Անցնում ենք ձմեռային ժամանակի.

ի՞նչ օգուտներ և վնասներ կան դրանից

Կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, Հայաստանում

ժամացոյցի սլաքները պէտք է տանել մէկ ժամ յետ



10:33 • 30.10.10
ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը տեղեկացնում է, որ ըստ «ՀՀ տարածքում ժամանակի հաշւարկման կարգի մասին» ՀՀ օրէնքի` 2010թ. հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, ժամացոյցի սլաքները պէտք է տանել մէկ ժամ յետ:
Ինչպէս գրում է «Կապիտալ» օրաթերթը, ընդունւած է ասել, որ անցնում ենք ձմեռային ժամանակի, սակայն դա կոռէկտ բնորոշում չէ, քանի որ ժամասլաքի փոփոխութիւնները կատարւում են ամռանը (անցում ամառային ժամանակին), իսկ ձմռանը վերադառնում ենք նորմալ գօտիական ժամանակին: Յիշեցնենք, որ ամառային ժամանակին անցումը կատարւում է մարտի վերջին կիրակի օրը: Ամառային ժամանակը կիրառւում է էլեկտրաէներգիայի խնայողութեան նպատակով: Առաջին անգամ օգտագործւել է Անգլիայում՝ 1908թ.: Ներկայում 76 երկիր այս կամ այն ձևով օգտւում է ամառային ժամանակից, դրանցից 10-ում այն պարտադիր է տարածքի միայն մի մասի նկատմամբ:
Ամառային ժամանակից օգտւում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարեա ողջ Եւրոպայում, Ռուսաստանում: Սակայն 128 երկիր դրա կարիքը չի զգում: Ամառային ժամանակից հրաժարւել են հասարակածին մօտ գտնւող երկրները, ինչպէս նաև Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան և Կենտրոնական Ասիայի պետութիւնները:
Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպէսզի առաւելագոյնս օգտագործի օրւայ լուսաւոր ժամանակահատւածը: Դա հնարաւորութիւն է տալիս նաև զգալի էլեկտրաէներգիայ տնտեսել, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիւութեան շրջանը համընկնում է լուսաւոր ժամերի հետ:Սակայն ամառային ժամանակի կիրառումն ունի բազմաթիւ հակառակորդներ: Քննադատներն ասում են, որ ժամասլաքների փոփոխութիւնը բացասաբար է անդրադառնում մարդու առողջութեան վրայ, իսկ տնտեսական օգուտն ապացուցւած չէ:
Ղազախստանը, օրինակ, 2005թ. հրաժարւեց ամառային ժամանակի օգտագործումից, քանի որ դրա հետևանքով աւելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, աճում են արտադրական տրաւմատիզմի դէպքերը:
Մարդկանց վրայ յատկապէս բացասաբար է անդրադառնում ժամասլաքի ձմեռային փոփոխութիւնը: Հոգեբանները զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս սթրեսներից խուսափելու համար փոխել օրւայ ռեժիմը՝ աւելի վաղ քնել, չընթրել և երեկոյեան 6-ից յետոյ չօգտագործել թունդ խմիչքներ: Առաջարկւում է նաև ժամասլաքի փոփոխութիւնն իրականացնել ոչ թէ շաբաթ, այլ ուրբաթ գիշերը, որպէսզի մարդիկ հասցնեն յարմարւել:


Tert.am



0 Պատգամ: