Saturday, January 23, 2010

Հանդիպումից` հանդիպում

Հանդիպումից` հանդիպում

Եկող երկուշաբթի Սոչիում տեղի կունենայ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նոր եռակողմ հանդիպումը: Սակայն դժւար թէ այդ հանդիպումը յանգեցնի բեկումնային արդիւնքների, որովհետեւ հին ու «բարի» աւանդոյթի համաձայն` Ադրբեջանի նախագահը հանդիպման նախաշէմին աչքի ընկաւ «կառուցողական» յայտարարութիւններով` շարադրելով Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման իր տեսլականը:
Ըստ ալիեւեան կանխադրոյթների` Հայաստանը պէտք է թողնի «օկուպացւած տարածքները», պէտք է Ղարաբաղ վերադառնան ադրբեջանցի փախստականները, ինչից յետոյ «Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները» համատեղ պէտք է որոշեն ԼՂ կարգավիճակը, բայց` անպայման Ադրբեջանի կազմում: Ի՞նչ ասես. երազելը վնասակար չէ: Անգամ նախագահների համար:
Իսկ եթէ լուրջ, ապա Ալիեւի յայտարարութիւններում դարձեալ որեւէ զիջման կամ փոխզիջման ակնարկ անգամ չկայ: Եւ քանի որ բոլորին, նախեւառաջ` Ալիեւին քաջ յայտնի է, որ նման դիրքորոշումը նախապէս անընդունելի է հայկական կողմի համար, բանակցութիւնները Սոչիում լաւագոյն դէպքում կարող են աւարտւել միայն «առաջ ընթանալու» մասին ձեւական յայտարարութիւններով: Այն էլ` բացառապէս Ռուսաստանի նախագահի միջնորդական առաքելութեան նկատմամբ յարգանքից դրդւած:
Առանց Ադրբեջանի դիրքորոշման փոփոխութեան` Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարաւորութիւնը ձգտում է զրօ–ի: Բայցեւ շատ դժւար է այդ դիրքորոշման շուտափոյթ փոփոխութիւններ ակնկալել: Չափազանց երկար ժամանակ է` Ալիեւն իր ժողովրդին պատրանքներով ու հեքիաթներով է կերակրում:
Եւ, ինչպէս գտնում են շատ փորձագէտներ, նման պայմաններում այդ պատրանքները, թերեւս, կարող է ի դերեւ անել միայն Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումը միջազգային հանրութեան կողմից:Ի դէպ, առանց այդ ճանաչման էլ` հայկական կողմն այնքան էլ շատ խնդիրներ չունի: Ներկայիս ստատուս քւօն թէկուզեւ հիմնախնդրի լուծում չէ, բայց յատկապէս Ադրբեջանը պէտք է շահագրգիռ լինի դրա խախտմամբ, ոչ թէ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:
Այլ հարց է, որ, ըստ երեւոյթին, Ալիեւը բոլորովին էլ չի ցանկանում որեւէ պարտաւորութիւն ստանձնել, չէ՞ որ կեանքը կարճ է ու հիասքանչ: Մարդկային առումով կարելի է հասկանալ Իլհամ Հեյդարովիչին: Ուրիշ բան, որ նման մօտեցմանը հազիւ թէ հաւանութիւն տան թուրքական քաղաքականութեան համակարգողները, որովհետեւ Սոչիի հանդիպումից յետոյ թուրքական կողմին եւս հարկ կը լինի կողմնորոշւել:
Անկարան վերջնականապէս կը յուղարկաւորի՞, արդեօք, Հայ-թրքական երկխօսութեան ներկայիս փուլը, թէ՞ կը հրաժարւի իր յայտնի «Ղարաբաղեան» նախապայմանից: Չնայած, եթէ անկեղծ լինենք, թուրքերը բաւականին յիմար տեսք կունենան թէ՛ մէկ, թէ՛ միւս դէպքում: Բայց դրանք արդէն բացառապէս թուրք-ադրբեջանական կողմի խնդիրներն են:


ՌՈՒԲԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ

0 Պատգամ: