Աստաբացեան.-
Կարմիր Խաչը կազմ ու պատրաստ է գերիների
փոխանմակման գործողութիւններ սկսելուն
Հոկտեմբեր 30, 2010 14:30
Հայաստանեան Կարմիր Խաչը կազմ ու պատրաստ է ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման գործողութիւններ սկսելուն. հարկաւոր է միայն, որ այդ մասին իրենց տեղեկացնեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացեանը:
«Մեր դերն այս հարցում չեզոք միջնորդի դերն է։ Մենք անկախ հումանիտար կազմակերպութիւն ենք, որն ունի մանդատ եւ չեզոք միջնորդի կարգավիճակ: Աւելին այս պահին ասել չեմ կարող»,- շեշտեց նա՝ միաժամանակ աւելացնելով, որ չի կարող նշել անգամ փոխանակման գործողութիւնների մօտաւոր ժամկէտները։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքներով պայմանաւորւել են ռազմագերիների եւ զոհւածների դիակների փոխանակում իրականացնել:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 6 հայ ռազմագերի եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացեանը յայտնեց, որ Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարւայ Յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Աստաբացեանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնւում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մէկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ յայտնելով, որ դա կազմակերպութեան սկզբունքն է, եւ իրենք իրաւունք չունեն յայտնել այդ անձանց անունները:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսէյնովը, նաեւ 47-ամեայ Էլդար Թագիեւը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: