ԿԱՐԵՒՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է ԵՒ ՍՓՈՓԱՆՔԸ

Վերջին տարիներին ձեւաւորւած աւանդոյթի համաձայն՝ ԼՂՀ անյայտ կորած ազատամարտիկների հարազատների միութիւնը (ԱԿԱՀՄ) Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցութեամբ հանդէս է գալիս տարաբնոյթ նախաձեռնութիւններով. ամանորեայ հանդիսութիւնների կազմակերպում, նւէրների եւ սննդամթերքի բաշխում՝ կազմակերպութեան անդամներին եւ անյայտ կորած ազատամարտիկների երեխաներին եւ այլն։
Բացառութիւն չեղաւ նաեւ 2010-ի Ամանորը։ Ինչպէս միշտ, այս անգամ էլ նւէրների ձեռքբերման հարցում աջակցողներից էին Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, ԼՂՀ ԿԱ հարկային պետական տեսչութիւնը։ Ամանորեայ միւս ծրագրերի իրականացման համար հովանաւորների դերում հանդէս եկան ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը, «Արցախբանկ», «Բեյզ Մեթըլս» եւ «SBS» ընկերութիւնները։ ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորեանի հաւաստմամբ՝ օգնութեան տրամադրումը դեռ շարունակւում է։
Շուրջ 130 հոգի արդէն օգտւել են նշւած ծրագրից։ Անյայտ կորած ազատամարտիկների միութեան վարչութեան անդամները նախատօնական եւ յետ–տոնական օրերին հասցրել են այցելել անկողնային հիւանդներին (60 հոգի) եւ շնորհաւորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ «Մեր կողմից արւածը մեծ բան չէ, ընդամէնը վերաբերմունք եւ ուշադրութիւն։
Ամէնից կարեւորը բարոյական սփոփանքն է, որ նրանք զգում են իրենց հանդէպ»,- ասում է Վ. Գրիգորեանը։ Իսկ ԼՂՀ ԱԿԱՀՄ անդամների համար ամանորեայ ամէնից հաճելի նւէրը հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի կողմից տրամադրւած համակարգիչն էր՝ իր բոլոր աքսեսուարներով։
Կազմակերպութեան նախագահը երախտագիտութեան խօսք ուղղեց երկրի ղեկավարին եւ բոլոր հովանաւորներին, ովքեր մշտական ուշադրութեան կենտրոնում են պահում խեղւած ճակատագրերով անձանց ընտանիքներին։

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

0 Պատգամ: