Դաշնակցութիւնը իր մտահոգութիւնները հնչեցրեց հանրահաւաքում


ՀՅԴ-ի հանրահաւաքը Շարլ Ազնաւուրի հրապարակում, 2- սեպտեմբերի, 2009թ. 02.09.2009
Անուշ Մարտիրոսեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չորեքշաբթի օրը մայրաքաղաքի Շարլ Ազնաւուրի անւան հրապարակում անցկացրած հանրահաւաքում հնչեցրեց իր մտահոգութիւնները հայ-թուրքական յարաբերութիւններում վերջին զարգացումների կապակցութեամբ:
Հանրահաւաքն անցաւ «Տէր կանգնենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը» եւ «Ո'չ թուրքական նախապայմաններին» կարգախօսներով։
«Որքան էլ մեր եւ ամերիկեան պաշտօնեաները պնդեն, թէ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ընթանում է առանց նախապայմանների, Թուրքիան, այնուամենայնիւ, դրանցից չի հրաժարւել։ Աւելին` նա հմտօրէն կարողացել է ամբողջ այս բանակցային փաթեթը կառուցել հէնց իր նախապայմանների շուրջ», - իր ելոյթում Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը: - «Առաջին հայեացքից պարզ է՝ արւում է ամէն բան, որ Սերժ Սարգսեանը Թուրքիա գնալուց չը հրաժարւի, Թուրքիայի աճող հեղինակութեանը վնաս չհասցնի»:
«Հայաստանի նոր նախագահի եւ նոր արտգործնախարարի՝ հրապարակային բանակցութիւնների ճանապարհով արագ արդիւնքների հասնելու ձգտումը մենք որակում ենք առնւազն որպէս անզգուշութիւն, որի գինը մեր երկրի եւ ժողովրդի համար կարող է շատ թանկ լինել», - շարունակեց նա։

Յովհաննիսեանը անդրադարձաւ նաեւ նախաստորագրւած արձանագրութիւններից մէկով նախատեսւած ենթայանձնաժողովի ստեղծման մասին դրոյթին՝ դա որակելով «խայտառակութիւն». - «Որքան էլ փորձեն մեզ համոզել, որ «պատմական հարթութիւնով զբաղւող» խումբը լինելու է ընդամէնը ենթայանձնաժողով միջկառավարական երկկողմ յանձնաժողովի կազմում, բայց գայլի ականջներն այստեղ էլ բացայայտ երեւում են»։
«Եւ թող չփորձեն մեզ լուրջ դէմքերով բացատրել, թէ սա, իբր, պարզ դիւանագիտական պրոտոկոլ է։ Այդպէս չէ։ Դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելն անպայման պայմանաւորւած չէ փոխադարձ տարածքային ամբողջականութիւն կամ սահման ճանաչելով», - սահմանների փոխադարձ ճանաչման դրոյթի վերաբերեալ ասաց ղեկավար դաշնակցականը։
Նրա համոզմամբ, թէեւ Ղարաբաղեան կարգաւորման հարցը ներկայացւած փաստաթղթերում ուղղակիօրէն չի յիշատակւում, այնուամենայնիւ «կայ մտահոգութիւն, որ հայ-թուրք յարաբերութիւնների կարգաւորումը զուգորդւելու է Ղարաբաղեան հարցում հայկական կողմին միակողմանի զիջումների պարտադրմամբ»։
Այս կապակցութեամբ Յովհաննիսեանը յիշեցրեց Թուրքիայի արտգործնախարարի վերջին յայտարարութիւնը. - «Թուրք արտգործնախարարը անգամ այս արձանագրութիւնների հրապարակումից յետոյ չմօռացաւ յիշեցնել՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման բոլոր փուլերում Ադրբեջանի շահերը հաշւի են առնւելու։ Ուրեմն, կամ կը փորձեն մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով, կամ էլ պարզապէս ճանապարհը չեն բացի»:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը իր ելոյթում անդրադարձաւ Դաշնակցութեան կողմից նախարարի հրաժարականը պահանջելու հնարաւորութիւն հարցին՝ ասելով. - «Նախ՝ ուզենք, թէ չուզենք, գործող նախագահն է այսօր գլխաւոր բանակցողը, եւ նրան է վերապահւած անմիջական յարաբերութիւններում պաշտպանել մեր շահերը։
Քանի դեռ կայ հնարաւորութիւն կանխել վերջնական որեւէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը եւ նպաստել այդ գործի յաջողութեանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել։
Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգեան հանդիպումից առաջ` ս.թ. Յուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը։ Եւ նոյն հարցին յստակ պատասխան է հնչել, մենք սա անում ենք կանխելու մարդրիդեան սկզբունքների հիման վրայ հնարաւոր փաստաթղթի ընդունումը, եւ եթէ դա ստորագրւեց, մենք կը պահանջենք նաեւ նախագահի հրաժարականը»։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: