«ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՒԸ ԳՈՀ ՉԷ ՆԱԵՒ ՀՀ ԱԺ-ԻՑ»
Զարմանում է քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Հայաստանին ու Ադրբեջանին երէկ կոչ է արել շուտափոյթ համաձայնեցնել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը միտւած սկզբունքները։ 'Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մէջ գլխաւոր դերը մենք տալիս ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Մենք պատրաստ ենք ամէն տեսակ աջակցութիւն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրչիկի աշխատանքին։ Կարծում ենք, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցութիւնների ձգձգումը կարող է բացասաբար ազդել նրա հետագայ ընթացքի վրայ եւ վերջնականապէս խաթարել կողմերի վստահութիւնը միմեանց նկատմամբ',- ասել է ԵԱՀԿ նախագահը: Սոչիի հանդիպումից յետոյ ԼՂՀ հարցի շուրջ առաջացած աշխուժութիւնն արդեօք արհեստական չէ՞, եւ եւրոպական պաշտօնեաների՝ իրար հետեւած յայտարարութիւնները հարցի շուտափոյթ լուծման անհրաժեշտութեան մասին, արդեօք, ճնշումներ չե՞ն կողմերի վրայ:
Պատասխանելով 'Առաւօտի' այս հարցին՝ քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանն ասաց, որ ԵԱՀԿ նախագահի յայտարարութեան մէջ արտառոց, արհեստական ոչինչ չկայ: Աւելին, մեր զրուցակիցը բնական է համարում, որ ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահութիւնը՝ Ղազախստանը ցանկանում է իր գործունեութեան մէկ տարւայ ընթացքում կարեւոր արդիւնքներ ստանալ, մանաւանդ, որ այդ երկրի նախագահը դեռեւս 1990-ականների սկզբներին է ԼՂՀ հարցում աջակցութեան նախաձեռնութիւններով է հանդէս եկել:
Այն, որ Սոչիի հանդիպումից յետոյ խօսակցութիւններ են պտտւում, թէ կողմերի միջեւ համաձայնութիւն կայ, որ ԼՂՀ-ն պէտք է վերադառնայ բանակցութիւնների սեղանին, իսկ ԵԱՀԿ նախագահը խնդրի կարգաւորման հարցում իբրեւ գլխաւոր դերակատարներ նշում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ մեր զրուցակիցը նկատում է. 'Ֆորմալ տեսանկիւնից, այո, կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են: Եթէ համաձայնութիւն կայ, որ ԼՂՀ-ն պէտք է վերականգնւի իբրեւ կողմ՝ դրական է: Բացասականն այն է, որ նման փաստաթուղթ դեռեւս հրապարակւած չէ: Ընդամէնը խօսակցութիւններ են: Աւելին, ադրբեջանական կողմն էլ հերքեց այդ արտահոսքը':
Մեր զրուցակիցը յիշեցնում է նաեւ, որ մշտապէս, երբ խօսք է գնացել Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, ադրբեջանական կողմը շեշտել է, որ ԼՂՀ-ն պէտք է ներկայանայ երկու համայնքներով՝ ադրբեջանական ու հայկական: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, ըստ լրատւական կայքերի, The Wall Street Journal-ին տւած հարցազրոյցում համոզմունք է յայտնել, որ պաշտօնական Անկարան չի վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները, քանի դեռ չի լուծւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը:
Ալիեւն ասել է, որ ինքն 'առաւել քան գոհ է' այս հարցում Թուրքիայի մօտեցումից, չնայած նախկինում սուր քննադատութեան էր ենթարկում Թուրքիային՝ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսելու համար: 'Առաւօտի' խնդրանքով մեկնաբանելով նաեւ այս յայտարարութիւնը՝ Ստեփան Գրիգորեանը զարմացաւ, որ Ալիեւը գոհունակութիւն չի յայտնել նաեւ ՀՀ ԱԺ-ի քայլերից: 'Այսօր Թուրքիայի եւ ՀՀ ԱԺ-ի քաղաքականութիւնը համընկնում են: Երկուսն էլ ձգձգում են արձանագրութիւնների վաւերացումը՝ փաստօրէն, աշխատելով յօգուտ Ադրբեջանի':
Քաղաքագէտն այնուամենայնիւ պնդում է, որ ներկայումս թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները բաւականին լարւած են, ընդ որում՝ ամենատարբեր մակարդակներում, բայց՝ 'Ալիեւը գոհ է, որովհետեւ արձանագրութիւնների վաւերացումը ձգձգւում է: Թուրքիայի այդ քաղաքականութիւնը հասկանալի է՝ ցանկանում են այդ գործընթացից կորզել մաքսիմալը եւ ոչ միայն ԼՂՀ հարցում, այլեւ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ այլն: Իսկ այդ ձգձգումը բերում է նրան, որ ինքնըստինքեան Ղարաբաղի եւ Հայ-թրքական հարցերը անընդհատ միախառնւում են: Այս առումով Թուրքիայի քայլերն ինձ հասկանալի են, իսկ ՀՀ ԱԺ-ինը՝ ոչ: Միտումնաւոր ձգձգելով արձանագրութիւնների վաւերացումը՝ աջակցում ենք Ադրբեջանին: ՀՀ ԱԺ-ն դուրս է գալիս երկրի եւ Հայ ժողովրդի շահերի դէմ:
Ինչքան վաւերացումը ձգում ենք, այնքան Հայ-թրքական եւ ԼՂՀ հարցերը կապւում են միմեանց, եւ մեծանում է ճնշումների հաւանականութիւնը: Վաւերացնենք արձանագրութիւնները եւ դուրս գանք այս գործընթացից: Հայաստանի վաւերացմամբ՝ ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է Թուրքիայի վրայ: Իսկ դրա մասին մենք չպէտք է մտահոգւենք: Այսօր մենք էլ կարծես սկսում ենք 'խաղեր' տալ':

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ԱՌԱՒՕՏ»

0 Պատգամ: