Իրանում հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարեանը յայտարարութիւններ չի արել



22.01.2010
Ռուզաննա Ստեփանեան

Իրան կատարած այցի եւ դրա շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարութիւններով հանդէս չի եկել: Այդ մասին ուրբաթ օրը յայտարարել է երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանը:
«Ինչպէս յայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի հրաւէրով Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը տիկնոջ հետ Յունւարի 20-21-ին այցելել է Իրան: Այցի օրերին տպագիր եւ էլեկտրոնային մամուլում Tehran Times պարբերականի եւ իրանական այլ ԶԼՄ-ների վրայ կատարած յղումներով յայտնւել են Քոչարեանի հանդիպումների մանրամասները ներկայացնող ոչ հաւաստի տեղեկութիւններ, մասնաւորապէս` ԻԻՀ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի կողմից իբր արւած յայտարարութիւններ», - ասւած է Քոչարեանի գրասենեակի ղեկավարի` «Ազատութիւն» ռադիոկայանին տրամադրած յայտարարութիւնում:
Իրականում, ըստ Վիկտոր Սողոմոնեանի, «ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտօնական բնոյթ է կրել, ինչպէս նաեւ նշւած հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարեանը յայտարարութիւններով հանդէս չի եկել»:
«Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թիւրըմբռնման կամ լրատւամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանութեան արդիւնք է», - յայտարարում է երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավարը:



«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: