Ուշացած համբիւր...
Նա երբեք այսպէս տարօրինակ ձեւով քնից չէր արթնացել: Մի կողմից չոր ու կոպիտ ներքնակը՝ գորգը քերում էր թիկունքն ու մարմինը, միւս կողմից անչափ քաղցր ու անկրկնւելի երազը համոզում էր, որ մի կերպ համակերպւի անյարմար փռւացքի հետ ու դեռ երկար վայելի իսկական երազանք համարւող անմոռանալի երազը...
Վահանի համար միշտ էլ, ... երկա՜ր - տարիներ անիրականալի երազանք էր համարւում արդէն իսկ պառաւած Լիլոյին համբիւրելը... այն էլ սեղմ ու սրտի խորքից, ամենայն հոգով ու գինի դարձած կարօտով համբիւրելը...
+++
Հազիւ 15 -16 տարեկան պատանիներ էին նրանք, երբ առաջին անգամ հանդիպելով, միմեանց սիրտը խլեցին՝ Վահանն ու Լիլօն: Ամօթխածութեամբ էին նայում իրար ու միշտ էլ թաքուն ժպիտով բարեւում: Երկուսն էլ հեռւից միմեանց հանդիպելիս ներքուստ այլայլւում էին: Անասանելի ձեւով վառւում էր կրքերը... փոթորիկ էր սրտերի մէջ ու կարծես ջրաղացի ծանր քարերի արանքում ծեծւում էր ինչ որ զգացում, մի տեսակ անսովոր ու տարօրինակ մի բան... չփորձւած մի անծանօթ երեւոյթ, քաղցր, բայց չափազանց նեղացնող մի զգացում...
Նրանք յետո՜յ իմացան որ դրան, այդ անսովոր ու սիրտը ճմլող ապրումներին՝ ՍԷՐ... են ասում...Լիլօն ու Վահանն առանց իմանալու, առանց սէրը ճանաչելու՝ միանգամից սիրահարւեցին... ու խոստովանեցին, որ երկուսն էլ նման պահեր են ապրել, խանդավառւելով՝ բոցավառել են իրենց սրտի ինչ որ մի անկիւնը եւ այդ բոցով՝ ջերմացրել ու փայփայել են այդ անսպասելի, անծանօթ ու անկոչ բայց եւ այնքան սիրելի հիւրին...
Նրանք յետո՜յ իմացան որ դրան, այդ անսովոր ու սիրտը ճմլող ապրումներին՝ ՍԷՐ... են ասում...Լիլօն ու Վահանն առանց իմանալու, առանց սէրը ճանաչելու՝ միանգամից սիրահարւեցին... ու խոստովանեցին, որ երկուսն էլ նման պահեր են ապրել, խանդավառւելով՝ բոցավառել են իրենց սրտի ինչ որ մի անկիւնը եւ այդ բոցով՝ ջերմացրել ու փայփայել են այդ անսպասելի, անծանօթ ու անկոչ բայց եւ այնքան սիրելի հիւրին...
Անծանօթ հիւր՝ որի հետ ընտելացան այնքան արագ ու այնքան սերտ ու սեղմ, որին ուրանալը դարձաւ ամենաանկարելին ու անցանկալին:Շատ երկար տեւեց, որ միմեանց սէր խոստացան: Առաջինը չէր յանդգնում ու միւսը չէր հաւատում... բայց երկար չտեւեց, որ Վահանն էլ, Լիլօն էլ հաւատացին, համոզւեցին, որ միմեանց կեանքը ինչ որ մի կերպ միաձուլւել է, անբաժան է:
Նրանք դեռ պատանիներ էին...ու լսելով մեծերից, կարծում էին գուցէ անցողիկ է, թէեւ այդ տարիքում դժւար հասկանան նման տրամաբանութիւն:
+++
Անցան մի քանի տարի: Չափազանց մտերմութիւն ու հասունացած սէր արմատաւորւեց միմեանց մէջ, բայց սէր արտայայտելու ամենացայտուն միջոցը դարձաւ միայն նրանց ձեռքերի գրկախառնւելը..., եւ ուրիշ ոչինչ... Այն էլ պատահմամբ, երբ ձմռան մի ցուրտ օր, Թեհրանի թատրոնային համալիրներից մէկի պարտէզում քայլում էին ձեան տակ ու դող անցաւ Լիլոյի մարմնից...
Նրա նիհար ու փոքրիկ մարմինը չէր հանդուրժում այդպիսի ցուրտ. մինչ Վահանը բոցավառւած Լիլոյի ոսկեգոյն երկար ծամերի ու թափանցիկ կանաչ աչքերի ջերմութիւնից, խեղճ աղջկան քաշ էր տալիս ձիւների տակ...
Հէնց այդտեղ էր, որ պատահեց նրանց առաջին վէճը, որ այնքան մեղմ էր ու քաղցր...: Թէեւ Լիլօն մի քանի անգամներ բացատրելով իրենց ընտանիքի աւանդական դրւածքը, ուզել էր, որ գոնէ մի փունջ ծաղիկով իր ձեռքը խնդրել հօրից, բայց տղան ոչ թէ չէր ուզում, այլ տրամաբանօրէն ի վիճակի չէր...
Նման առաջարկութիւններ անգամներ եղան տղային. երբեմն կէս կատակ ու երբեմն լուրջ: Բայց Վահանը կարծելով որ ոչին՛չ, նոյնիսկ Լիլոյի հայրն իր կոպտութեամբ չի կարող փլեցնի գոյնզգոյն յոյսերով ու դողդոջուն յոյզերով կառուցած իրենց սիրոյ ապարանքը, մի օր յանկարծակի գալով ու չհաւատալով տեսաւ իրենց շքեղ սիրոյ կայսրութեան փլուզումը...
Անձրեւոտ օր էր, երկուսի երազանքները փայփայել տրամադրող մի եղանակ: Ամէն անգամւայ նման Լիլոյի ձեռքը պար էր բռնում Վահանի ձեռքի հետ՝ տղայի տաքուկ գրպանում... բայց հէնց այդ շքեղ պահին պատահեց անցանկալին:
Աղջիկն արցունքախառն «ժպտուն» այտերը միւս կողմ թեքած խոստովանեց, որ այլեւս չի կարող յանդիմանել հօր յամառումներին ու... յանկարծ չկամութեամբ սեղմւած ձեռքը, դանդաղօրէն սողաց ու բաժանւեց, ու «ազատւեց»...
Եւ նոյնիսկ վերջին անգամ իրենց ժամադրավայր սրճարանում լսեցին իրենց այնքան սիրած՝ Խոզէ Ֆիլիսիանոյի Rain-ը... անգամներ ու անգամներ լսեցին. լսեցին ու վշտացան, լսեցին ու յիշեցին,- Լսիր անձրեւի ձայնն իր բոլոր կաթիլներով, թող որ ամբողջ գիշերը տեղայ անձրեւն իր կաթիլներով, թող տեղայ մինչեւ այն պահ որ միասին ենք... ո՜վ է վախենում երկնքից, երբ սիրում ենք իրար...թող տեղայ անձրեւը, եւ այդ բոլոր աղմուկի մէջ ես լսում եմ քո ձայնը... Let my love for you go strong, As long we’re together...
+++
Թէ ինչ պատահե՞ց, աւելորդ է այդ մասին...: Երկուսն էլ ամուսնացան... ու անցան փոթորկալից տարիներ... Յաճախ պատահականօրէն միմեանց հանդիպում էին մանաւանդ 80-ական թւականների դպրոցական հարցերի կապակցութեամբ կազմակերպւող համահաւաքներին:
Չէին հանդիպում, աւելի ճիշտ հեռւից տեսնում էին միայն: Բայց հայեացքները չէին կարող չպատմել անցնող օրերի ու ապրումների մասին...: Շատ խորն էին միմեանց հայեացքներն ու բազմաթիւ էին փոխանակւող պատմելիքները:
Խորն էին, շա՜տ խորը, բայց ոչ այնքան, որ խորտակւէին այդ խորութեան մէջ... Նրանք միայն իրենց կարճատեւ երջանկութեան երազանքներով էին լողում այդ բաց կապոյտ խորութեան մէջ...
Այդ երկարատեւ հեռակայ սիրասուզման ընթացքում, նրանք միայն անկեղծօրէն սիրեցին միմեանց, բայց երբեք, երբե՜ք նոյնիսկ չմտածեցին միմեանց կողակիցներին դաւաճանելու մասին... եւ դա էր քաղցրաւենիք գինու իսկութեան թանկարժէք գաղտնիքը... թաքնւած սէր, զուլալ սրտերում...
+++
Նա երբեք այսպէս տարօրինակ ձեւով քնից չէր արթնացել: Մի կողմից չոր ու կոպիտ ներքնակը՝ գորգը քերում էր թիկունքն ու մարմինը, միւս կողմից անչափ քաղցր ու անկրկնելի երազը համոզում էր, որ մի կերպ համակերպւի անյարմար փռւացքի հետ ու դեռ երկար վայելի իսկական երազանք համարւող անմոռանալի երազը...
Վահանի համար միշտ էլ, ... երկա՜ր - տարիներ անիրականալի երազանք էր համարւում արդէն իսկ պառաւած Լիլոյին համբիւրելը... այն էլ սեղմ ու սրտի խորքից, ամենայն հոգով ու գինի դարձած կարօտով համբիւրը... զուլալ սրտերի թաքնւած գաղտնիքը... ...
Բայց այս անգամ տարիքն առած Վահանն արթնացաւ ոչ թէ անյարմար ներքնակի կոպտութիւնից, այլ ժամացոյցի զիլ զրնգոցից, որ անկողնուց դուրս էր կանչում չուշանալու համար: Իսկ ուշանալ ինչի՞ց, երբ ամբողջ սէրն էր տարւել... դաժան օրերի անհասկանալի խաղի ընթացքում:
Սիրահարւածներն ամէնն էլ սէրն ու սիրային յոյզերը վեր են դասում ամէ՜ն ինչից, նոյնիսկ եթէ լինեն տարիքն առած մեծահասակներ: Շատ յաճախ սիրոյ բացակայութիւնը (ներողութիւն սիրոյ տապալումն) աշխարհանցում են համարում, բայց դա մինչեւ այն ժամանակ, երբ շօշափւող կեանքն իր յոշոտող ճանկերն է գցում երեսիդ, ու հոգիդ հանել է ուզում: Եւ նոյն վայրագութեամբ խլում է նաեւ որդուդ ու ընտանիքիդ հանդարտ առօրեան ու հանգիստը...
Եւ արթնանում ես, բայց ոչ ուշացած, ոչ չկամութեամբ, ոչ ալարելով, այլ ժամանակին, ճիշտ ժամանակին...գուցէեւ ժամանակից շուտ... Շուտ պիտի փութալ, շուտն էլ դեռ ուշ է...
Դրսում հասարակութեան գայլերն են ոռնում, որս են որոնում, արեան հօտ են տարածում, սարսափ են սփռում: Սարսափելին այդ չի, սարսափը գայլակեր մարդիկ են, որոնք կանաչ ու կարմիր եւ կապոյտ արժեթղթերի մնացորդը ժանգոտ ատամների արանքներից կախւած՝ փողկապ կապած «պարոններ» են կոչւում... հազարաւոր կտոր աղիւսների ու քառպիճների ցեխոտ փոշու խեժը գրպաններից կախւած, «պատւարժան յարգելի»ներ են անւանւում...
Այսպիսի խժդժութեան մէջ երկաթներն էլ հեշտութեամբ ծալւում ու տեղաւորւում են նոյնիսկ ծոցի գրպաններում... եւ այսպիսի քաղաքի երկնքից երբեք օրհնաբեր անձրեւ չի տեղայ, եւ ոչ էլ անձրեւի կաթիլները ձայն են ունենում..., աղմուկ, աղաղակ՝ ամօթից... ու սէրն էլ ամաչում է անկեղծ կոչւելուց... անարատ լինելուց... ու Լիլօն զարմանում է, որ երբ երկաթն է այսքան հեշտ ծալւում, հօր սիրտն ինչից էր, տարիներ առաջ, որ նոյնիսկ չփափկեց... բայց հայրը մնաց իսկական պարոն, պատւարժան յարգելի, խեղճը միայն մի զոյգ սիրտ էր փշրել՝ ընդամէնը...
+++
Վահանը նստած հին պատշգամբին, անձրեւի կաթիլների հետ մեղմ զրուցում էր.- Թող անձրեւ տեղայ եւ անձրեւի տակ մեր սէրը զօրանայ, հոգ չեմ տանում օդից, մինչեւ այն ժամ, որ միասին ենք... թող ձուլւեն երկաթներ ու հալւեն աղիւսներ, կարեւոր է, որ շատ չուշացանք...
Ով որ խիղճ ունի ու սիրում է դրացիներին, թող որ մեզ մօտ գայ, միասին լուծենք այս առեղծւածը, կամ էլ գլորւենք փորւած շէնքի անդունդի մէջ, կառոյցը փրկենք թէ սիրենք միայն... թէեւ համով է համբիւրն ուշացած...
+++
Հին գիթարը երգում է ուրախ, եւ բրիչն էլ քանդում է..., փորում... , արիւն է կաթում ատամների արանքներից... եւ մենք իրար ձայնը չենք լսում...
ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ
0 Պատգամ:
Post a Comment