Tuesday, January 26, 2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՊԵՐՄԱՐԿԵՏ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՊԵՐՄԱՐԿԵՏ


Արդէն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի մեդիա միջավայրը բաւական հաստատուն "նստած" է թուրքական լրահոսի վրայ:

Հայաստանում շատ քիչ լրատւամիջոցներ են մնացել, որոնք գրում են Հայաստանի, Հայաստանի ներքին խնդիրների, ներքին կեանքի անցուդարձի մասին, որոնց թղթակիցները մամուլի ասուլիսների ընթացքում բանախօսներին չեն խնդրում կարծիք յայտնել այսինչ թուրք քաղաքագէտի կամ թուրքական այսինչ լրատւամիջոցի արտայայտած այսինչ կարծիքի մասին:
Եւ շատ քիչ քաղաքական գործիչներ ու քաղաքագէտներ են մնացել, որոնք մեծագոյն պատրաստակամութեամբ չեն սկսում կարծիք յայտնել թուրքերի կարծիքի մասին, փոխանակ ունենան եւ արտայայտեն սեփական կարծիքը սեփական երկրին յուզող խնդիրների մասին: Հայաստանի մեդիայ միջավայրում ձեւաւորւել է մի հսկայ տարածութիւն, այդ թւում եւ հեռարձակող մեդիայում` հեռուստաընկերութիւնների լրատւական տիրոյթում, որտեղ դոմինանտը թրքական լրահոսն է, որտեղ կամ այդ լրահոսն է արտայայտւում, կամ այդ լրահոսի մասին կարծիքները:
Այդպիսով, Հայաստանի հասարակութիւնը յայտնւել է կարծես թէ մի լրատւական մթնոլորտում, որը ձեւաւորւում է բացարձակապէս Թուրքիայի "ցիկլոնային" ազդեցութեամբ:
Անկասկած է, որ այդ հանգամանքը նկատել եւ արձանագրել են Թուրքիայում: Իսկ դրանից յետոյ արդէն, պարզապէս երեւի թէ հմտութեան ու տեխնիկայի հարց է տւեալ հանգամանքի շնորհիւ Հայաստանի տեղեկատւական միջավայրն անուղղակի կառավարելը:
Պարզապէս պէտք է սեփական դաշտում ձեւաւորել այնպիսի լրատւական արտադրանք, որը որ արդիւնաւէտ է Հայաստանի մեդիայ միջավայրում թուրքական շահից բխող մթնոլորտ ձեւաւորելու համար: Թէեւ, թրքական շահից բխող մթնոլորտ ասւածը յարաբերական է, որովհետեւ, եթէ մի ամբողջ երկրի մեդիայ միջավայրի մի զգալի մաս ապրում, իսկ սպառող հասարակութեանն էլ ապրեցնում է թրքական լրահոս արտատպելով կամ դրա մասին կարծիքներ հաւաքելով, ապա դա արդէն իսկ թրքական շահի արտայայտութիւն է, որովհետեւ արդէն կարեւոր չէ տեղեկատւութեան բովանդակութիւնը: Էականն այն է, որ տեղեկատւական դաշտի ձեւաւորման գրեթէ միակ աղբիւրը դառնում է թրքական տեղեկատւական դաշտը:
Անշուշտ, ասածս չի նշանակում, որ պէտք չէ ուշադրութիւն դարձնել եւ հետեւել թրքական տեղեկատւական հոսքերին: Պէտք է, գուցէ պէտք է դա անել հէնց առաջին հերթին: Բայց այդ ամէնը չպէտք է դարձնել Հայ հասարակութեան, տեղեկատւութեան Հայ սպառողին հրամցւող արտադրանք կամ արտադրանքի հումք: Թրքական տեղեկատւական դաշտին հետեւել պէտք է զուտ մասնագիտական նկատառումներից ելնելով, այդ միջավայրում առկայ տրամադրութիւնները հասկանալու համար:
Կարելի է նոյնիսկ որոշ օրինակներ մատուցել հայաստանցի սպառողին էլ, նոյնիսկ դրանց մասին կարծիք հարցնել հայաստանցի քաղաքագէտից կամ քաղաքական գործչից: Բայց երբ Հայաստանում ձեւաւորւում է Թուրքիայից ներմուծւած տեղեկատւական արտադրանքի "մեծածախ ու մանրածախ" մի հսկայական տեղեկատւական "հիպերմարկետ", դա արդէն կարող է վկայել միայն այն մասին, որ հայաստանեան տեղեկատւական փուչիկը փչւում է թուրքական օդով, քանի որ հայաստանեան տեղեկատւական օդը արդէն նոյնիսկ փուչիկ փչելու չի բաւարարում, իսկ ինչը օդ չէ, չի բաւարարում իշխանական քարոզչութեան տրամաբանութեանը:


ՋԵՅՄՍ ՅԱԿՈԲԵԱՆ
«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: