ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՒ ՈՒԺԻ ՄԷՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃԻՌ Է
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ոչ այլ ինչ է, եթէ ոչ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ արձանագրութիւնների մէջ ներառւած հարցերի հայկական կողմի իրաւական ըմբռնումը` ՀՀ սահմանադրութեան եւ օրէնքների, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի, հիման վրայ:
Այդ մասին յայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը: «Ես համաձայն եմ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի խոչընդոտում արձանագրութիւնների վաւերացմանը: ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրութիւնների նպատակն ու առարկան (object and purpose), այն է դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն ու սահմանի բացումը, ինչպէս նաեւ դրանցով ստանձնւող պարտաւորութիւնները, չեն հակասում ՀՀ սահմադրութեանը եւ օրէնքներին: Պարզապէս Սահմանադրական դատարանը յստակեցնում է հայկական կողմի դիրքորոշումն արձանագրութիւնների մէջ ներառւած այլ հարցերի նկատմամբ եւ այդ հարցերի նկատմամբ հայկական կողմի ըմբռնումներին տալիս է իրաւական ձեւակերպումներ»,-ասել է Արա Պապեանը:
Ըստ նրա, պարոն Գորդոնին պէտք է յիշեցնել մի քանի հանգամանք: Առաջին. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական եւ ուժի մէջ մտած դատավճիռ է: Երկրորդ. Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպէս ամերիկացիների համար ԱՄՆ-ի սահմանադրական դատարանի որոշումը, անսակարկ ու պարտադիր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիների համար` ներառեալ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի, ինչպէս նաեւ ԱԺ պատգամաւորների:
Երրորդ. Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջական փաստաթուղթ է, որտեղ իրաւական դիրքորոշումն ունի նոյնքան իրաւական ուժ, որքան եզրափակիչ մասը: Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին արձանագրութիւնները ստորագրւել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում: Արձանագրութիւնները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդւարդ Նալբանդեանը եւ Ահմեդ Դաւութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շւէյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայութեամբ:
Շւէյցարիան որպէս միջնորդ է հանդէս գալիս Հայ-թրքական բանակցութիւններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պէտք է հաստատւեն դիւանագիտական յարաբերութիւններ եւ պէտք է բացւի 1993թ. ի վեր փակ Հայ-թրքական սահմանը: Յունւարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրութիւնները Հայաստանի Սահմանադրութեանը համապատասխան ճանաչեց:
ՍԴ որոշման մէջ Արձանագրութիւնների վերաբերեալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանւած կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թրքական արձանագրութիւնները համապատասխանում են ՀՀ Սահմանադրութեանն ու Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրին: ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ:
«Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպէս դրական առաջքայլ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների բնականոնացման արձանագրութիւնները վաւերացնելու գործընթացի առումով: Դատարանի որոշումը թոյլ է տալիս արձանագրութիւններն առաջ մղել դէպի խորհրդարանական վաւերացում եւ չի թւում, որ դատարանի որոշումը որեւէ բանով սահմանափակում կամ պայմանաւորում է դրանք»,-յայտարարել է Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ դատավճիռը հնարաւորութիւն է տալիս ներկայացնել Արձանագրութիւնները խորհրդարան այն տեսքով, որով ստորագրւել են:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը համոզւածութիւն է յայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան կը կատարեն ստանձնած պարտաւորութիւնները` յաւելելով, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին շուտափոյթ կերպով վաւերացնել Արձանագրութիւնները: «Մեր դիրքորոշումն այս հարցում նոյնն է մնում: Մենք կողմ ենք Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, որոնք խաղաղութիւն ու կայունութիւն կը բերեն Կովկաս: Կարեւոր է, որ կողմերը կենտրոնանան այն բանի վրայ, ինչը թոյլ է տալիս առաջ շարժւել»,-ասել է բարձրաստիճան ամերիկացի դիւանագէտը:
«ՊԱՆԱՍՄԷՆԻԱՆ»
0 Պատգամ:
Post a Comment