Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին


11:26 / 26.11.2009
Նոյեմբերի 25-ին պաշտօնական այցելութեամբ Տոկիոյում գտնւող ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի խօսնակ Տակահիրօ Եոկոմիչիի հետ:
Վերջինս բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական յարաբերութիւնները, յոյս է յայտնել, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Տոկիօ նոր լիցք կը հաղորդի հայ-ճապոնական յարաբերութիւնների զարգացմանը: Ճապոնիայի խրհրդարանի խօսնակի ու Հայաստանի ԱԳ նախարարի զրոյցի ընթացքում շօշափւել են 2 երկրների խորհրդարանների միջեւ համագործակցութեան խթանմանն ուղղւած հարցեր:
Է. Նալբանդեանի յաջորդ հանդիպումը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացուեա Օկադայի հետ էր: Նախարար Օկադան նշել է, որ երկու ամիս առաջ պաշտօնը ստանձնելուց յետոյ Հայաստանի ԱԳ նախարարը կովկասեան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հիւրն է, և դա լաւ առիթ է քննարկելու երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման ուղղութեամբ ձեռնարկւելիք քայլերը: Է. Նալբանդեանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները:
Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպութիւններում փոխգործակցութեան սերտացման, գիտական և կրթական բնագավառներում համագործակցութեան ծաւալման, իրաւապայմանագրային դաշտի ձեւաւորման, մշակութային փոխանակումների ակտիւացման, մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման հետ կապւած հարցեր:
Բանակցութիւններին անդրադարձ է արւել նաև արցախեան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդեանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրել է Միւնխէնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդիւնքները: Նախարար Օկադան նշել է, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ հիմնախնդրի բացառապէս խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին համահունչ կարգաւորմանը: Օկադան նաեւ Ճապոնիայի աջակցութիւնն է յայտնել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերին։ Է. Նալբանդեանի յաջորդ հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ է լինելու։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: