«Ճանապարհային քարտէզ»-ի գաղտնազերծումը... .
Ինչպէս պարզւում է արդէն, ս. թ. ապրիլի 22-23-ին մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրած՝ հայ-թրքական յարաբերութիւնների եւ այսպէս ասած սահմանի բացման մասին խորհրդապահական կերպով հրապարակւած եւ միեւնոյն ժամանակ առեղծւածային «Ճանապարհային քարտէզ»-ը դիւանագիտական գաղտնի կաբինետներից դուրս է եկել ու արդէն յայտնւել է երկու երկրների հասարակական լայն շրջանակների սեղաններում...
Շւէյցարիայի (այն երկրի, որտեղ եւ ապրիլի 22-ին կեանքի էր կոչւել այդ «քարտէզ»-ը), Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնների համատեղ հաղորդագրութիւնը (թւագրւած ս. թ. երէկ՝ օգոստոսի 31-ի ուշ երեկոյեան), ինչպէս տեսնում է ընթերցողը, ահա, վկայութիւնն է վերոգրեալի:
Այն, որ «Ճանապարհային քարտէզ»-ը ուշ կամ կանուխ հրապարակւելու էր, սպասելի էր, բայցեւայնպէս՝ անցնող մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձութիւնները հիմք են տալիս խորհելու, որ այս ժամանակաշրջանում դրա հրապարակումը ինչ-որ չափով պայմանաւորւած է նոյն իրադարձութիւններով:
Ահա եւ դրանք.–
.-1- Անցնող շաբաթւայ կէսերին Հիլարի Քլինթոն-Սերժ Սարգսեան հեռախօսազրոյց՝ հայ-թրքական յարաբերութիւնների, ինչպէսեւ Ղարաբաղի հարցերի «շուտափոյթ» կարգաւորման մասին....
2- Հայաստանեան ազգային-քաղաքական շրջանակների եւ ի մասնաւորի՝ Հ. Յ. Դաշնակցութեան դիրքորոշումներում՝ հայ-թրքական յարաբերութիւնների այսպէս ասած «ֆուտբոլային դիւանագիտութեան» ձախողւած համարելը, ընդհուպ՝ արտգործնախարարի հրաժարականի պահանջադրութիւնը...
3- Նոյնինքն ՀՀ նախագահի գլխաւորած Հանրապետական կուսակցութեան փոխանախագահի կողմից Սերժ Սարգսեանի հոկտեմբերին նախատեսւած Թուրքիա այցի (Թուրքիա-Հայաստան ֆուտբոլի հաւաքականների դարձի խաղը դիտարկելու համար) հնարաւոր բացառումը...
4- Օրերս հէնց ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի նախապայմանային լեզւով դիրքորոշումների նկատմամբ «յուսախաբութիւն» յայտնելու հանգամանքը...
5- Հիլարի Քլինթոն-Դաւութօղլու նախօրեակին կայացած հեռախօսազրոյցը...
Ահաւասիկ, վերոգրեալները հիմք են տալիս մտածելու, որ ջանքե՜ր են ի գործ դրւում որպէսզի ամէն գնով կայանայ ՀՀ նախագահի այցը՝ Թուրքիա կամ դիւանագիտական լեզւով ասած՝ «կարգաւորւեն հայ-թրքական յարաբերութիւնները»:
Իսկ ինչպէս ընթերցողը կարող է տեսնել մեր այսօրւայ համարում զետեղւած «Յաւելւած» էջում, այդ յարաբերութիւնները կարգաւորող երկու համաձայնագրերը արդէն իսկ կեանքի են կոչւել ու դրանք կարելի է բնութագրել որպէս «հայ-թրքական սահմանի բացման նախաշեմը...», որի առկայութեամբ էլ ՀՀ նախագահը պայմանաւորել էր իր Թուրքիա այցը:
Եւ այսպէս՝ դրականի, բացասականի մասին խօսելը դեռ վաղաժամ է, յատկապէս որ զոյգ համաձայնագրերի մեղմ ասած՝ վիճայարոյց մի շարք էական ու ճակատագրական դրոյթների մասին դեռ պէտք է լայն եւ երկար ժամանակ պահանջող քննարկումներ լինեն երկու երկրների խորհրդարաններում:
0 Պատգամ:
Post a Comment