Սարգսեանն ու Ալիեւը բանակցութիւններ են վարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ


20:36 / 25.01.2010
Սոչիում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռոբերտ Բրադկէի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիէի (Ֆրանսիա) եւ Եուրի Մերզլեակովի (ՌԴ) հետ: Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:
Ինչպէս հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպումը բացել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովը: Նա շնորհակալութիւն է յայտնել նախագահներ Սարգսեանին եւ Ալիեւին կառուցողական երկխօսութեան համար, որ ընթացել է Սոչիում, եւ նշել, որ այսօրւայ հանդիպումը նոյնպես միտւած կը լինի կողմերի դիրքորոշումների մօտեցմանը:
Յիշեցնենք, որ այսօր (երկուշաբթի) Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցութիւնները: Ինչպէս բանակցութիւններից յետոյ յայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը, կողմերին յաջողւել է համաձայնեցնել Մադրիդեան փաստաթղթի պրեամբուլան:
Աւելի ուշ բանակցութիւններին մօտ աղբիւրը յայտնել էր, որ փաստաթղթի մանրամասութեան մէջ ամրագրւել է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, նաեւ Լեռնային Ղարաբաղի պարտադիր մասնակցութիւնը հետագայ բանակցութիւններում:
Յատկանշական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն մասնակցել բանակցութիւններին: Ինչպէս NEWS.am_ին յայտնել էր համանախագահներից մէկը, եռկաողմ բանակցութիւններն ընթացել են ՌԴ նախագահի նախաձեռնութեամբ եւ ՄԽ շրջանակներում գործընթացի պաշտօնական մաս չեն:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: