք կայացրել:
Յարգելի´ լրագրողներ,
Դուք մեծ ու շնորհակալ գործ էք անում: Ես շատ լաւ հասկանում եմ, որ արտերկրում հրապարակել և տարածել հայկական մամուլ իրականում նշանակում է մեծ զոհողութիւն կատարել, նաև նշանակում է դառնալ համայնքային կեանքի կազմակերպիչներից, համախմբողներից մէկը, զբաղւել հրաշագեղ մայրենիի պահպանմամբ ու տարածմամբ, պահել հայկական ինքնութիւնն ու հայկական ոգին, ունենալ սեփական դիմագիծ, ազգային արմատ, հայկական մտածողութիւն և վերջապէս դառնալ հայ ժողովրդի ու նրա տարբեր հատւածների հոգևոր ու պատմամշակութային ժառանգութեան պահապանները, ազգային արժէքների և աւանդոյթների վերարտադրութեան ու զարգացման խթանողները:
Մենք շատ լաւ պատկերացնում ենք ձեր դժւարութիւնները, այն խնդիրները, որոնք ամէն օր ծառանում են ձեր առջև: Դրանք առաջին հերթին խնդիրներ են, որոնք բխում են Սփիւռքի մեր գաղթօջախների առջև կանգնած մարտահրաւէրներից, բայց կան նաև այնպիսիք, որոնք կարող են և պէտք է լուծւեն համատեղ աշխատանքով, Հայաստանի
կառավարութեան հետ աւելի սերտ համագործակցութեամբ: Մենք նաև ոգևորւում ենք` տեսնելով, որ պարբերաբար հայկական նոր տեղեկատւական միջոցներ են ստեղծւում աշխարհի տարբեր անկիւններում, այդ թւում նաև օտար լեզուներով գործող հայկական լրատւամիջոցներ: Սա իսկապէս լաւ միտում է: Միջազգային լրատւական դաշտում մենք թէ´ քանակապէս, թէ´ որակապէս ամրանալու մեծ խնդիր ունենք: Սուտ ու կեղծիք, սև քարոզչութիւն տարածող մեր հարևանի նաւթադոլարներին մենք հակադրել ու հակադրելու ենք աշխարհասփիւռ մարդկային մեր ներուժը, և մենք յաղթելու ենք, որովհետև ստով ու կեղծիքով հնարաւոր չէ հեռու
գնալ:
Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրաւունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիւ լրատւութեան: Մենք կարիք չունենք գունազարդելու Արցախի կամ Հայաստանի Հանրապետութեան իրականութիւնը, բայց մենք պէտք է կարողանանք
նաև կանխել ամէն ինչ սևացնելու մարմաջը: Ո´չ գունազարդել, ո´չ սևացնել` պարզապէս ակտիւ ներկայացնել ճշմարտութիւնը. սա է խնդիրը, որը մենք միասին պէտք է լուծենք:
Այո´, Ադրբեջանում ակնյայտ է հակահայկական ֆաշիզմի ծաւալումը, որ իրականացւում է ծրագրւած կերպով և ամենաբարձր մակարդակով: Խօսքը ոչ թէ առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլութեամբ տառապող հիւանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախօսութեան, ըստ որի «ներկա­յիս Հայաստանը ստեղծւել է պատմական ադրբեջանական հողերի վրայ»: Այսինքն` ոչ
միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանութեամբ և այս համատեքստում է, որ Արցախը յայտնւում է, այսպէս կոչւած, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հէնց երէկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից:
Ինչո՞ւ է այս ծայրայեղ ազգայնական դիրքորոշումը դրսևորւում յատկապէս հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրութիւնը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնօրէն ճաէնաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Աւելին` Արցախի ժողովրդի ազատկամ արտայայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերեալ և դրա արդիւնքները պէտք է պարտադիր իրաւական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի յուսահատական ջղաձգումների մեխը հէնց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կեանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանութիւնից` կարծես դեռ չեն էլ պատրաստւում:Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պէտք է գտնւի խաղաղ բանակցութիւնների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խօսքերով) «երբէք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»: Արդեօ՞ք, սա միայն ներքին օգտագործման քարոզչութիւն է: Գուցէ: Բայց ի՞նչ կարող են դրանից շահել ներքին օգտագործողները, այսինքն` Ադրբեջանի ժողովուրդը կամ արտաքին ներդրողները:
Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտութիւնները վերածւել են ռազմաշունչ յայտարարութիւնների գեներատորի: Նոյնիսկ դժւար է որոշել թէ որտեղ է ավարտվում գիտութիւնը և սկսւում խամաճիկութիւնը:
Արցախի դէպքում բերւում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներէն են (գոնէ ասեն թուրքերէն կամ պարսկերէն) և ոչ հայերէն: Ինչպէ՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անւանում ունենալ բնակավայրը:
Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակւում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եւ այդ սերնդին այդպէս էլ թոյլ չեն տայ տեղեկանալ, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայւած է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը, որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրեայ աշխարհագրագէտներին յայտնի էր, ինչպէս Ստրաբոնն է գրում, որպէս Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազօրը ամենախոշորն էր, որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում`
Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անւանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբիւր», և որ երկրամասի բնակչութիւնը հազարամեակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապէս հայեր, ինչը հաստատում են նոյնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտօնական աղբիւրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կէսից այստեղ սկսում են բնակւել աննշան քանակութեամբ թուրք քոչւոր ցեղեր, որոնց թւաքանակը անցեալ դարի սկզբներին հասաւ հազիվ բնակչութեան ընդհանուր թւի հինգ տոկոսին:
Այդ սերնդին այդպէս էլ թոյլ չեն տայ իմանալ, որ հազարաւոր պատմական մատեաններում, որտեղ խօսւում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկայ, որովհետև չէր կարող լինել: Իսկ այդ բառը որևէ տեղ առաջին անգամ յայտնւել է ընդամենը մէկ դար առաջ: Կրկնում եմ` ընդամէնը մէկ դար առաջ:
Աւելին ասեմ. իր ելոյթներից մէկում Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ստեփանակերտ անունը կայ միայն, իր խօսքերով, «բանդիտ» Ստեփան Շահումեանի անւան պատճառով: Չակերտաւոր ադրբեջանական հողեր ազատագրելու պատրաստւող սերունդը մի օր հաստատ շուռ է գալու ու հարց տայ. մի՞թէ Մոսկւայի լաւագոյն համալսարաններից մէկի ուսանողը չպէտք է տեղեակ լինէր նոյն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հէյդար Ալիևի` բուռն ծափահարութիւնների ներքոյ հնչեցրած մտքերին. «Ստեփան Գէորգիի Շահումեանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատաւորների բոլոր սերունդների համար ներշնչման օրինակ է», «Եւ այսօր մենք հպարտութեամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակւայ ղեկավարը խօսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից) որ Ստեփան Շահումեանը նաև ադրբեջանցի ժողովրդի զաւակն է»: Այսպէս էր խօսում Հէյդար Ալիևը:
Հիւանդ երևակայութիւնը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնէական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակւում են ադրբեջանական: Աւելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնէութիւն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախօսը. «Մէկ ազգ, երկու պետութիւն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մէկ ազգ են, բայց ապրում են երկու պետութեան մէջ: Հինգ րոպէ յետոյ ասում են, որ իրենք թուրք չեն, աւելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղւան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատեանները վառել են, եղել են աղւան և կառուցել են քրիստոնէական ճարտարապետութեան գլուխգործոցներ, որոնք բոլորը իւրացւել են հայերի կողմից, յետոյ փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Յետոյ աշխարհի առաջին քրիստոնէա-աղւան-ադրբեջանցիները փոխել են իրենց հաւատը և դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաև այն թէզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպատականի օրինական տէրը:
Լեզու փոխելը, ազգ ու կրօն փոխելը, աշխարհագրութիւն ու պատմութիւն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդէն մեր գործն է:
Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտութիւն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թւում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Յետոյ ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թէ պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից յետոյ ինքը սկսեց «խրոխտ» կեցւածքով պայմաններ թելադրել: Կարծես թէ աշխարհում եղել է մի դէպք, երբ պարտւող զաւթիչներն են պայմաններ թելադրել:
Ադրբեջանցիներն, իհարկէ, իրենց դէմքը փրկելու համար ամենուր վայհռետորութիւն են անում, թէ հայերն այլ երկրի օգնութեամբ են պատերազմում յաղթանակ տարել: Պարզ է. այլապէս ինչպէ՞ս պէտք է բացատրէին փոքրաթիւ հայերից ջախջախիչ պարտութիւն կրելու փաստը: Բայց այդպէս էլ քաջութիւն չունեն հրապարակաւ պաշտօնապէս յայտարարելու, թէ այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խօսքը: Բա ասէ՞ք: Ասէք, որ փաստերով ցոյց տանք, որ ստում էք:Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագայ չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, յետոյ էլ ապշում, երբ պարզւում է, որ բազմաթիւ խնդիրների վերաբերեալ աշխարհը բոլորովին այլ տեսակէտ ունի:
Վերջում կուզենայի կիսւել ձեզ հետ մի ուսումնասիրութեան մասին, որ վերջերս կատարւել է մասնագէտների կողմից: Գենէտիկների և լեզւաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկայ ոչ մի Հայ, բարդ ու տևական ուսումնասիրութիւն է կատարել: Ըստ վերջին արդիւնքների, Հայոց լեզուն առնւազն 8 հազար տարւայ պատմութիւն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյութիւն ունենք առնւազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դէմ ճոռոմ-ճոռոմ խօսել են շատերը, այդ թւում և` աւելի շատ տարածք, աւելի մեծ գլխաքանակ և աւելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց յաջողւել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնութիւնն այսօր չկայ, լքել է պատմութեան թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնւազն առաջիկայ 8 հազար տարիներին:
Շնորհակալութիւն, և բարո´վ էք եկել հայրենիք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: