ԱՂԲԱՐԿՂԵՐԻՑ ՕԳՏՒՈՂ ԻՒՐԻԿ ՊԱՊԻԿԻՑ ՋՐԻ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ

«Մերգելեան» ինստիտուտում եւ «Էլեկտրաշարժիչ» գործարանում աշխատած Իւրիկ Գրիգորեանի բախտը չի բերել այն առումով, որ նա ժամանակին իր աշխատանքով կարողացել է Գրիգոր Լուսաւորիչ փողոցում չորս պատ ունենալ, որի մէջ ջրագիծ կայ...
Իր այդ դարդը պատմելու համար էլ նա եկել էր խմբագրութիւն` Աստծոյ կամքով արդարութիւն գտնելու ակնկալիքով: «Երեւան-ջուրը» դատի է տւել «Աստծոյ ողորմածութեամբ քաղաքի աղբամանների եղածով եօլա գնացող, թոշակազուրկ, նպաստազուրկ» Իւրիկ Գրիգորեանին եւ առանց վերջինիս ներկայութեան ստացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատեանի դատաւոր Ս.Թադէոսեանի կարգադրութիւնը:
Այսինքն` Իւրիկ Գրիգորեանը պէտք է «Երեւան-ջուր» ընկերութեանը վճարի մօտ 87 հազար դրամ: Բայց ինչպէս Իւրիկ պապիկն է ասում` ինքը միայնակ ծէր է, ջուրն օգտագործում է միայն սանհանգոյցի համար, ոչ բան ունի եփելու, ոչ էլ լւացք է անում, ուստի զարմանում է, թէ ինչպէս եղաւ, որ այդքան գումար եկաւ: Բաժանորդի հաշւի քաղւածքից պարզւեց, որ դա 3 տարւայ պարտք է` 2006-2009թթ., ու նա ջրաչափ չունի:
Դա նշանակում է, որ ջրաչափ չունենալու պատճառով Իւրիկ պապիկի վրայ են գրւել նաեւ տարածքի ջրային կորուստների մի մասը, ինչպէս սովորաբար արւում է: Թէ ինչու ջրաչափ չի դրել` մի պատճառը հասկանալի է` փող չունի: բայց միւս պատճառն այն է, որ Իւրիկ պապիկը նաեւ Հայաստանի Հանրապետութեան անձնագիր չունի` «սովետի» կարմիր անձնագրով է դեռ մնացել: «Սեպտեմբերին էր` Տիգրան Փափազեանը ներկայացաւ, 29 հազար դրամի չափով գրութիւն ներկայացրեց ու ասեց` այսքան դուք ջրօգտագործմանը պարտք էք:
Ես ասեցի` ոչ բաղնիք ունեմ, ոչ կալոնկայ, ոչ կուբ, ես լւացք չեմ անում, ես ճաշ չեմ եփում, տուալետից բացի ուրիշ ջուր չեմ օգտագործում: Ինքն էլ խեթ-խեթ նայեց ու գնաց: Յետոյ եկաւ էս թուղթը դատարանից. որոշում են կայացրել, բացարձակապէս իմ երեսը չեն տեսել: Ծանուցագիր չի եղել, միայն սա եմ ստացել ես», - պատմում է Իւրիկ պապիկը: - Ի՞նչու ջրաչափ չէք դրել, - հարցրի: - Գործազուրկ եմ, նպաստազուրկ եմ, թոշակազուրկ եմ: Ես մի կոպէկի եկամուտ չունեմ:
- Բա ինչպէ՞ս էք ապրում: - Դա էլ ասեմ, ներող եղէք, Մեծարգոյ հայուհի, քաղաքամայր Երեւանի աղբարկղերից. իմ այս ճակատագրի համար չեմ փոշմանում, եթէ միլիոն մարդկանց մէջ այդպիսի ճակատագիր է տրւել Տիրոջ կողմից` ես հազարապատիկ խոնարհւում եմ նրան: Հրաշագործ երկնաւոր Հայրը, ում, ցաւալի է, այս խփնւած դեբիլ մարդկութիւնը չի ճանաչում... եւ այս վիճակում` այս միայնակ թոշակառուն մի կոպէկ եկամուտ չունենալով այդ շահամոլ, այդ փողամոլ, այդ փառամոլները ինձնի՞ց են գռփում. չկայ՞ ուրիշ մի մարդ:
Ո՞ւմ կարգադրութեամբ են ինձ ճնշում, կեղեքում: - Իսկ ինչո՞ւ թոշակ եւ նպաստ չէք ստանում: - Ներող եղէք, ես այդտեղ արդէն իրաւունք չունեմ որեւէ մէկին մեղադրելու, ուղղակի պասպորտս խորհրդային է, չեմ փոխել: Տարիներ առաջ այդ հարցով գնացել եմ Աշոտ Բլեյեանի մօտ (մտածելով, որ նա է սոցապ նախարարը), բայց քարտուղարուհին ասաց` նախարարը տեղում չէ:
Նա լսել էր, որ ինչ-որ բարեգործի կողմից կամ կառավարութեան պահուստային ֆոնդից գումար է յատկացւել «Երեւան-ջուր» ընկերութեանը` անապահովներին ջրաչափով ապահովելու համար, թէ երբ եւ ինչ կարգով` նա չյիշեց, բայց խմբագրութիւն էր եկել` «Ժամանակ»-ի համարներից մէկը թեւի տակ դրած, որի մէջ ժպտում էր թերթին հարցազրոյց տւած Սամուէլ Ալեքսանեանը:

Էլմիրա Մարտիրոսեան
«ԺԱՄԱՆԱԿ»

0 Պատգամ: