Saturday, January 30, 2010

ԶՕՐԱՀԱՆԴԷՍ ԲԱՔՒՈՒՄ...

ԶՕՐԱՀԱՆԴԷՍ ԲԱՔՒՈՒՄ...
Ադրբեջանական բանակում երկու զինծառայողներ չորս սպաների են սպանել եւ անձնասպան եղել

Արմէն Քոլոյեան

Հինգշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի զօրամասերից մէկում տեղի է ունեցել հրազէնի կիրառմամբ ծանր հետեւանքների յանգեցրած միջադէպ։
Երկու զինծառայողներ ինքնաձիգներից կրակ են բացել ծառայակիցների վրայ եւ սպանել չորս սպաների, այդ թւում` դիվիզիայի հրամանատարին, ինչից յետոյ անձնասպան են եղել։ Այդ մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութիւնը:
Տւեալ պահին հետաքննութիւն է իրականացւում, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը խոստացել է առաջիկայ ժամերին լրացուցիչ տեղեկութիւններ յայտնել։
«Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութիւնը նշում է, որ անցեալ տարի Սեյֆելիի հրաձգարանում տեղի էր ունեցել նմանօրինակ միջադէպ. 20-ամեայ շարքային Օրհան Սաֆարովը կրակ էր բացել իր հինգ ծառայակիցների վրայ եւ սպանել նրանցից չորսին: Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտւել։
Ադրբեջանցի զինւորական հարցերով փորձագէտ Ուզեիր Ջաֆարովը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ընդգծել է, որ երբ Սաֆարովը անցեալ տարի չորս սպայ էր սպանել, պաշտպանութեան նախարարութիւնը խոստացել էր մանրամասն տեղեկատւութիւն հրապարակել, սակայն նոյնիսկ դատն էր դռնփակ։
«Կարծում եմ, այս դէպքում էլ նրանք անձնասպան զինւորներին են մեղադրելու։ Մենք պահանջում ենք փոխել բանակի ղեկավարութիւնը, մինչդեռ ղեկավարներին պարգեւատրում են, եւ նրանք այնքան ինքնավստահ են` չնայած նրան, որ այսօրինակ միջադէպերը սովորական երեւոյթ են դարձել։ Ադրբեջանական բանակում անպատժելիութեան մթնոլորտ է», - ասել է փորձագէտ Ջաֆարովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս բարձրագոյն պետական պարգեւ էր շնորհել պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիեւին:
Վերլուծաբանները նշում են, որ յետխորհրդային երկրների զինւած ուժերում յաճախ են տեղի ունենում նման միջադէպեր։ Դրանք բացատրւում են կարգապահութեան բացակայութեամբ, սպայական կազմի կողմից դաստիարակչական աշխատանքը ձախողելու եւ օրէնքները խախտելու հանգամանքով, ինչպէս նաեւ մեծ թւով զօրամասերում տիրող «ոչ կանոնակարգային» յարաբերութիւններով։

0 Պատգամ: