ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՒԻ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՆԱԽԿԻՆ ԾՐԱԳԻՐԸ



Երեւանի եւ Բաքւի միջեւ բարձր մակարդակով յարաբերութիւնների ակտիւացումը թւում է, որ պէտք է վկայի լուրջ առաջխաղացման մասին Ղարաբաղեան խնդրի լուծման փոխզիջումներ փնտրելու հարցում:
Սակայն, եթէ դատել այն տեղեկատւութիւններից, որոնք ստացել է «Նորութիւնների Ժամանակը» (Վրեմյա Նովոստեյ) Հայ-ադրբեջանական բանակցութիւններին մօտիկ աղբիւրներից, իրավիճակը այնքան էլ լաւատեսական չէ: Բանակցութիւնների սեղանին դրւած է նոյն ծրագիրը, որը առաջարկւել է կողմերին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից: Ներկայիս օրակարգի հարցերը կապւած են այն բանի հետ, թէ ինչպէս համատեղել Բաքւի պահանջները դուրս բերել հայկական ռազմական ուժերը Ղարաբաղի տարածքի ադրբեջանական շրջաններից, Հայաստանի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար հանրաքւէ անցկացնելու ձգտումների հետ», - գրում է Արկադի Դուբնովը իր «Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը Սոչիում կը քննարկեն Ղարաբաղի հարցը» յօդւածում:
Լրագրողի կարծիքով, ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի անցկացնելու որոշումը ամենայն հաւանականութեամբ համաձայնեցւել է բոլոր կողմերի հետ: «Գործընթացի նմանատիպ արագացումը կարող է բացատրւել բանակցային գործընթացի մասնակիցների ցանկութեամբ շաղկապել Ղարաբաղեան հակամարտութեան հարցի լուծումը Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւման հետ: Դրա վկայութիւնը դարձաւ Արձանագրութիւնների ստորագրումը», - գրում է հեղինակը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը սկսւեց 1988 թւականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչութեան 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրէսիա ծաւալեց խաղաղ բնակչութեան դէմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդիւնքում հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: ԼՂՀ պաշտպանութեան բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգութեան գօտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում:
1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնութիւն ձեռք բերւեց (Բիշկեկեան արձանագրութիւն): Ներկայումս հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ միջազգային համաժողով հրաւիրելու մասին որոշումն ընդունւեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ:
Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մէջ ներգրաււած երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շւէդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինւած հակամարտութեան կարգաւորման Մինսկի շփման խումբը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը Ղարաբաղեան հակամարտութեան լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտութեան կարգաւորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտւած գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրոյթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդութեամբ պայմանաւորւեցին հրադադարի մասին ոչ պաշտօնական համաձայնութիւն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտութեան պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղւում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ): «Մադրիդեան սկզբունքներն» ընդունւել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդեան սկզբունքների մանրամասները հրապարակւած չեն:
Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին արձանագրութիւնները ստորագրւել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում: Արձանագրութիւնները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդւարդ Նալբանդեանը եւ Ահմեդ Դաւութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շւէյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայութեամբ: Շւէյցարիան որպէս միջնորդ է հանդէս գալիս Հայ-թրքական բանակցութիւններում 2007թ. ի վեր:
Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պէտք է հաստատւեն դիւանագիտական յարաբերութիւններ եւ պէտք է բացւի 1993թ. ի վեր փակ Հայ-թրքական սահմանը: Յունւարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրութիւնները Հայաստանի Սահմանադրութեանը համապատասխան ճանաչեց:
ՍԴ որոշման մէջ Արձանագրութիւնների վերաբերեալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանւած կանոնին: ՍԴ վճիռը յայտնում է. Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ Արձանագրութիւնները համապատասխանում են ՀՀ Սահմանադրութեանն ու Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրին:



«ՊԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

0 Պատգամ: