ՇՆՈՐՀԱՒՈՐ ՏՕՆԴ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


Յունւարի 28-ն արդէն մի քանի տարի նշւում է որպէս Բանակի օր: Այսօր նշում ենք մեր ազգային բանակի 18–րդ տարեդարձը:
Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպէս Հայոց իրողութիւն, իր էութեան մէջ հազարաւոր տարիների հպարտանալու արժանի պատմութիւն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնեան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդէնբուրգեան դարպասների մօտ քոչարի պարած թամանցիներ, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրեայ հերոսները…
Այսօր մե՛ր բանակի տօնն է: Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում հայերս ճիշտ կընկալենք բանակի դերակատարութիւնը և նշանակութիւնը մեր բոլորիս պաշտպանութեան և անվտանգութեան ապահովման գործում և այս տօնը կը նշենք իսկապէս ողջ ժողովրդով, յաւուր պատշաճի:
Հայկական բանակը, չնայած իր ակունքներում ունէր խորհրդային բանակի աւանդոյթները, այնուամենայնիւ ստեղծւեց հախուռն, անհրաժեշտութիւնից ելնելով, ֆիդայական ջոկատների վրայ հիմնւելով, բայց որն ամենակարևորն է, կայացաւ Հայրենիքի սահմանների պաշտպանութեան եւ Արցախի ազատագրման համար մղւող պատերազմական գործողութիւններին զուգընթաց:
Չնայած դժւարին ժամանակներին, մեր բանակի շինարարներին յաջողւեց անել այն, ինչը չստացւեց հետխորհրդային երկրներից եւ ոչ մէկի մօտ, թերեւս, միգուցէ բացառութեամբ Ռուսաստանի: Նորանկախ Հայաստանի պատմութեան ընթացքում հայկական զինւած ուժերը կարողացան ոչ միայն արդիւնաւէտ դիմակայել արտաքին թշնամուն, այլև մեր տարածաշրջանում հաստատւած յարաբերական կայունութեան ապահովման գործում դարձան ամենակարևոր գործօններից մէկը:
Հաճելի է արձանագրել, որ օտար փորձագէտների գնահատմամբ եւս Հայաստանի զինւած ուժերն են մեր պայթիւնավտանգ տարածաշրջանում կայնութեան ապահովման հիմնական երաշխիքներից մէկը: Ասւածն, իհարկէ, չի նշանակում, թէ մեր բանակի ձեռք բերումները հնարաւորութիւն են տալիս մեզ «քնել դափնիների» վրայ և անուշադրութեան մատնել բանակի ամրապնդման հետագայ ընթացքը:
Ընդհակառակը, մենք չպէտք է կանգ առնենք ունեցածի վրայ և ջանք ու եռանդ չպէտք է խնայենք մեր բանակը մարտունակ, սպառազինութեան ժամանակակից տեսակներով զինւած, այդ զինատեսակներին տիրապետող, քաղաքականապէս գրագէտ և բարձր կամային որակներով օժտւած զինւորներով համալրւած կառոյց դարձնելու համար:
Մասնաւորապէս, այսօր մեր բանակի մարտունակութիւնը բարձր պահելու համար առաջին հերթին պէտք է բարելաւել բանակում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Սա առաջին հերթին ոչ միայն բանակային ղեկավարութեան, այլ բոլորիս, և անշուշտ պետութեան հոգածութեան առարկան է:
Բանակը պէտք է համալրւի առնւազնֆիզիկապէս և հոգեպէս առողջ երիտասարդներով: Իր հերթին, բանակի բարձրագոյն ղեկավարութիւնը պէտք է հոգ տանի, որպէսզի զինւած ուժերում որպէս սպայ ծառայութիւն անցնողներն ունենան անհրաժեշտ մասնագիտական պատրաստւածութիւն և բարոյա-կամային բարձր յատկանիշներ: Միւս խնդիրն առնչւում է զինծառայողների սոցիալական հիմնախնդիրների հետ և անմիջականօրէն ազդում է հայրենիքին յաւուր պատշաճի ծառայելու շահադրդման վրայ:
Բնականաբար ցանկալի կը լիներ, որպէսզի մեր բանակային հայրենակիցների առօրեայ բոլոր հոգսերն իրենց լուծումը ստանային պետութեան և հասարակութեան աջակցութեամբ, ինչը կը բերեր այն բանին, որ հայ զինւորը բացառապէս կը կենտրոնանայ իր մասնագիտական պարտականութիւնները առաւելագոյնս արդիւնաւէտ իրականացնելուն: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է իր ուժերի ներածի չափով ամէն ինչ անի բանակաշինութեան գործին օժանդակելու համար, և մէկընդմիշտ յիշի, որ բանակը ոչ թէ գեներալներին է, կամ սպայակազմի որևէ հատւածինը, այլ ամէնքինս և կոչւած է ծառայելու յանուն բոլորիս անվտանգութեան և պաշտպանութեան:
Ինչևէ, Հայոց բանակի մարտիկին, շնորհաւորելով տօնի կապակցութեամբ, մաղթում ենք, որպէսզի նրա մասնագիտական հմտութիւններն ու կարողութիւնները ցուցադրելու իրական առիթ երբևէ չծագի։

0 Պատգամ: