Հայաստանի նախագահ.–
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը

17:46 / 25.01.2010
Հայաստանի Հանրապետութիւնը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնութեան նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը` ուղղւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը այսօր՝ Յունւարի 25-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հերթական եռակողմ հանդիպմանը՝ նւիրւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից յայտնում են, որ հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:
Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է եւ չորրորդը նման ձեւաչափով` ՌԴ նախագահի մասնակցութեամբ:
Ռուսաստանի նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկոել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ նախագահների հանդիպումը շարունակւել է ոչ պաշտօնական միջավայրում. երեք նախագահները միասին ճաշել են:
Սոչիում նախատեսւած է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովի, Բեռնար Ֆասիէի եւ Ռոբերտ Բրադկէի հետ:
Այսօր ուշ երեկոյեան Նախագահ Սերժ Սարգսեանը կը վերադառնայ Երեւան:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: