Սերժ Սարգսեան.–

«Կամ մենք ուղի ենք հարթում դէպի նոր Հարաւային Կովկաս, կամ էլ խորացնում ենք հակասութիւնները, անվստահութիւնը եւ թշնամութիւնը»


17:24 / 07.09.2009
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացն ուղղւած է երկու երկրների միջեւ 21 դարին բնորոշ յարաբերութիւնների հաստատմանը: Այդ մասին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Նրա խօսքերով՝ ներկայումս երկու երկրներում էլ նախաստորագրւած արձանագրութիւնների շուրջ ներքին խորհրդակցութիւններ են ընթանում: «Մենք առաջին անգամ հանրութեան դատին ենք ներկայացնում միջազգային համաձայնագրեր»,- նկատել է Հայաստանի նախագահը: Նրա խօսքով՝ մինչ փաստաթղթերի անմիջական ստորագրումը նպատակ է դրւած «լայն քննարկումներ կազմակերպել եւ տեսնել պատկերի ողջ խորութիւնը»:
«Վստահ եմ, որ այժմ ամէն ինչ կախւած է քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին ղեկավարների հեռատեսութիւնից եւ կամքից: Կամ մենք ուղի ենք հարթում դէպի նոր Հարաւային Կովկաս, կամ էլ խորացնում ենք հակասութիւնները, անվստահութիւնը եւ թշնամութիւնը: Յոյսով եմ, որ կընտրենք առաջին ուղին»,- ընդգծել է Սերժ Սարգսեանը:
Յիշեցնենք, որ Հայաստանի նախագահը գտնւում է Խորվաթիայում երկու օրեայ պաշտօնական այցի շրջանակներում:

0 Պատգամ: