Սերժ Սարգսեանը մտադիր է «մաքրե՞լ»
նախարարների կաբինետը



Այսօր մամուլում լուրեր են տարածւել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մօտ ապագայում մտադիր է «թարմացնել» նախարարների կաբինետը։
Խօսքը մասնաւորապէս 7 նախարարների պաշտօնանկ անելու մասին է, այդ թւում՝ Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանի, Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի և Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Գորիկ Յակոբեանի։
«7օր»-ի թղթակցի հետ զրոյցում, սակայն, նշւած կառոյցների մամուլի ծառայութիւններից հերքել են այդ տեղեկութիւնը։
Մասնաւորապէս Սփիւռքի նախարարութեան մամուլի վարչութեան պետ Թևոս Ներսիսեանն ասել է.
-Կլեաուզա է եղել. այդպիսի խօսակցութիւն ընդհանրապէս չկայ։
Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւական բաժնի պետ Կարինէ Եսայեանն էլ նշել է, որ պաշտօնապէս որևէ տեղեկութիւն չունի։
-Ընդհա՛նրապէս չի համապատասխանում իրականութեանը,- վերոնշեալ տեղեկութիւնները հերքել է նաև ԱԱԾ լրատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արծւին Բաղրամեանը։
ՀՀ ոստիկանութեան լրատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետի տեղակալ Մուշեղ Կրոյեանն էլ «7օր»-ին ասել է, որ ոստիկանապետը պաշտօնանկ չի արւել.
-Ոստիկանապետը տեղում աշխատում է,- հաստատել է նա։
Մի շարք նախարարների պաշտօնանկ անելու մասին տեղեկութիւն չունէին նաև ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնում։ Վարչապետ Տիգրան Սարգսեանի խորհրդական Արամ Անանեանն էլ «7օր»-ին ասել է, որ պաշտօնական որևէ տեղեկութիւն չկայ։
ՀՀ նախագահի մամլոյ խօսնակ Սամւէլ Ֆարմանեանը «7օր»-ին փոխանցել է, որ բացի Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանից, մնացած նախարարների մասով տարածւած լուրերը իրականութեանը չեն համապատասխանում։
Ի դէպ, նշենք, որ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի մամուլի խօսնակ Խաչիկ Գալստեանն արդէն ասել է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը հրաժարական է ներկայացրել ծանրաբեռնւածութեան պատճառով, իսկ ԲՀԿ-ն, որպէս նոր նախարարի թեկնածու, առաջարկել է Աշխատանքի տեսչութեան պետ Արթուր Պետրոսեանին։

7օր

0 Պատգամ: