Սերժ Սարգսեան.–
«Որեւէ սադրանքի հեղինակ հաստատապէս պէտք է լուրջ հակահարւածներ սպասի Հայկական բանակից»

«Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ»
28.01.2010
Յովհաննէս Շողիկեան

Նորանկախ Հայաստանի Զինւած ուժերի կազմաւորման 18-րդ տարեդարձի օրը նախագահ Սերժ Սարգսեանը իր տօնական ուղերձում նշել է, թէ «որեւէ սադրանքի հեղինակ հաստատապէս պէտք է լուրջ հակահարւածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի Հայկական բանակից. չհասկանալ սա` առնւազն միամտութիւն է»։
«Այսօր Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ», - ասւած է Սերժ Սարգսեանի ուղերձում։
Առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, այցելեցին Եռաբլուր պանթէոն եւ յարգանքի տուրք մատուցեցին իրենց կեանքը հայրենիքի ազատութեան համար զոհաբերած հայորդիների յիշատակին։
«Սա համազգային տօն է, եւ իւրաքանչիւրս հպարտութեամբ ենք գալիս Եռաբլուր, որովհետեւ մենք ունենք յաղթանակած բանակ», - լրագրողներին Եռաբլուրում ասաց վարչապետ Տիգրան Սարգսեանը: - «Մենք ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի ունենանք ուժեղ բանակ, որը յուսալի երաշխաւորն է մեր պետութեան անվտանգութեան, գոյատեւման, հայ ժողովրդի անվտանգութեան եւ գոյատեւման»:
Իշխանութեան ներկայացուցիչներից մի քանի ժամ անց Եռաբլուր այցելեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսի (ՀԱԿ) ներկայացուցիչները: ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց Տէր-Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեանը, մրսածութեան պատճառով Եռաբլուր չէր այցելել:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց, որ բանակը, թերեւս, այն սակաւաթիւ կառոյցներից է, որը ընդդիմութիւնը չի քննադատում:
«Բանակը մեր յաղթանակների եւ ապագայ անվտանգութեան երաշխաւորն է եղել եւ կայ», - ասաց նա: - «Մեր քննադատութիւնը ուղղւած է ոչ թէ բանակին, այլ այս իշխանութիւններին, որոնք ամէն ինչ արեցին բանակը փչացնելու, բանակը ներքին քաղաքական նպատակներով օգտագործելու [համար]... Բանակը պիտի լինի սրբութիւն, բանակը չպիտի ծառայեցւի, ոչ միայն բանակը՝ ընդհանրապէս պետական ինստիտուտները չպիտի ծառայեցւեն ինչ-որ մարդկանց սեփական շահերին: Եւ մենք ամէն ինչ անելու ենք, որ դա լինի»:
«Բանակին քննադատել իմ համար՝ ոնց որ հօրս քննադատեմ», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց «Հանրապետութիւն» կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեանը: - «Ու ես երբէք չեմ արել: Դա չի նշանակում, որ բանակում տեղ գտած թերութիւնները չպէտք է տեսնել ու վերացնել»:
Ըստ Հայաստանի ժողովրդական կուսակցութեան ղեկավար Ստեփան Դեմիրճեանի, բանակը «Հայաստանի երրորդ հանրապետութեան ամենակայացած կառոյցներից մէկն է՝ եթէ ոչ ամենակայացածը»:
Հայկական բանակի կազմաւորման 18-րդ տարեդարձի կապակցութեամբ պաշտպանութեան նախարարութեան վարչական շէնքում չորեքշաբթի օրը կայացել է հանդիսաւոր նիստ, որի ընթացքում յանձնւել են պետական եւ գերատեսչական պարգեւներ:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը։
«Պատերազմի բերած արեան ու արցունք­ների մէջ, կրակների մէջ ծնւեց Հայկական բանակը, որ շարունակում է զարգանալ ու հզօրանալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաք–գլուխ արկածախնդրութեան դէմ», - ասւած է տօնի կապակցութեամբ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձում։ - «Առանց մարտունակ զինւած ուժերի այսօր մեր տարածաշրջանում չի կարող լինել հաւասարակշռութիւն, ուրեմն եւ՝ խաղաղութիւն ու կայունութիւն։ Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակւում միայն երկրի սահմանների պաշտպանութեամբ։ Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղութիւններով, որոնք լուծւում են յաջողութեամբ»։




0 Պատգամ: