«Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով»
24 /10/ 2010
ՀԱՐՑ- Պրն. նախագահ, բանակի մասին վերջին շրջանում հրապարակումներն աւելի յաճախակի են դարձել: Ի՞նչ էք մտածում, ինչպէ՞ս էք վերաբերում այս երեւոյթին:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ- Այդ երեւոյթին շատ վատ եմ վերաբերում, ոչ թէ այն երեւոյթին, որ բանակի մասին շատ է գրւում, շատ է խօսւում, այլ ա՛յն երեւոյթին, որ կոչւում է բանակի պախարակում՝ ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից: Երբեք մեր բանակը զերծ չի եղել պատահարներից, երբեք մեր բանակում չեն եղել տարիներ, երբ զինւոր չզոհւի, սպայ չմահանայ, դժբախտ պատահար տեղի չունենայ, որովհետեւ մեր բանակը հսկայական կառոյց է, մեր բանակը գործող բանակ է, եւ, վերջապէս, իւրաքանչիւր բանակ հանդիսանում է հասարակութեան անբաժան մասը:
Բանակը հասարակութեան հայելին է, եւ այն թերութիւնները, այն խնդիրները, որ գոյութիւն ունեն հասարակութեան մէջ՝ այս կամ այն չափով, իհարկէ, միշտ գոյութիւն են ունենալու բանակում, լինի դա Հայաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում թէ այլուր: Իհարկէ, բանակը շատ աւելի կազմակերպւած, շատ աւելի կարգապահ, շատ աւելի կատարելագործւած կառոյց է, քան՝ այլ կառոյցները, եւ բանակի նկատմամբ մեր պահանջները շատ աւելի բարձր են, քան՝ այլ կառոյցների նկատմամբ:
Այս տեսանկիւնից նայելով՝ իհարկէ, ես մտահոգւած եմ բոլոր այն դէպքերով, որ տեղի են ունենում մեր զինւած ուժերում, բայց մի վայրկեան անգամ չեմ կասկածում, որ ամէն օր, ամէն ժամ մեր բանակը դառնում է աւելի մարտունակ, մեր բանակն աւելի է կատարելագործւում, եւ վստահ եմ, որ իւրաքանչիւր հայ ուղղակի պէտք է հպարտանայ մեր զինւած ուժերով:
Ես ողջունում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր հայկական բանակը համարում են՝ մեր աչքի լոյսը, մեր հպարտութեան առարկան, մեր պատիւն ու արժանապատւութիւնը պաշտպանողը: Նաեւ ողջունում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր խօսում են բանակում եղած թերութիւնների մասին, բայց խօսում են սրտի ցաւով, խօսում են այն պատճառով, որ վաղը աւելի լաւ բանակ ունենանք, որպէսզի աւելի քիչ երիտասարդ զոհւի կամ սպանւի բանակում:
Ներողութիւն բառիս համար, ես ընդհանրապէս կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզւում եմ այն բոլոր մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշւին քաղաքական շահեր ձեռք բերել եւ, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացւել, այն բոլոր մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարութիւն ունենալ մեր զինւած ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են:
Պէտք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտօններ են զբաղեցրել մեր զինւած ուժերի կառավարման համակարգում, բայց այդպէս էլ չեն կարողացել հասկանալ, թէ ինչ է հայկական բանակը եւ ինչ են, ընդհանրապէս, մեր զինւած ուժերն իրենցից ներկայացնում:
Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողութիւն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասէր ուժերին, ի վերջոյ, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ մեր բանակին վերաբերեն ջերմութեամբ, չեմ բացառում՝ նաեւ խստութեամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտութեան առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով:
Փառք Աստծոյ, դեռեւս խաղաղութիւն է: Ընդամէնը մէկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելութիւնը կարող է կատարել, եւ այդ ապացոյցն այսօր բոլորը կարող են տեսնել, շօշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտւում են բանակի կատարած սխրագործութեան արդիւնքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պէտք ընդհանրապէս:

«ArmAr.am»

0 Պատգամ: