ՀՅԴ բիւրոյի անդամ. «Կամ զիջումներ են պոկելու
Լեռնային Ղարաբաղի հարցում, կամ սահմանը չեն
բացելու»



21:53 / 02.09.2009


Թեեւ յայտարարւում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորւում են առանց նախապայմանների, սակայն նախաստորագրւած արձանագրութիւնների ողջ փաթեթը կառուցւել է հէնց թուրքական նախապայմանների հիման վրայ:

Այսօր ՀՅԴ կողմից հրաւիրւած հանրահաւաքում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Վահան Յովհաննիսեանը: Նրա խօսքով, այդ արձանագրութիւններում դրոյթներից մէկով կողմերը ճանաչել են փոխադարձ սահմանները, ինչը թուրքական նախապայմաններից մէկն էր:
Այսինքն, ըստ նրա, Հայաստանը ճանաչում է այն սահմանները, որոնք երբէք առաջ չի ճանաչել, եւ որոնք հաստատւել են ռուս-թուրքական Կարսի պայմանագրով:
Բացի այդ, արձանագրութիւնում կէտ կայ, որտեղ կողմերը դատապարտում են ահաբեկչութիւնը եւ խոստանում համագործակցել այդ հարցում, որը որեւէ կերպ կապ չունի հայ-թուրքական յարաբերութիւնների հետ:
«Ուրեմն ո՞ւմ մասին է»,- հարց է տալիս Վահան Յովհաննիսեանն ու ինքն էլ պատասխանում, որ խօսքը հայ ֆիդայիների մասին է, ինչպէս նաեւ այն հերոսների, որոնք ազատագրեցին Արցախը: Իսկ ահա Ցեղասպանութիւնից հրաժարւելու Թուրքիայի նախապայմանը, դաշնակցական գործչի ներկայացմամբ, իր կիրառութիւնն է գտել հայ-թուրքական պատմաբանների ենթայանձնաժողով ստեղծելու ձեւով:
«Այդ յանձնաժողովը ցեասպանութեան հարցը վերածում է ակադեմիական հարցի: Սա խայտառակութիւն է եւ կապիտուլիացիա»,- ընդգծեց նա ու յաւելեց, որ առաջիկայ շաբաթների ընթացքում գործընթացը զուգորդւելու է Ղարաբաղի խնդրում զիջումներ կորզելով, որովհետեւ «չի եղել մի օր, որ թուրք պաշտօնեաները չխօսեն այն մասին, որ սահմանի բացումը կապւած է Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի հետ»:
«Ուրեմն կամ պոկելու են այդ զիջումները, կամ սահմանը չեն բացելու»,- ասաց նա:




News.am

0 Պատգամ: