Հ.Յ.Դ.-ն

Կրկին Հնչեցնում է Իր Մտահոգութիւննները


08.09.2009
Ստեփանեան Ռուզաննա

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը երեքշաբթի (այսօր) օրը կրկին հնչեցրեց կուսակցութեան մտահոգութիւնները անցած ամսւայ վերջին նախաստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների կապակցութեամբ:
Անդրադառնալով, մասնաւորապես, պատմական հարցերը քննարկելու նպատակով ենթայանձնաժողով ստեղծելու վերաբերեալ դրոյթին՝ Մարգարեանը նշեց, որ դրանով, փաստօրէն, քննարկման առարկայ է դառնում Ցեղասպանութեան հարցը, որը «արժանապատւութեան, արդարութեան, ինչպէս նաեւ Հայաստանի համար անվտանգութեան հարց է»:
«Այս ձեւով առաջ գնալով՝ մենք ազգի պառակտման սկիզբն ենք դնում», - լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հրանտ Մարգարեանը:
Աւելին, անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում իշխանութիւնների վարած քաղաքականութեանը՝ նա նախագահ Սերժ Սարգսեանին համեմատեց առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ. - «Վախենամ, որ Սերժ Սարգսեանը անում է այն, ինչ որ կուզէր անել Լեւոն Տէր-Պետրոսեանը»:
Ու թէեւ Դաշնակցութիւնը ժամանակին պահանջում էր Տէր-Պետրոսեանի հրաժարականը, այսօր կուսակցութիւնը Սարգսեանի հրաժարականի պահանջ չի դնում՝ առայժմ բաւարարւելով միայն արտգործնախարարի հրաժարականի պահանջով:
«Անշուշտ, նախագահը պատասխանատու է [երկրի արտաքին քաղաքականութեան համար], անշուշտ, մենք, արտգործնախարարի հրաժարականը պահանջելով, դրանով նաեւ կեցւածք ենք ցոյց տալիս նախագահի նկատմամբ», - պարզաբանեց Մարգարեանը: - «Սակայն նախագահի հրաժարական պահանջելը լրիւ ուրիշ խնդիր է, որը, ի հարկէ, բացառւած չէ, տաբու չէ, կարելի է մի օր էլ հասնել նման եզրակացութեան, բայց այսօր նման եզրակացութեան մենք չենք հասել»:
Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, թե արդեօ՞ք նախագահը գիտակցւած է գնում այդ քայլերին, Մարգարեանը ասաց, թէ նախագահը դա անում է «սխալ հաշւարկի» եւ «ճնշումների» արդիւնքում:
«Ես չեմ կարծում, որ որեւէ հայ գիտակցաբար գնում է հայութեան շահերին դէմ: Ես դրան չեմ հաւատում: Գործնական արդիւնքի ակնկալիքը, դժւարութիւնները, որ առկայ են, ներքին ճնշումները, ներքին ճնշումների եւ արտաքին ճնշումների կապը», - ասաց նա՝ յաւելելով. - «Ես հաւատացած եմ, որ դա վատութիւնից չէ գալիս, դա սխալ հաշւարկումից է գալիս»:
Դաշնակցութիւնը վտանգաւոր է համարում նաեւ այն դրոյթը, որով Հայաստանն ու Թուրքիան ճանաչում են այլ երկրների տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անխախտելիութեան սկզբունքը: Մինչդեռ, որեւէ խօսք չկայ ազգային ինքնորոշման սկզբունքի մասին:
Հրանտ Մարգարեանի համոզմամբ, այս դրոյթի հետեւում թաքնւած է Ղարաբաղի խնդիրը. - «Հետաքրքիր է. Թուրքիան ու Հայաստանը պայմանաւորւում են այլ երկրների հողային ամբողջականութի՞ւն ճանաչել, դա չի՞ վերաբերում Ադրբեջանին, բա ինչի՞ն է վերաբերում... Ինչո՞ւ այդտեղ գրւած չէ ազգային ինքնորոշման սկզբունքը»:
Նրա խօսքով, փաստաթղթի այս, ինչպէս նաեւ մտահոգիչ միւս դրոյթները պէտք է փոխոխւեն: Ընդ որում՝ Մարգարեանի համոզմամբ, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում որոշումներ կայացնելիս նախագահ Սերժ Սարգսեանը պատասխանատւութիւնը չպէտք է կիսի Ազգային ժողովի հետ. խնդրի լուծմանը պէտք է հասնել քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնների եւ քննարկումների արդիւնքնում:
«Եթէ պատահի, որ չկարողանանք տեքստի մէջ փոփոխութիւն մտցնել, զօրաւոր «ոչ»-ի նկատմամբ, մեր կամքը արտայայտելու նկատմամբ չի կարող իշխանութիւնը անտարբեր լինել: Եթէ անտարբեր գտնւեց ժողովրդի կամքի արտայայտութեան նկատմամբ, ինքը [իշխանութիւնը] իր կործանման ուղին կընդունի, ինքը կը գնայ ինքնասպանութեան: Բոլոր իշխանութիւնները, որ ժողովրդի կամքին դէմ են կանգնել, նրանք ոչնչացել են»:


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

0 Պատգամ: