ՀՅԴ.–

«Արձանագրութիւնների
վերաբերեալ Հայաստանում
քննարկումներ չեն արւում»
13:46 / 14.09.2009
Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւններում նշւած ներքաղաքական քննարկումների պահանջը Հայաստանում չի կատարւում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին «Հայէլի» ակումբում յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Վահան Յովհաննիսեանը:
Դաշնակցական գործիչը ասաց, որ ՀՅԴ-ն առաջիկայ 4-5 շաբաթների ընթացքում, որ նախատեսւած են քննարկումների համար, բողոքի գործողութիւններ է իրականացնելու: «Կուսակցութիւնը բաւարարւած չէ իբր թէ քննարկումներով: Ի տարբերութիւն Թուրքիայի, որտեղ արտգործնախարար Դավութօլղուն հանդիպում է քաղաքական ուժերի հետ, Հայաստանի իշխանութիւնները քննարկումներ չեն անցկացնում այն պարզ պատճառով, որ գիտակցում են, թէ ինչ թոյլ են իրենց փաստարկները», ասաց Յովհաննիսեանը:
ՀՅԴ-ն, ի դէպ, այսօր մի փաստաթուղթ է տարածելու, որտեղ նշել է, թէ արձանագրութիւնների վերաբերեալ ՀՅԴ-ն ինչ առաջարկներ ունի:
Լրագրողներից մէկի դիտարկմանը, թէ Սերժ Սարգսեանն առաջիկայում հանդիպելու է քաղաքական ուժերի հետ, Վահան Յովհաննիսեանը նկատեց. «Եթէ նման բան լինի, դա ողջունելի կը լինի, բայց ոչ բաւարար»:
Յիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շւէյցարիայի Արտաքին Գործոց Նախարարները հանդէս եկան մամուլի հաղորդագրութեամբ՝ ներկայացնելով նախաստորագրւած երկու արձանագրութիւն, որոնց վերաբերեալ վեց շաբաթւայ ընթացքում պէտք է ներքաղաքական քննարկումներ անցկացւեն յարաբերութիւնների կարգաւորման շուրջ:

NEWS.am

0 Պատգամ: