Սերժ Սարգսեանը կը լսի Սփիւռքին


20:00 / 17.09.2009
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն առաջիկայում շրջագայութեան է մեկնելու Սփիւռքի Հայ գաղթօջախներ՝ արտերկրի հայերին ներկայացնելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Այդ մասին Սերժ Սարգսեանն ասել է սեպտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպմանը:
Նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 16-ի հրամանագրով Հայ-բրիտանական յարաբերութիւնների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական աւանդի, ինչպէս նաեւ բազմամեա անխոնջ եւ անձնւէր մարդասիրական գործունէութեան համար Քերոլայն Քոքսին պարգեւատրել է Պատւոյ շքանշանով:
Նշելով, որ այս օրերին Հայաստանում ամենաքննարկւող թեման Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն է, եւ մօտակայ օրերին Հայաստանում տեղի կունենան տարբեր ձեւաչափերով բազմաթիւ քննարկումներ, նախագահը Քոքսին ասել է, որ առաջիկայ շաբաթների ընթացքում կայցելի մի շարք հայաշատ գաղթօջախներ` լսելու Սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների կարծիքը համազգային նշանակութեան այս խնդրի վերաբերեալ: Սերժ Սարգսեանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած վերջին արձանագրութիւնները, շեշտել, որ բանակցութիւնները չեն պարունակում որեւէ նախապայման: «Սա շատ բարդ, ցաւօտ, բայց միաժամանակ անհրաժեշտ գործընթաց է»,- ընդգծել է նա:



NEWS.am

0 Պատգամ: